կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 15:44
Մշակույթ

Հայերի մասին ընկալումը թուրքական քաղաքականության կողմից 1946-1980 թթ․

Հայերի մասին ընկալումը թուրքական քաղաքականության կողմից 1946-1980 թթ․

ԹՈՒՐՔԱՅ ՍԱԼԻՄ ՆԵՖԵՍ

Հանրապետության շրջանում Թուրքիայի քաղաքականության մեջ հայերը ոչ մուսուլման փոքրամասնությունների վերաբերյալ բացասական տոնայնությամբ ելույթների մի զգալի մասն էին կազմում: Այս ընթացքում այնպիսի ներպետական և արտերկրային ծագման բազմաթիվ դեպքեր, ինչպիսիք էին ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունը, Ցեղասպանության մասին քննարկումները, Դինքի սպանությունը, ձևավորեցին դինամիկա:

Այս հոդվածի հիմքում ընկած երկու ուսումնասիրությունները վերլուծում են 1946-1980 թթ․ միջև ընկած ժամանակահատվածում խորհրդարանի երդիքի ներքո քաղաքական կուսակցությունների խոսնակների կողմից հայ բառով գործածված բոլոր ելույթները: Ուսումնասիրությունների շնորհիվ կատարված բացահայտումները երկու կարևոր կետ են մատնանշել հայերի մասին բացասական քաղաքական զգացումների վերաբերյալ.

(1) Անվտանգության սպառնալիքների հետ կապված քննարկումներում աճում է քաղաքական կուսակցությունների կողմից հայերի մասին բացասական արտահայտությունների հարաբերակցությունը։

(2) Այս ելույթներում պատգամավորները հիմնականում հայերին պիտակավորում են որպես արտաքին թշնամական խումբ: Սույն հոդվածը համառոտ տեսական շրջանակ գծելուց հետո անդրադառնում է հոդվածի հիմքում ընկած մեթոդին, և այնուհետև վերլուծվում են ի մի բերված տվյալները:

Տեսական շրջանակն ու մեթոդը

Փոքրամասնությունների վերաբերյալ բացասական ընկալումը և նախապաշարմունքները բացահայտող կարևոր սոցիոլոգիական մոտեցումներից մեկը սոցիալական դիրքորոշման տեսությունն է: Ըստ այս մոտեցման՝  մեծամասնություն կազմող խմբի անդամները զանազան արտոնությունները համարում են իրենց իրավունքը և երբ այլ համայնքներից սպառնալիք են զգում, դիմում են խտրական լեզվի: Այսինքն խտրականության հիմնական պատճառը մարդկանց սոցիալական դիրքորոշումների պաշտպանության պահանջն է: Սոցիալական դիրքորոշման տեսության վրա հիմնված ուսումնասիրությունները փոքրամասնությունների անդամների թվի և տեսանելիության աճը և վատթարացող տնտեսական պայմանները սահմանում են որպես փոքրամասնությունների հանդեպ թշնամանքի ավելացման պայմաններ: Սոցիալական դիրքորոշման տեսությունը, այս գործոնների վրա հիմնվելով, կարող է բացատրել Թուրքիայում փախստականների դեմ առօրյա կիրառվող արտահայտությունները: Մյուս կողմից էլ սոցիալական դիրքորոշման տեսությունը ընդգծում է պատմական և մշակութային գործոնները: Օրինակ, Քուիլիանը պնդում է, որ 1950-ականների և 1960-ականների Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների պաշտպանության շարժումները ազդեցություն ունեցան այն ընկալման վրա, թե ինչպես էին աֆրիկական ծագմամբ ամերիկացիներին ընկալում Ամերիկայում:

Որպեսզի հնարավոր լինի Թուրքիայում հայկական ընկալումը պարզաբանել սոցիալական դիրքորոշման մասին տեսությամբ, անհրաժեշտ է դիտարկել սպառնալիքի ընկալումը: Թուրքիայում որպես պատմական սպառնալիք ճանաչված հիմնային հասկացություն է Սևրի սինդրոմը. ենթադրությունն արտաքին կենտրոնների կողմից Թուրքիայի Հանրապետության խարխլման համար տարբեր խմբերի ստեղծման մասին: Այս սինդրոմը Օսմանյան կայսրության անկման շրջանում մղված պատերազմների և հողային կորուստների հարուցած տրավմայի արտահայտումն է: Համապատասխանաբար, այս հոդվածի համար հիմք հանդիսացած երկու ուսումնասիրություններում հաշվի է առնվում Սևրի սինդրոմի՝ հայկական ընկալման վվրա թողած ազդեցությանը:

Խորհրդարանի տարբեր ժամանակահատվածները ըմբռնելու համար երկու ուսումնասիրություներն էլ հետևել են նույն մեթոդին: Որպես հիմնական մեթոդ ես և մի հետազոտող ասիստենտ ձեռնարկում ենք այս ժամանակահատվածներում խորհրդարանի արձանագրություններում հայ բառը գործածած բոլոր ելույթներից տվյալների հավաքածուի պատրաստումը: Բոլոր ելույթները դասակարգվել են երեք հիմնական ոլորտների շրջանակում․

ա. Ելույթում հայ բառի բացասական կիրառումը կամ չկիրառումը,

բ. պատգամավորի քաղաքական կուսակցությունը,

գ. ինչ թեմայով ելույթ ունենալը, հատկապես սպառնալիքի ընկալման հետ համապատասխան լինելը:

Այնուհետև երկու ուսումնասիրողները առանձին առանձին կոդավորել և համեմատել են խորհրդարանի քաղաքական կուսակցության ելույթները՝ այս կատեգորիաներին համապատասխան: Հարաբերականորեն որպես օբյեկտիվ են գնահատվել ուսումնասիրության բացահայտումները, քանզի բոլոր փոփոխականներում 80 տոկոս մակարդակում մեր արած կոդավորումը նույն է: Մինչ օրս թեմայի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները հիմնված էին հետազոտողի սուբյեկտիվ հայացքների վերլուծության վրա: Սույն հոդվածում արծարծվող աշխատությունները, մեթոդոլոգիական առումով 2 ուսումնասիրողի կողմից ընդունված վերլուծությունների վրա հիմնված առաջին նմուշները լինելով, նպաստում են այս թեմայի վերաբերյալ գիտական պաշարի մեծացմանը։

Հայերի մասին ընկալումը խորհրդարանական ելույթներում 1940-1960 թթ.

Մայիսի 27-ի ռազմական հեղաշրջմանը վերջ դրած շրջանը համընկնում է բազմակուսակցական շրջանի սկզբնավորման տարիներին: Համապատասխանաբար սա մի շրջան է, երբ  կարող ենք առաջին անգամ դիտարկել ժամանակակից Թուրքիայի խորհրդարանում հայերի վերաբերյալ ընկալումները միմյանց մրցակից քաղաքական կուսակցությունների ելույթներում: Ինչպես նաև, դիտարկում ենք այս շրջանում ոչ մուսուլման համայնքների նկատմամբ 1955 թ․ սեպտեմբեր 6-7-ի պոգրոմների նման կարևոր իրադարձությունները և քաղաքական իսլամի վրա թուրքական ազգայնականության աճող ազդեցությունը:

Հայ բառը հանդիպում է խորհրդարանում պատգամավորների կողմից անվտանգության սպառնալիքների, կրթության, մշակույթի, ընթացիկ քաղաքական զարգացումների, առողջապահության համակարգի, հանցագործության և արդարադատության համակարգի վերաբերյալ ներկայացված ընդհանուր 55 ելույթում: Ելույթներից 21-ում պատգամավորները հայերի մասին արտահայտում են բացասական տեսակետներ: Ըստ աղյուսակ 1-ում ցուցադրվածի՝ բացասական ընկալումը ավելի շատ է ի հայտ գալիս ազգային անվտանգությանը վերաբերող քաղաքական ելույթներում: Պատգամավորները Ազատագրական պատերազմի (նկատի ունի քեմալական շարժումը-Ակունքի խմբ), 19-րդ դարում հայկական դեպքերի և տվյալ ժամանակաշրջանում ի հայտ եկած կոմունիզմի սպառնալիքի մասին խոսելիս հայերին նկարագրում են որպես թշնամի: Օրինակ, ՀԺԿ-ի պատգամավոր Քասիմ Էները Ազգային ազատագրական պատերազմի տարիներին Ադանայի մասին այս պնդումն է անում. «1920 թ․ ֆրանսիացիների տիրապետության տակ անցած Ադանայում ֆրանսիացիները, հայերի հետ համագործակցելով, մեծ հալածանքներ և սարսափելի բաներ էին անում, այն ժամանակ Թուրքիայում թնդում էր Աթաթուրքի անունը, իսկ մեր ճակատում էլ՝ Սինան փաշայի»: Ազգային անվտանգության թեմայով 13 քննարկումներից 12-ում հայերի հանդեպ բացասական ընկալումը, այս թեմայով բացասական ընկալման քանակական հարաբերակցությունը տեղադրված է ներքևում.

Քննարկման թեմա Բացասական ընկալմամբ ելույթների թիվը Ելույթների թիվը՝ ընդհանուր
Ազգային անվտանգություն 12 13
Մշակույթ 4 8
Արդարադատություն 3 4
Առողջապահություն 1 2
Ընթացիկ քաղաքականություն 1 15
Կրթություն 0 7
Տնտեսություն 0 6
Ընդհանուր 21 55

Աղյուսակ 1. Հայերի մասին բացասական ընկալման բանավեճի թեմաների բաշխումը (1946-1960):

Կարճ ասած, արդյունքները մատնանշում են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ պառլամենտի ելույթների և հայերի վերաբերյալ բացասական ընկալման հետ կապը: Առաջինը, պատգամավորները հայ համայնքին միայն անվտանգությանը վերաբերող բանավեճերում են որպես թշնամի ճանաչում: Այլ թեմաներում համայնքի եզակի անդամների երբեմն գովում են, երբեմն՝ քննադատում: Երկրորդ, Ազատագրական պատերազմի ժամանակ հայերի դեմ երկարատև պայքար մղած Սեյհանի շրջանի պատգամավորները, այս ժամանակաշրջանը վկայակոչելով, պնդում են, որ հայերը թշնամի են։ Ի վերջո, քաղաքական կուսակցության պատկանելիությունը հայերի ընկալման հարցում որևէ տարբերություն չի առաջացնում։ Սա ընդգծում է, որ ընկալվող անվտանգության սպառնալիքները քաղաքական կուսակցության անդամակցությունից ավելի կարևոր գործոն են:

Հայերի մասին ընկալումը խորհրդարանական ելույթներում 1960-1980 թթ.

Որպես երկրորդ հանրապետություն հիշատակվող այս շրջանում Թուրքիան տեսավ երեք ռազմական հեղաշրջում և երկու տապալված հեղաշրջման փորձ: 1960 թ․ մայիսի 27-ի հեղաշրջումից մեկ տարի անց նոր սահմանադրություն հրապարակվեց, և ձևավորվեց երկպալատ խորհրդարան: Այս շրջանում հայերի մասին ընկալումները ձևավորած իրադարձությունների մեջ կարող են հաշվի առնվել Ցեղասպանության վերաբերյալ քննարկումները միջազգային հարթակում, Ուրուգվայի կողմից 1965 առաջին անգամ Ցեղասպանության ճանաչմամբ այդ հարցի ավելի տեսանելի դառնալը և թուրք դիվանագետներին ու նրանց ընտանիքներին թիրախավորած ԱՍԱԼԱ-ի ահաբեկչական հարձակումները: Հավելումն դրա, Կիպրոսում հույների և թուրքերի միջև բախումն ավարտվեց 1974 թ․ ռազմական միջամտությամբ, որը բացասաբար ազդեց ոչ մուսուլման քաղաքացիների վերաբերյալ ընկալման վրա: Այդկերպ երկրի ներսում շիկացավ ձախ և աջ խմբերի միջև լարվածության մթնոլորտը:

Խորհրդարանում 1960-1980 թթ. ընթացքում ներկայացված ելույթների մեջ գտնվել է 164 ելույթ, որտեղ հանդիպում է հայ բառը: Ըստ աղյուսակ 2-ում պատկերվածի, այս ելույթների 70 տոկոսում (116 ելույթ) պատգամավորներն անում են բացասական մեկնաբանություններ: Բացասական նկարագրություններ ներառող ելույթների մեծամասնությունը, անվտանգության և արտաքին հարաբերություններին առնչվելով, վերաբերում է տնտեսության, մշակույթի և քաղաքականության հետ առնչվող թեմաների: Օրինակ ՀԺԿ-ի պատգամավոր Մահմուդ Էքսին զգուշացնում է․ «Բարեկամ թե թշնամի՝ բոլորն են տեղյակ արտերկրում հայկական կազմակերպությունների հետ հույների՝ մեր ազգի դեմ արածները, նրանց անարդար և ստոր քարոզչությունը»:

Իսկ արդարություն կուսակցության պատգամավոր Յուսուֆ Զիյա Այրըմը խոսում է հողի պահանջի մասին. «40 տարի գերությունից հետո, ուս ուսի տված, որպես մուսուլման եղբայրներ Կարսում թափահարեցինք լուսնաստղի դրոշը. սակայն սկսել ենք նկատել, որ որոշ սերմեր կրկին սկսել են փթթել: Այս սերմերին մեծ նյութական ռեսուրսներով ապահովող որոշ հաստատություններ ջանքեր են գործադրում մասնատելու մեր գեղեցիկ հայրենիքը, մինչև իսկ հայերը հանդես են եկել հողային պահանջով»: Ազգային անվտանգությանը նվիրված ելույթում արված կոչերի մեջ հայերի մասին բացասական ընկալումների մեկ այլ օրինակ կա ԱՓԿ-ի պատգամավոր Քորքութ Օզալի ելույթում. «Այսօր նկատելի են որոշ ազդեցություններ, որոնք կավերեն սոցիալական թուրքական հասարակությունը, որը դարեր շարունակ ապրել է հայերի հետ միասին․ նույն ջուրն են խմել, նույն արյունն են կրում: Այդ հասարակությունը դարեր շարունակ ապրել է միմյանց հետ, նույնպես հայերն են այստեղ ապրել միահյուսված, իմաստուն խաղաղության մեջ…»:

Քննարկման թեմա Բացասական ընկալմամբ ելույթների թիվը Ելույթների թիվը՝ ընդհանուր
Ազգային անվտանգություն 65 70
Արտաքին կապեր 40 50
Տնտեսություն 4 12
Մշակույթ 4 12
Կրթություն 0 10
Ընթացիկ քաղաքականություն 3 9
Առողջապահություն 0 1
Ընդհանուր 116 164

Աղյուսակ 1. Հայերի մասին բացասական ընկալման բանավեճի թեմաների բաշխումը (1960-1980):

Այս ուսումնասիրությունը բացահայտում է կապը 1960-1980 թվականներին ընկալվող անվտանգության և դիվանագիտական սպառնալիքների և խորհրդարանական ելույթներում հայերի բացասական պատկերի միջև: Պաշտոնական ստատուս-քվոյին սպառնացող վտանգները, ինչպիսիք են Սևրի համախտանիշը, ԱՍԱԼԱ-ն և կոմունիզմը, պարարտ հող են ստեղծում հայերի մասին բացասական տեսակետների արտահայտման համար: Արդյունքները հաստատում են սոցիալական դիրքորոշման տեսության հիմնական պնդումը խտրականության վերաբերյալ, որը մարդկանց ցանկությունն է պահպանել իրենց սոցիալական դիրքորոշումը և քաղաքական կարգավիճակը:

Վերջաբանի փոխարեն

Ուսումնասիրությունները, որոնց վրա հիմնված է այս հոդվածը, քննարկում են հայերի նկատմամբ սպառնալիքի ընկալման և բացասական տեսակետի միջև ամուր կապը՝ ուսումնասիրելով բազմակուսակցական համակարգին անցնելուց հետո Թուրքիայի Հանրապետության պատմության երկու շրջանները։ Հետազոտության արդյունքը ցույց է տալիս, որ սպառնալիքի ընկալման և ոչ մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի միջև կապը պետք է խախտվի՝ որպես հավասար քաղաքացիության պահանջ։ Թուրքիայում անհրաժեշտ է ոչ խտրական տեսակետ, որը փոքրամասնություններին կդիտի որպես հասարակության հավասար մաս, այլ ոչ թե որպես ներքին կամ արտաքին սպառնալիքների պոտենցիալ համագործակցողներ:

Հայտնի կատակերգական սերիալում Ռոբեր Հաթեմոյի վերաբերյալ արված կատակը և դրա հետևանքները դրա հետաքրքիր օրինակներից են։ 2015-ին հայտնի «Եղբոր բաժինը» հեռուստասերիալի մի դրվագում հերոսներից մեկը, որպես կատակերգական տարր,  կնոջ մոտ, ում վրա նա փորձում էր տպավորություն գործել, պարծենում էր, որ միշտ օտար երաժշտություն է լսում և որ իր սիրելի արտասահմանցի արտիստը Ռոբեր Հաթեմոն է: Հաթեմոն արձագանքել էր այս դրվագին՝ փորձելով ապացուցել, որ օտար չէ, ներկայացնելով իր պապի ինքնությունը։ Այս բուռն արձագանքը կարելի է նշել որպես հավասար քաղաքացիության բացակայությունը մատնանշող դեպք, քանի որ Հաթեմոն հավանաբար պարզապես կծիծաղեր այս դրվագի վրա, եթե չլիներ Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնության անդամ:

https://www.avlaremoz.com/2021/11/03/1946-1980-yillariarasindaturkiyesiyasetindeermenialgisi