կարևոր
1627 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-07 16:34
Քաղաքական

Ովքեր են այսօր Արցախի ժողովրդի իրավունքների հարցը բարձրաձայնում եւ ինչպիսինն է հարցի միջազգային ընկալումը

Ովքեր են այսօր Արցախի ժողովրդի իրավունքների հարցը բարձրաձայնում եւ ինչպիսինն է հարցի միջազգային ընկալումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վերջերս Ավստրալիայում էր, Ավստրալիայի Հայ դատի հրավերով նա մասնակցել է Ցեղասպանության 110-ամյակի միջոցառումներին, սակայն առիթ է ունեցել տարբեր հանդիպումներում ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչման հարցը։

«Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Ավստրալիա կատարած այցի եւ Արցախի հարցի միջազգային ընկալման շուրջ։

«Ավստրալիայի հայկական համայնքի եւ մասնավորապես Հայ Դատի հանձնախմբի հրավերով իրականացված այցի շրջանակներում հնարավորություն եղավ հանդիպելու հայկական համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելելու հայկական դպրոցներ, Հայ Առաքելական եկեղեցու Ավտրալիայի առաջնորդարան եւ հանդիպումներ ունենալու Ավստրալիայի քաղաքական դաշտի,  գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։  

Իհարկե, Ավստրալիայում՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, դաշնային խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում այս անգամ չունեցանք, բայց ամենամեծ  նահանգի խորհրդարանականների հետ կարողացանք մտքեր փոխանակել։

Քննարկումներ են ծավալվել Արցախի տեղահանությունից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքների մասով եւ դրա հետեւանքով խնդիրները կարգավորելու, հասցեագրելու համար միջազգային աջակցության խիստ հրատապության շուրջ, որը հնարավորություն կտա արցախցիներին մնալ եւ շարունակել արարել Հայաստանում եւ դրանով իսկ պահպանել հավաքական ինքնությունը եւ Արցախ վերադարձի իրավունքը։

Ինչպես այլ պետությունների կամ այլ միջազգային կազմակերպությունների դեպքում,  այստեղ եւս Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ընկալում կա եւ աշխատելու հենց տեղ ունենք այս հարցում։ Պետք է նշեմ, որ այս ընթացքում չի եղել որեւէ միջազգային հանդիպում  կամ  առանձին պետության, կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց կողմից չի վերահաստատվել իրենց պատրաստակամությունը աջակցելու, սատարելու արցախցիների վերադարձի իրավունքին։

Հետեւաբար, ինչպես օրինակ, Շվեյցարիայի դեպքում, Խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունվեց բանաձեւ, սա պետք է նաեւ այլ պետությունների պարագայում կարողանանք կյանքի կոչել  ու ձեւավորել այդ անհրաժեշտ քաղաքական իրավական փաստաթղթերի բազան, որոնք որ, ի վերջո, հիմք պետք է լինեն մեր արդարացի պահանջատիրության համար։

Ակնկալիք՝ հետագայում  շարունակելու համագործակցությունը, աշխատելու ավստրալիական ուղղությամբ միանշանակ կա, եւ նաեւ հենց իմ նշած ուղղությամբ պետք է ավելի կենտրոնացնել ջանքերը՝ հասնելով նրան, որ առնվազն խորհրդարանական մակարդակում ունենանք նման բանաձեւեր, ոչ միայն Ավստրալիայից, այլ նաեւ այլ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։

Հանդիպումներին բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը եւ մեր ակնկալիքն այն էր, որ հնարավոր եւ հրապարակային եւ ոչ հրապարակային հարթակներում պահանջ  ներկայացվի Ադրբեջանին ազատ արձակելու հայ պատանանդերին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվում եւ որոնց նկատմամբ իրականացվում է կեղծ եւ շինծու դատավարություններ եւ մենք ակնկալում ենք, որ այս հարցը եւս պատշաճ ուշադրության կարժանանա Ավստրալիայի թե՛ խորհրդարանականների եւ թե՛ գործադիրի կողմից։

Մյուս հարցը, որը եւս իր բնույթով հումանիտար նշանակության հարց է եւ որի շուրջ եւս, իմ տպավորությունն այնպիսինն է, որ բավականին հիմնավորված ընկալումներ կան,  դա Արցախում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանության հարցն է։ Իհարկե, միջազգային  տարբեր հարթակներում բարձրաձայնվում է այս հարցի մասին եւ ես նշել եմ, որ մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումներում նաեւ ավստրալիացի գործընկերներն իրենց աջակցությունը ցուցաբերեն եւ պետք է նշեմ, որ բոլոր հարցերի ուղղությամբ էլ հայկական համայնքը, մասնավորապես Հայ դատի հանձնախումբը պարբերաբար աշխատում են իրենց պետության Կառավարության եւ Խորհրդարանի հետ եւ այս հարցերը, որոնց մասին խոսել ենք եւ որոնց մասին կարծիքներ ենք փոխանակել նորություն չէին նրանց համար, որովհետեւ տեղում շատ հստակ երեւում էր, որ աշխատանք կա տարված Հայ դատի հանձնախմբի կողմից, ինչը ողջունելի է», -նշել է նա։

Ամփոփելով այցը Գեղամ Ստեփանյանն այն բավականին տպավորիչ եւ հագեցած համարեց, այն հնարավորություն տվեց մեկ անգամ եւս արցախցիների իրավունքների ճանաչման հարցը բարձրաձայնելու։