կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 15:29
Քաղաքական

Փաշինյանը Սեւանում թեկնածու չառաջադրեց՝ հասկանալով, որ մերժված է. ՀՅԴ թեկնածու

Փաշինյանը Սեւանում թեկնածու չառաջադրեց՝ հասկանալով, որ մերժված է. ՀՅԴ թեկնածու

2020-ի դեկտեմբերի 5-ին Սեւան խոշորացված համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 3 քաղաքական ուժեր՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Հանրապետությունը» եւ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը: Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Սեւանում թեկնածու չի առաջադրել:

Դաշնակցության ցուցակը գլխավորող Արտակ Վարդանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրությունների կարեւորության մասին, շեշտում է՝ քաղաքական բաղադրիչը մեծ է, քանի որ գործող իշխանությունը փորձում է բոլոր տեղերում իր թեկնածուներն ունենալ: «Սեւանում էլ էին որոնումների մեջ, սակայն վերջին պահին, հաշվի առնելով Գորիսու, Գյումրիում պարտությունը, թեկնածու չառաջադրեցին: Իրենց պարագայում ակնհայտ էր, որ պարտվելու են: Մարզի բնակիչների համար արդեն ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններից հետո խոստացված ապագան, խաղաղությունը, սահմանների անվտանգությունը սուտ խոստումներ էին: Փաշինյանն ի վիճակի չէ լուծել նունիսկ պետության անվտանգային խնդիրները: Մեր քաղաքում գործող ՔՊ կառույցը չէր կարող լուրջ ձայներ տանել եւ հաղթանակի ակնկալիք ունենալ, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքած ձայների մեծամասնությունը պայմանավորված էր բացառապես Փաշինյանի գործոնով»,-ընդգծեց Վարդանյանը:

Ընտրություններում ՀՅԴ թեկնածուն  լուրջ մրցակից է համարում միայն գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանին:

Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», որն, ըստ էության, ՔՊ-ի քույր կուսակցությունն է եւ ընկալվում է որպես Փաշինյանի համար այլընտրանք, գլխավորելու է Սեւան համայքի ավագանու անդամ Աշոտ Նադարյանը: Վարդանյանը «Հանրապետության» թեկնածուին մրցակից չի համարում,  շեշտում է՝ այս կուսակցությունը երբեք, այդ թվում՝ նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդդիմադիր դիրքերից հանդես չի եկել: 

Գնահատելով հաղթանակի՝ իր շանսերը մեր զրուցակիցն ասում է․ «Երկար տարիների մեր աշխատանքի արդյունքում Դաշնակցությունը Սեւանում բարի համբավ ունի, հետեւաբար, հաղթելու շանսերս բարձր եմ գնահատում: Կուսակցությունը երբեւէ չի դավաճանել իր սկզբունքներին ու տեսակետներին, ես էլ նույն սկզբունքայնությամբ արդեն 30 տարի է՝ մարզում հանդես եմ գալիս ՀՅԴ-ի անունից եւ, ըստ իս, քաղաքում հարգանք եմ վայելում»:

                                                                                                                                                    Լիանա Սարգսյան