կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 12:12
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորություն ստանձնել․ Առուշ Առուշանյանի պաշտպան

«Հայաստան» դաշինքի պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորություն ստանձնել․ Առուշ Առուշանյանի պաշտպան

Գորիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկա պահին դատական քննության փուլում են։

«Նախորդ դատական նիստում քննարկվել է պարոն Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը․ մենք միջնորդություններ էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ մասնակի վերացվեն»,– ասաց նա։

Պաշտպանը նշեց, որ այս դատական նիստում դատախազն է իր դիրքորոշումը ներկայացնելու, այնուհետև դատարանն իր որոշումը կկայացնի, որից հետո մտնելու են բուն դատական քննության փուլ։

«Որոշակի փուլ անցնելուց հետո, ապացույցներ ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումն  ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, խոսքը վերաբերում է թե՛ գրավին, թե՛ անձնական երաշխավորությանը»,– ասաց նա։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ արդեն «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և պատրաստ են անձնական երաշխավորություն ստանձնել։

«Ամեն դեպքում բավականին դրական ենք տրամադրված և հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձունքում՝ կկիրառի օբյեկտիվություն և կիրականացնի արդարադատություն»,– հավելեց նա։