կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 17:04
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե անհրաժեշտ լինի նաև Սերժ Սարգսյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնել, ես դա կանեմ․ Բակո Սահակյան

Դա չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի քաղաքացիներին, ավելի քան համոզված եմ` ՀՀ քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին, որովհետեւ մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը եւ սկզբնական շրջանում նաև կազմակերպել են զինված դիմադրությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ համապետական ընտրություններում քվեարկությունից հետո՝ պատասխանելով հարցին` ի՞նչ զգացողություն է ապրում`տեսնելով այն կադրերը, երբ Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տանում են մեկուսարան, մեկուսարանից բերում են դատարան, ի՞նչ զգացողություն է ապրում՝ տեսնելով Սերժ Սարգսյանի ներգրավումը դատական գործընթացում:

Բակո Սահակյանը նկատեց, որ հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, իրենց մասնակցությունն են ունեցել հայրենիքի բարօրության ապահովմանը. «Պարզ է, որ նրանց ներկայիս վիճակը չի կարող չառաջացնել այդ ոչ հասարակ, այսպես ասած, տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի պնդմանը, որ այդ մարդկանց իշխանության տարիներին «Մարտի 1» է տեղի ունեցել, տասը մարդ է սպանվել և սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Արցախի Հանրապետության նախագաը պատասխանեց․ «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զսպվածությունը, հանգստությունը մեր խոսքը կառուցելուց, մեր մեկնաբանությունները տալուց մենք իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ` իմ, մեր կողմից նախաձեռնված, միայն ու միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով: Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել այդ անհրաժեշտ վերաբերմունքը եւ հարգել նաեւ դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»։

Նա նաև ասաց, որ իր անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար որևէ կերպ չի կարող մեկնաբանվել ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ:

«Դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով, մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին եւ այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում` երկու պետությամբ և ես չեմ գտնում, որ միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշված կարգերն ու կանոնները: Ճիշտ հակառակն եմ մտածում»,- ասաց Բակո Սահակյանը։

Նա հավելեց, որ այսուհետ էլ նման մտածելակերպով է առաջնորդվելու և չի կարծում, որ այդպիսով լրացուցիչ լարվածություն է սերմանվում կամ լրացուցիչ դժվարություններ են ստեղծվում:

«Մենք խոսում ենք այնպիսի իրադարձությունների մասին, այնպիսի դերակատարների մասին, որ մենք չենք կարող անտարբեր լինել: Նախկինում, այսօր եւ ապագան էլ լինելու է այնպիսին, ինչպես ես ինձ ցուցաբերել եմ նախորդ ժամանակաշրջանում»,- ասաց Բակո Սահակյանը` վստահեցնելով, որ եթե անհրաժեշտ լինի նաև Սերժ Սարգսյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնել, ինքը դա կանի:

Բակո Սահակյանը խոսել է նաև Արցախում ընտրությունները չհետաձգելու և իր հետագա անելիքների մասին։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում այսօր՝ մարտի 31-ին, նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Դրանք անցկացվում են 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Ըստ Արցախի ոստիկանության տվյալների՝ ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Մանրամասն՝ տեսանյութում․