կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-05 23:19
Քաղաքական

Հասմիկ Պապյանը եւ Զարուհի Մուրադյանը ներկայացրել են անձնական երաշխավորություն՝ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար

Հասմիկ Պապյանը եւ Զարուհի Մուրադյանը ներկայացրել են անձնական երաշխավորություն՝ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար

Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին, բավարարել է՝ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։

Նշենք՝ Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։

Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։