Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի հոկտեմբերի 31-ն էր` Արցախյան երկրորդ պատերազմի թեժ օրերից մեկը։ «Եղնիկներ»-ում մեր ջոկատը տեղակայվել էր Մռավի լանջերին գտնվող ծառաշատ մի զառիվերում... Ծննդյանս տարեդարձն էր. երբեք ծննդյանս այդ օրը չեմ մոռանա։ Գրեթե ամբողջ գիշեր տևած ինտենսիվ ռմբակոծություններից հետո` առավոտից, բավականին ժամանակ տևական դադար էր։ Պատրաստվում էինք մարտական հերթափոխի, երբ վաշտի փոխհրամանատար Արթուր Բաբունցը մոտեցավ ինձ.
- Սիրադե՛ղ, ծնունդդ շնորհավոր, ախպե՛ր։ Քեզ համար մի լավ նվեր ունեմ։ Ներքևում` ձորակի մեջ, մի աղբյուր եմ գտել։
- Աղբյո՞ւր,- զարմացա ես։
Այդ օրերին ջուր ունենալն արդեն հրաշքի պես մի բան էր, էլ ուր մնաց թե՝ աղբյուր։
- Քանի որ էսօր քո ծննդյան օրն ա,- շարունակեց Բաբունցը,- դե դու էլ՝ մեր Սիրադեղը, ուստի տղերքով որոշել ենք, որ այն կոչենք քո անունով` Սիրադեղի աղբյուր։ Մենք տղերքից մի քանիսի հետ իջնում ենք` աղբյուրը մաքրենք, կարգի բերենք։ Քեզ էլ էսօր վիխադնոյ, բայց մի պայմանով, որ մի քար տաշես ու վրան գրես` «Սիրադեղի աղբյուր», տանենք, տեղադրենք, աղբյուրդ էլ օրինականացնենք։
Օգտվելով ընձեռված հրադադարից՝ տղաներն անտառից կտրած հաստափոր գերաններով մեզ համար ռմբապաստարաններ էին սարքում, իսկ ես, ասես մոռացած պատերազմի մասին, մի երկաթի կտոր էի գտել ու փորձում էի կրաքար հիշեցնող, միջին չափի մի թերթաքարի կտորի վրա Բաբունցի ընծայած աղբյուրիս անունը փորագրել։ Շատ չարչարվեցի. կա՛մ քարն էր վատը, կա՛մ քարագործը։ Մի խոսքով` ոչինչ դուրս չեկավ։ Մոտներս «Գրադ»-ի կրակված արկերի դատարկ արկղեր կային, դրանցից մի տախտակ առանձնացրի ու որոշեցի այս անգամ էլ փայտագործի հմտություններս փորձել...
Հրամանատար Ներսեսը, իմ նախկին կրակային դասակի հրամանատար Սամվելը Խոստեղյան ու ջոկի տղաներից մի քանիսը եկել էին` ինձ շնորհավորելու։ Նրանց ուզեցի պատմել Բաբունցի գտած աղբյուրի մասին, պարզվեց՝ բոլորը տեղյակ են եղել, բացի ինձնից: Դե, ես էլ նրանց այդ վեհ ու պարտավորեցնող նվերի համար խոստացա. «Այս տարի աղբյուրի բացումը փայտե հուշագրով կանենք, բայց մյուս տարի, խոստանում եմ, քարից մի գեղեցիկ հուշատախտակ պատրաստել տալ, գանք էստեղ, քարը տեղադրենք ու մեր հաղթանակի պատվին մի լավ քեֆ անենք»։
Հաղթանա՛կ, չէ մի...
Ինձանից մի քանի քայլ այն կողմ Կիմը, բժիշկ Հայկազն ու տղաներից մի քանիսն իմ տարեդարձի պատվին վաֆլիներով ու խտացրած կաթով տորթ էին պատրաստում։ Դե, այդ օրերին դա էլ շռայլություն էր... Իսկ մենք, չգիտեմ` ինչու, այդ օրը որոշել էինք մեզ թույլ տալ այդ շռայլությունը։ Ամենքս մեր գործին էինք, երբ Կիմը ձայնեց.
- Բախտը մեկն է զինվորի` կա՛մ մահ, կա՛մ ազատություն։ Տղե՛րք եկեք։ Սիրադե՛ղ ջան, տորթդ պատրաստ ա, չե՞ս ուզում մոմը փչես։
Մոտեցա... Կաթապատ վաֆլե տորթը տղաները զարդարել էին չրերով ու կոնֆետներով, վրան` պայթած արկի պտուտակի վրա, մի մեծ սպիտակ մոմ էին բժշկական բինտով ամրացրել, վառել ու սպասում էին ինձ։
- Սիրադե՛ղ, երազանք պահիր, որ փչես,- Մայիսն էր` մեր դասակի հրամանատարը։
Ես Մայիսի մոտ նոր էի տեղափոխվել ու դասակում տարիքով ամենաավագն էի։
- Տղե՛րք, սիրտս վկայում ա, որ, եթե էսօր չմեռա, հաստատ շատ երկար եմ ապրելու,- ասացի ես ու փչեցի մոմը։
Ծիծաղեցինք, ուրախացանք, նկարվեցինք, բայց, չգիտեմ` ինչու, տորթն այդպես էլ չկտրվեց։
- Տղե՛րք ջան, վե՛րջ, ցրվում ենք, արդեն շատ մնացինք իրար գլխի հավաքված,- ասաց Մայիսն ու, մի բահ վերցնելով, քայլեց մեզանից ընդամենը մի քանի մետր այն կողմ՝ ծառի տակ գիշերակացի համար տեղ փորելու։
Ես էլ մյուսների նման մոտեցա իմ` կիսատ թողած գործին։ Ունեցածս երկաթի կտորը չոր փայտի վրա փորագրելու համար բավականին բութ էր։ Քիչ ներքև` մեր լենինականցիների դասակում, «դվիժոկ» ու «բալգարկա» կար: Մեր երիտասարդ ընկերներից Ժիրայրին խնդրեցի, որպեսզի իմ ձեռքի երկաթը տանի` սրելու։ Ժիրայրը գնաց, ես առաջացա Մայիսի մոտ։ Մեզնից ընդամենը երկու մետր ներքև Կիմը բժիշկ Հայկազին էր օգնում բուժկետի համար ապաստարան պատրաստել։ Տասը րոպե էլ երևի չէր անցել, երբ Ժիրայրը վերադարձավ, ասաց, որ «դվիժոկը» չի կարողացել միացնել, ուստի և երկաթն էլ սրված չի։ «Լրիվ անճար են էս ջահելները..., - մտքումս բարկանալով՝ Ժիրայրի ձեռքից վերցրեցի երկաթն ու գնացի, որ ինքս սրեմ։
Դեպի ներքև դեռ մի քանի քայլ էի արել, երբ լսվեց չարաբաստիկ պայթյունը։ ...Ես որտեղի՞ց իմանայի, որ այդ փոքրիկ երկաթի կտորն ու Ժիրայրի «անճարությունն» ինձ համար կյանք պիտի արժենային... Կիմն այլևս չկար, Մայիսը մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Տղերքից մի քանիսն, այդ թվում` բժիշկ Հայկազը, վիրավոր էին։ Արկը պայթել էր նրանց գլխավերևում, ծառի ճյուղին հարվածելիս։ Չգիտեմ, նախախնամության կա՞մքն էր, թե՞ ուղղակի բախտս բերեց... Այդ օրը տղերքն անմահացան, մինչդեռ ես` մեռա։
Փառք ու խոնարհում ձեզ, տղե՛րք...
Սիրադեղ