կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-10-13 14:35
Հասարակություն

Դիմումներն ընդունվում են մահվանից առաջ

Դիմումներն ընդունվում են մահվանից առաջ

ՀՀ «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով՝ միայնակ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից մահացածների դագաղի, դիահերձման և հուղարկավորության այլ ծախսերը հոգում է պետությունը, մասնավորապես՝  մահացածի վերջին մշտական բնակության վայրի համայնքապետարանը:

 


Նման հուղարկավորություն կազմակերպելու համար բարդ թղթաբանության կարիք չկա. ընդամենը հարկավոր է դիահերձարանից տեղեկանք վերցնել, տանել թաղապետարան և դիմում լրացնել: Սակայն այդ գործընթացը պետք է կազմակերպել հնարավորինս արագ, հակառակ դեպքում՝ կստացվի այնպես, ինչպես եղավ հոդվածի հերոսների հետ:

 


 Խորենացի 47/1 հասցեում գրանցված՝ արդեն հանգուցյալ, 84-ամյա սոցիալապես անապահով, 1-ին կարգի հաշմանդամ Մարիամ Ամիրխանյանի թաղման ծախսերը հոգացել են հարևանները: Ավելի շուտ նրանք պարտքով գումարը տվել  են հանգուցյալի ընտանիքի անդամներին՝ 60-ամյա՝ 2-րդ կարգի հաշմանդամ, հոգեկան շեղումներ ունեցող Սամվելին և 56- ամյա՝ 1-ին կարգի հաշմանդամ Սիլվային: Վերջինս 11 տարի առաջ 2 ծանր վիրահատություն է տարել, իսկ այժմ զրկված է տեղաշարժվելու հնարավորությունից: Ստացած թոշակները չեն բավականացնում անգամ տակդիրներ գնելուն, իսկ կոմունալ վճարներն ու սնունդը դարձել են բազմաթիվ պարտքերի պատճառ: Բնակարանի անմխիթար պայմանները, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունն ու հազար ու մի խնդիրները  փշրել են 2 ցմահ հաշմանդամների՝ կյանքի հանդեպ ունեցած հավատն ու երազանքները: Իսկ այն իրականությունն, ուր նրանք ապրում են,  շատ ավելի անողոք է, քան երբևէ կպատկերացնեին:

 

Հուղարկավորության օրը անկողնուն գամված Սիլվան չի կարողացել դիմում ուղարկել թաղապետարան, և դա արել է թաղումից 2 օր անց՝ խնդրելով փոխհատուցում: Թաղապետարանի ներկայացուցիչն այցելել է Ամիրխանյանների բնակարան և խոստացել աջակցել կարիքավոր ընտանիքին: Սակայն 1 ամիս անց Սիլվային զանգահարել են թաղապետարանից և տեղեկացրել, որ իրենք չեն կարող փոխհատուցում ստանալ, քանի որ քաղաքացին դիմումը 2 օր ուշացրել է, և առաջարկել են ընդամենը 10 հազար դրամ օգնություն: Սիլվան, իհարկե, հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը չի ուշացրել:

 

«Թաղման օրը ես ի վիճակի չէի դիմում գրել, հետո հանգստյան օրեր էին, և թաղապետարանը չէր աշխատում: Ընդամենը 2 օր անց՝ երկուշաբթի,  կարողացա ուղարկել: Իրենք էլ եկան, տեսան մեր ծայրահեղ վիճակը: Հետո էլ զանգեցին, ասացին՝ 10 հազար դրամ կարող ենք տալ , ուզում ես ուզի, չէ՝ դու գիտես: Ձե՞ռ են առնում, ինչ է, ես 10 հազար ճարեմ տամ իրենց, տեսնեմ կարո՞ղ են թաղում անել»,- դժգոհում է Սիլվան:

 


Մեզ հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետի տեղակալ Արշակ Փլավչյանը նշեց, որ քաղաքացին դիմումն ուշացրել է, և թաղապետարանը իրավասու չէ նրան վճարել:
Ի դեպ, պարզվում է՝ Փլավչյանը Սիլվայենց հարևան շենքում է բնակվում և քաջատեղյակ է այդ ընտանիքի խնդիրներին: «Սիլվան օրը երկու անգամ զանգահարում է ինձ: Ես էլ ասում եմ՝ համբերի, մի անգամ էլ կդիմես, մի բան, մի օգնություն կտան էլի: Մեր առաջարկած օգնությունից (10 հազար դրամ) հրաժարվեց, ասացի՝ էլի բանա, գոնե դա վերցրու»,- պատմեց պետի տեղակալը:

 


2012-ին քաղաքապետարանը Կենտրոն թաղապետարանի անապահով, միայնակ մահացածների հուղարկավորության համար պետբյուջեից 3մլն 500 հազար դրամ է հատկացրել, իսկ 10 հազար դրամը թաղապետարանն Ամիրխանյանների ընտանիքին «շռայլել» է օգնության կարգով:

 

Ինչևէ, տեսնենք՝ պետությունն ի զորո՞ւ է, արդյոք, մեր երկրում նման գումարով թաղում կազմակերպել: Հայաստանում ամենաէժան դագաղն արժե 35 հազար դրամ, իսկ թաղման բյուրոյի ծախսը 29 հազար դրամ է: Դրա մեջ մտնում է միայն փոս փորելը, իսկ դիամեքենայի (կատաֆալկա) գինը 20-33 հազար դրամ է՝ կախված մեքենայի մակնիշից՝ «ՈՒԱԶ», «Գազել», «OPEL» կամ «Կադիլակ»: Բնականաբար, թաղապետարանն «անտեր» մեռելներին «Կադիլակով» չի թաղի: Թաղման բյուրոյից տեղեկացանք, որ թաղապետարանները հիմնականում ընտրում են ամենաէժան տարբերակը: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց դագաղի ծախսի, 1 հանգուցյալը պետբյուջեի վրա արժենում է միջինը 50 հազար դրամ: 

 

Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանն աչքի է ընկնում իր «էլիտար» թաղումներով՝ միջինը մեկ հանգուցյալի համար ծախսելով ավելի քան 70 հազար դրամ: Սակայն մեր հերոսներին  անգամ թաղապետարանում ծանոթ ունենալու հանգամանքը չօգնեց գոնե թաղման բյուրոյի ծախսի փոխհատուցումը ստանալ: