կարևոր
4552 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 19:35
Հասարակություն

Կիմի տեսակն էր, որ Արցախը պահեց հայկական, պահեց մեր առաջին պատերազմի հաղթանակը. հոկտեմբերի 31-ը Կիմ Խաչատրյանի նահատակման օրն է

Կիմի տեսակն էր, որ Արցախը պահեց հայկական, պահեց մեր առաջին պատերազմի հաղթանակը. հոկտեմբերի 31-ը Կիմ Խաչատրյանի նահատակման օրն է

Հոկտեմբերի 31-ին լրացավ ազատամարտիկ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանի նահատակման երկրորդ տարելիցը: Ազգային գաղափարների եւ հայրենիքի նվիրյալ Կիմը հերոսաբար նահատակվեց 2020թ.-ի այս օրը՝ Արցախի հյուսիսային դիրքերի պաշտպանության ժամանակ: Նա առաջնագիծ էր մեկնել ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում։ Երեկ հերոսի մահվան կապակցությամբ Արենի գյուղ՝ Կիմի շիրիմին էին այցելել ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հերոսի մարտական եւ ուսանողական ընկերները, համագյուղացիներն ու հարազատները: Հոգեւորականի աղոթքով եւ խնկարկությամբ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին  եւ ծաղիկներ խոնարհեցին  հերոսի շիրիմին:  Կիմի հիշատակը հավերժացնող հուշակոթող կանգնեցվեց. արծիվ է՝ թեւերի մեջ առած հերոսի նկարը: 

Կիմի մայրը՝ տիկին Նարինեն, պատմեց, որ Կիմը պատերազմի սկսվելուն պես ոտքի ելավ առաջին իսկ վայրկյանից՝ առաջին իսկ խմբի հետ ճակատ մեկնելու հույսով, սակայն չստացվեց, տխրեց, ամաչեց: Օրեր անց Ուսուցչի օրվա առիթով գրել էր հորը՝ Սիմոն Խաչատրյանին․ նա ռազմագիտության ուսուցիչ է. «Իմ կյանքին  սթափ նայելու եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ՝ քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ երեւանյան փողոցներում»: Վերհիշելով որդու՝ ամուսնուն ուղղված այս խոսքերը՝ տիկին Նարինեն, լացը կոկորդում պահելով, ասում է.  «Բայց դու ինչպե՞ս կարող էիր մնալ քաղաքացիական հագուստով, մնալ անմասն հայ- թուրքական դարավոր հակամարտությանը: Գնացիր քո բաժին կռիվը տալու՝ «բախտը մեկն է զինվորի՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն»»:

Հիմա ամեն օր մտքում կրկնում է խոսքերը, որոնք այդպես էլ չասաց՝ Կիմին հետ պահելու համար: «Հաճախ սարսափով զգում եմ, որ եթե հարկ լիներ ու նորից ասեի՝ Կի՛մ, մի՛ գնա, նորից պիտի ասեիր՝ բա էլ ո՞վ, մա՛մ, ու ես դարձյալ կլռեի: Ափսոս, որ Աստված չպաշտպանեց քեզ, իմ լա՛վ, իմ բարի՛ տղա, ափսոս քեզ, որդի՛ս, քա՛ջս, Մռավի արծի՛վ: Ափսո՛ս, որ ընկար Մռավի լանջին՝ փափագը սրտում։ Ափսո՛ս ձեզ, որդի՛ք»,- ասաց տիկին Նարինեն:

ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը ցավով ասաց՝ Կիմի հիշատակի օրը ծանր է խոսել: «Կիմը մեր բացառիկ երիտասարդ ընկներներից էր․ որպես մարդ, որպես ընկեր, որպես գաղափարական մարտիկ՝ նա իսկապես բացառիկ էր, բարի անձնավորություն, լավատես, նվիրված ու գաղափարական: Նա հայրենասեր հայի մարմնավորում էր: Առիթ եմ ունեցել շփվելու Կիմի հետ, լսելու նրա մտքերը հայրենիքի, Արցախի մասին: Այդ տեսակն էր, որ Արցախը պահեց հայկական, պահեց մեր առաջին պատերազմի հաղթանակը: Կիմը շարունակելու է մնալ բոլորիս մեջ, եւ իր օրինակով ոգեշնչելու ոչ միայն այսօրվա սերնդին, այլեւ եկողներին: Մենք չենք թողնելու, որ Կիմի պայքարն անպտուղ ավարտվի»,- ընդգծեց Եսայանը:

Կիմի մանկության ու մարտական ընկերը՝ Հայկ Մանուկյանը, շեշտեց՝ շատ անգամներ է հնարավորություն ունեցել խոսելու Կիմի մասին եւ ամեն անգամ խճճվել է. նրա մասին հակիրճ խոսել չի հաջողվում: Կիմի համեստությունը, բարությունն ու զսպվածությունը դժվար մեկնելի է: «Մեզ համար պատերազմի առաջին օրվանից սկսվեց մղձավանջը: Առաջինը զանգեցի Կիմին՝ հետաքրքրվեցի՝ ի՞նչ կա, ասաց՝ տղերքը հավաքվում են, իմանամ՝ տեղյակ կպահեմ: Հաղթանակի տենչով ու մղումով այդ ժամանակ այնքան տղաներ էին հավաքվել… Եթե ուզում եք Կիմի հիշատակը վառ պահել, մի քիչ նրա բարությունից եւ ազնվությունից ձեր շուրջը սփռեք, նրա հավասարակշռված պահվածքից ձեր մեջ ունեցեք եւ նրա պես արեւ պահեք ձեր սրտում, ինչպես ինքն էր տաքացնում բոլորին իր շրջապատում, նույն կերպ դուք արեք»,- ներկաներին կոչ արեց հերոսի մանկության ընկերը:

Կիմի շիրիմին խոնարհումի եւ մեծարանքի խոսքեր ասաց հերոսի մարտական ընկերներից Համլետ Սիրադեղը: «Նրանք եկան՝ անմահանալու, ու հիմա Աստծո բանակում բարեխոս զինվորներ են,  մարտնչում են՝ հանուն հավատքի, որովհետեւ վասն հայրենիքի նրանք արեցին իրենց գործը: Խոնարհումս քեզ, իմ հերո՛ս ընկեր, իմ հավերժությո՛ւն, դու միշտ մեզ հետ ես, Կի՛մ ջան»,- ասաց նա:  

Միջոցառման ավարտին Կիմի դաշնակցական ընկերները, ավանդույթի համաձայն, հերոսի շիրիմին «Վերքերով լի» հայրենասիրական երգը կատարեցին:

Լիանա Սարգսյան