կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-27 00:47
Քաղաքական

Հանուն ընկած Կիմի և «մի բուռ» դարձած հայրենիքի. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ականները՝ գիշերային հրապարակում

Հանուն ընկած Կիմի և «մի բուռ» դարձած հայրենիքի. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ականները՝ գիշերային հրապարակում

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցին... Հայրենասիրական երգերը հաջորդում են իրար, հայրենիքի համար բոլոր երգերը երգված են: Հայրենիքի փրկության համար նախ կռիվ տվին մարտադաշտում, հիմա` Հանրապետության հրապարակում:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդների համար այս պայքարն ուրիշ պայքար է, որտեղ չի կարելի նահանջել: Ուժեղ են, վստահ, անկոտրում:

Օրը խորհրդանշական է հատկապես ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանի համար: Այսօր նրա ծննդյան օրն է: Հայրենքի հանդեպ Տարոնի պաշտամունքը մեծ է: Երբ պետք էր զենքը ձեռքին մեկնել մարտադաշտ` ՀՅԴ կամավորական վաշտերի, ուսանողական միության իր ընկերների հետ մեկնեց` վստահ, խիզախ, մարտական: Իսկ այսօր նույնիսկ ծնունդն է դիմավորում պայքարի վայրում` մայրաքաղաք Երեւանի հրապարակում:

Բոլորը միասին են: Կողք կողքի շարվել են խարույկի շուրջը դեմքերը դեպի կրակը, գլուխները կախ. ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է. Կիմն է բացակա: Կիմ Խաչատրյանը: Իրենց մարտական ընկերը, ով հողը արյամբ պահելով զոհվեց 2020 թ. Արցախյան գոյապայքարում: Բոլորի սրտում կսկիծ է, աչքերում` թախիծ: Պայքարելու են մինչև վերջ, հանուն պատերազմի դաշտում ընկած իրենց եղբայրների, հանուն «մի բուռ» դարձած հայրենիքի:

Լիանա Սարգսյան


Տե'ս նաև՝ Կիմը գնաց իր բաժին կռիվը տալու… Հերոսի մահից 40 օր անց: