կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 14:44
Հասարակություն

Մահվանից 6 ամիս առաջ յուրաքանչյուր մարդ դեղերի վրա ծախսում է այնքան գումար, որքան ծախսում է ամբողջ կյանքի ընթացքում

Մահվանից 6 ամիս առաջ յուրաքանչյուր մարդ դեղերի վրա ծախսում է այնքան գումար, որքան ծախսում է ամբողջ կյանքի ընթացքում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր 2015թ. Մոսկվայում ստորագրված «ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագիրը:

Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով բարձրաձայնեց աողջապահության ոլորտում առկա մի քանի լուրջ խնդիրների մասին: Նրա խոսքով՝ աշխարհում չորս մաֆիա կա՝ զենքի, թմրադեղերի, հին իրերի և դեղերի:

«Հայաստանում առկա բնակչության շուրջ 700 հազարը, որոնց մեջ մտնում են թոշակառուներ ու հաշմանդամներ, համարյա ամենօրյա ռեժիմով են դեղ գնում՝ բախվելով երկու խնդրի՝ անորակ դեղ և բարձր գին ունեցող դեղ: Այ, հենց էստեղ մաֆիան սկսում է շատ լավ աշխատել: Ծերացող հասարակություն ունենք Հայաստանում, ինչը նշանակում է, որ դեղերի սպառումը շատ է, կա նաև միջազգային հետազոտություն, որ մահվանից վեց ամիս առաջ յուրաքանչյուր մարդ դեղերի վրա ծախսում է այնքան գումար, որքան ծախսում է ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև մահվանից առաջ օգտագործվող դեղերն ամենաթանկն են՝ օնկոլոգիական դեղեր, ուժեղ ցավազրկողներ և այլն: Սա նպաստավոր միջոց է ստեղծում այդ մաֆիայի գործունեության համար»,- ասաց պատգամավորը:

Նա միաժամանակ նշեց, որ ոչ բոլորն են անբարեխիղճ կամ զբաղված մաֆիոզ բնույթի գործունեությամբ, կան նաև բարեխիղճ դեղարտադրողներ ու ներմուծողներ: Ըստ պատգամավորի` կար ժամանակ, երբ Հայաստանում լուրջ վերահսկողություն կար դեղերի արտադրության ու շրջանառության վրա: Հասարակ մարդը, ըստ Մանուկյանի, ով ծանոթ բժիշկ չունի, թանկ բուժհաստատություն այցելելու գումար չունի, չի կարող մանիպուլյացիայի զոհ չլինել: Բժիշկը դեղ է գրում հիվանդի համար, և հետո երկու ճանապարհ կա՝ կա'մ նա ուղարկում է հիվանդին իր ծանոթ դեղատուն` գնելու դեղը, կա'մ հանձնարարում է Վրաստանից բերել դեղը, որովհետև այնտեղ դեղերը որակ ունեն:

Պատգամավորը հավելեց` երբեմն բժիշկներն էլ մեղավոր չեն, որ իրենց դեղատոմսով ներարկում են անում, և հիվանդը հանկարծ շոկի մեջ է ընկնում: Դրան կարող են հետևել դատական գործեր, և բժիշկը պետք է ապացուցի, որ ինքը մեղավոր չէ, որ ներարկումից հիվանդը շոկի մեջ է: Մինչդեռ պետք է գտնել անորակ դեղ արտադրողին ու ներմուծողին: Անգամ` երեխաների սննդի ոլորտում են անբարեխիղճ արտադրողներ հայտնվում:

«Սա ազգային անվտանգության խնդիր է, էսպես անպատասխանատու ու բարձիթողի վերաբերմունք չի կարելի: Սա պատկան մարմինների առաջին մտահոգության թեման պետք է լինի: Եկեք այս գործը կարգավորման դաշտ բերենք»,- ասաց Արամ Մանուկյանը: