Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ե՞րբ են վարչապետին զեկուցել, որ հնարավոր է պատերազմ սկսվի, Նիկոլ Փաշինյանի պատասխանը ներկայացնում եմ բառացի. «Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն էդ առումով վստահելի էր թվացել...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վարդան Բալյանը։
«Սա խոստովանություն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չի ունեցել ռազմավարական հետախուզություն, ռազմավարական հետախուզության տեղեկատվական աշխատանքը իրականացվել է սարսափելի վատ:
Հիշեցման կարգով: Սեպտեմբերի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինվորի զոհվելու միջադեպը մեկնաբանելով, Իլհամ Ալիևը հայտարարում է. "Նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Ընթանում է նրանց ուժերի կուտակում շփման գծի երկայնքով: Մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչին հետևում ենք, հետևում ենք նրանց բոլոր գործողություններին, և, իհարկե, մենք պաշտպանվելու ենք, այնպես, ինչպես պաշտպանվում էինք Թովուզում, պաշտպանվելու ենք բոլոր մնացած ուղղություններում":
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի նախագահը հայտարարում է.
«Հայաստանը շարունակում է հակաադրբեջանական հռետորաբանությունը և պատրաստվում է նոր հարձակումների, Ադրբեջանի տարածքում տեղակայված ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ Մինգեչաաուրի ջրամբարի և Սանգաչալախի խոշոր տերմինալի վրա, որ ապահովում է տասնյակ երկրների էներգետիկ անվտանգությունը:
...Հուլիսի 17-ից մինչև սեպտեմբեր մեր դիտարկումներով ինքնաթիռներով Հայաստան է հասցվել ավելի քան 1000 տոննա ռազմական սարքավորումներ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել Հայաստանիին հրաժարվելու ռազմական ագրեսիայից»:
Սեպետեմբերի 21-ից սոցցանցային ու լրատվական տիրույթում բազմաթիվ էին տեղեկությունները, որ Ադրբեջանում բռնագրավում են քաղաքացիների պատկանող պիկապները և դրանք տեղափոխում առանձին կայանատեղի: Ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրություն է տարածվել նույն օրը, որտեղ պարզաբանվում էր, որ ոստիկանությունը գործում է կառավարության կողմից հաստատված “Ռազմական տեխնիկայի գրանցման կանոններին” համապատասխան:
Սեպտեմբերի 24-ին հարևան երկրում սկսվում է ռեզերվիստների/պահեստազորի մոբիլիզացիա, իսկ մինչ այդ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության վիճակի: Մեր կողմից դիտարկված տեղեկատվական հոսքերը հաստատում են, որ փաստացի պատերազմական նախապատրաստությունները մարտական գործողությունների ծավալման թատերաբեմում, այսինքն՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայքնով չէին կարող տեսանելի չլինել մեր հետախուզության համար արդեն սեպտեմբերի 24-ին՝ ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության որոշման հաստատման օրը:
Բազմաթիվ հանգամանքներ հաստատում են, որ մենք չէինք կարող տեղյակ չլինել, համոզված եմ, տեղյակ ենք եղել ու ոչ ռադիոկլանումից: Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ պատերազմի սկսվելու իրական հավանականության մասին գնահատանը հիմնվել է այն տեղեկատվության վրա, որ ստացվել է ռադիոկլանումից, ինչպես պնդում է վարչապետը, ապա ծիծաղելու փոխարեն պետք է լացել»,- գրում է նա։