Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում քննարկվել է լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը 7 պատգամավորների վերաբերյալ: Հիշեցնենք, որ լրագրողը դիմել էր էթիկայի հանձնաժողովին՝ տրամադրելով տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արշակ Մխիթարյանը, Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը քվեարկում ուրիշի փոխարեն, ինչը ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտում է: Էթիկայի հանձնաժողովը, այսօր քննելով լրագրողի դիմումը, որոշում չի կայացրել, նիստը տեղափոխվել է և կկայանա փետրվարի 18-ին:
Yerkir.am-ը հարցրեց ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին, թե ինչո՞ւ չի ներկայացել հանձնաժողովի նիստին: Պատգամավորը զայրացած պատասխանեց. «Ես հեռախոսով ոչ մի հարցի չեմ պատասխանի»:
Մյուս ԲՀԿ-ականը՝ Արշակ Մխիթարյանը, նախ նշեց, որ ինքը չի իմացել էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի մասին, իրեն ոչ ոք չի զգուշացրել, իմանալու դեպքում կմասնակցեր այդ նիստին:
«Էդ քվեարկության պահին ընկերներս, շտապ հարց կար, դուրս եկան, խնդրեցին, ես էլ քվեարկեցի»,- ասաց նա` վստահեցնելով, որ նախկինում երբեք չէր քվեարկել ուրիշի փոխարեն:
«Էլ չենք անի: Գեղեցիկ չի ինձ համար, որ նման բանի պատճառով էթիկայի հանձնաժողովի քննարկման մեջ հայտնվեմ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյանը պատճառաբանեց, որ այստեղ չի եղել, դրա համար չի ներկայացել հանձնաժողովի նիստին: Մեր հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ այդ օրը քվեարկեց ուրիշի փոխարեն, պատասխանեց. «Դե, ստացվել է»:
Պատգամավորը վստահեցրեց, որ ուրիշի փոխարեն քվեարկելու սովորություն չունի, պարզապես այդ օրն այդպես ստացվեց:
«Իրենք էլ էդտեղ լինեին, նույն ձև պետք է քվեարկեին: Այդ պահին պարզապես ուշացան, դրա համար էլ ես քվեարկեցի»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նման բան չի կրկնվի, և ինքը ներողություն է խնդրում ուրիշի փոխարեն քվեարկելու համար: