Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Երեւանից Ապարան տանող ճանապարհին՝ Սուրբ խաչի եւ Տառերի պուրակի հարեւանությամբ, այսօր տնկվեցին մշտադալար անվանական եղեւիներ, որոնք տարիներ անց վեր խոյանալով՝ սերունդներին պիտի պատմեն հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների սխրանքների, անվանի մշակութային գործիչների թողած ժառանգության մասին:
«Թովմասյան» միջազգային հիմնադրամի կառուցած «Հավերժների այգում», ի հիշատակ գիտության, մշակույթի, սպորտի գործիչների եւ զոհված հերոսների, տեղի ունեցավ անվանական ծառատունկ, որին մասնակցում էր նաև պատերազմում զոհված շուրջ 200 նահատակ հայորդիների ծնող:
Մշտադալար եղեւնիներ տնկվեցին ինչպես զոհված հերոսների, այնպես էլ գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 հեղինակավոր մարդկանց անուններով: Որոշ դեպքերում հայտնիներն էին տնկում իրենց անվանական ծառերը, ինչպես, օրինակ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, դերասան Խորեն Լեւոնյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը եւ այլք:
«Թովմասյան» միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, խոսելով նախաձեռնության մասին, ասաց. «Անվանել ենք «Հավերժների պուրակ», որովհետեւ ողջ աշխարհը պիտի իմանա՝ ով է հայը, ինչ հնարավորություններ ունի եւ ինչ է արել երկիր մոլորակում՝ կյանքի շարունակության համար: Այստեղ ներկա են մեր մշակույթի, սպորտի, գիտության, ամենահայտնի ձեռնարկությունների հայտնիները, նրանց հարազատները, 44-օրյա պատերազմին մասնակցած եւ հավերժացած մեր հերոսների ծնողները: Մենք պետք է հասկանանք, որ կյանքը շարունակվում է, եւ այսօրվա ծառատունկով կյանքի շարունակություն տանք այն անձանց, ովքեր մեզ հետ չեն»:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց մեր հերոս տղաների անունը դարերին հանձնելու համար:
«Անսահման մեծ պատիվ եւ հպարտություն է հերոսի մայր կոչումը եւ անչափ պարտավորեցնող. չթուլանալ, չընկճվել, ամուր կանգնել ոտքերին եւ առաջ շարժվել, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր հայեր, եւ ոչ միայն հայազգի ներկայացուցիչներ, այսօր մեզանից օրինակ են վերցնում՝ ինչպես լինել ուժեղ, ինչպես չընկճվել, ինչպես ցավի, տառապանքի ճիրաններից փորձել դուրս գալ, հաղթահարել կարոտի դառնությունը եւ շարունակել քայլել առաջ՝ գլուխներս հպարտ պահելով, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք»,- ընդգծեց տիկին Տերտերյանը:
Անվանական ծառատունկին մասնակցում էին նաև կրթական եւ մշակութային օջախներ: Գաբրիել Սունդուկյանին այգում հավերժացրեց դրամատուրգի անունը կրող հաստատության՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար կազմը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտեց. «Ծառը հավերժության նշան է եւ մեզ տրամադրում է հավերժության: Քանի կա երկիր մոլորակը, հայ ազգը պիտի հավերժ հարատեւի եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի գնանք այդ ճանապարհով»:
Հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅ Դաշնակցության անդամ Նիկոլ Աղբայանն էլ պուրակում ունեցավ իր անվանական եղեւնին: Ծառատունկն իրականացրեցին մեծանուն գործչի անվան դպրոցի (Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոց) 7-րդ դասարանի սաները:
Նշենք, որ «Թովմասյան» հիմնադրամը ավարտին է հասցրել դեպի Մասիսը խոյացող Սրբոց Հրեշտակաց տաճարի կառուցման աշխատանքները: Ապակեպատ եւ ամբողջությամբ ճերմակ, հրեշտակի նմանվող տաճարը՝ իր գմբեթի եւ խորանի յուրօրինակությամբ, տարբերվում է մյուս բոլոր եկեղեցիներից: Տաճարը դեռեւս ամբողջապես պատրաստ չէ. այս պահին ընթանում են մոմավառության սրահի կառուցման աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիանա Սարգսյան