կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-23 15:33
Հասարակություն

Արտագաղթի ժամանակագրություն

Արտագաղթի ժամանակագրություն

Հայաստանի մշտական բնակչությունն, ըստ պաշտոնական տվյալների, 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 1600-ով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 1992-ից ի վեր Հայաստանում միայնՙ 2004, 2005 եւ 2006 թվականներին է միգրացիոն հոսքը եղել դրական:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 586 հազար 800 մարդ: Ըստ շրջանառվող կարծիքների, պատճառը Արցախյան պատերազմը, Խորհրդային Միության փլուզումն ու էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամն է եղել: Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում միգրացիոն աճը ամենաբարձրը եղել է 1992-94 թվականներին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների ընթացքում (1998-2008թթ.) Հայաստանից հեռացել է 57 հազար 600 մարդ, այդ տարիներին Հայաստան ավելի շատ մարդ եկել է, քան մեկնել:

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում արտագաղթողների թիվը հասել է 372 հազար 600-ի, նրա կառավարման տարիների ընթացքում եւ ոչ մի անգամ միգրացիոն սալտոն դրական չի եղել:

2018-ի հեղափոխությունից հետո պատկերը փոխվել է: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալներիՙ 2018-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում, Հայաստան ժամանել է 38 հազարից ավել մարդ:

Չնայած այս ամենին, արտագաղթի թվերը Հայաստանում շարունակում են իրենց կայուն դիրքերում մնալ: Այս տարվա 9 ամսում երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 1 մլն 704 հազար 978 մարդ:

«Զվարթնոց» օդանավակայանից այս տարվա սեպտեմբեր ամսին մեկնել է 274 հազար 637 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանից 6633 մարդ:

1991 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը կազմում էր 3 մլն 574 հազար 500 մարդ, երեսուն տարի անց պատկերը փոխվել է բացասական սալտոյովՙ 609 հազար 900-ով:

 

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ Azg.am