Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
«Սասնա ծռեր»-ի ակտիվության շրջանները, որքան էլ տարօրինակ է, համընկնում են Թուրքիայի և թուրքական տարրի ակտիվության շրջանների հետ: 2016թ. ամռանը, Թուրքիայում ռազմական հեղաշրջման օրերին Երևանում գրավվեց ՊՊԾ գունդը, այսօր, երբ թուրքական բանակը ասպատակում է Սիրիայի տարածքը, իսկ Էրդողանը ժամանել է Բաքու, «Սասնա ծռեր»-ը փորձում է ինքնահաստատման քայլ գրանցել Արցախում. «Սասնա ծռեր» կուսակցության արցախյան խմբակն իր հերթական երկչոտ հայտարարությունն է տարածել, այս անգամ՝ Ստեփանակերտում հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովի և համաժողովի ընդունած ամփոփիչ հռչակագրի կապակցությամբ՝ դրանք գնահատելով որպես «Հայոց պետականության և հայ ազգի դեմ հերթական դավադիր դրսևորումներ»:
«Արցախը ՀՀ մարզ է և արտաքին քաղաքականության սուբյեկտ չէ»,- հայտարարում են արցախցի ծռերը՝ միտումնավոր հեշտացնելով առաջին հերթին Ադրբեջանի գործը, որի նախագահը Սոչիում ընդամենը մեկ ֆրազով հակադարձեց այդ պնդմանը. «Ես էլ ասում եմ՝ Քարաբախը Ադրբեջան է և բացականչության նշան»:
Այս հասարակ բանը չհասկացող ծռերին կարելի էր թերևս համարել «քաղաքական մանկիկներ», եթե, իհարկե, չլիներ վերը նշված հանգամանքը՝ թուրքական տարրի հետ ակտիվանալու՝ նրանց տարօրինակ մարտավարությունը: Այս կապակցությամբ մեր մտահոգություններն ավելի են խորանում, երբ ակնհայտ է դառնում, որ Արցախի բարեկամների համաժողովի և այդ համաժողովի ընդունած եզրափակիչ հռչակագրի նկատմամբ միևնույն դիրքորոշումն ունեն Թուրքիան, Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմին հարող Պակիստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուկրաինան և, չընկնեք, համահայկական կուսակցություն դառնալու նկրտումներ ունեցող «Սասնա ծռերը»: Թվարկվածները, «ծռերն» էլ նրանց հետ, պնդում են, որ Արցախն անկախ պետություն չէ և չի կարող լինել: «Անկախ Արցախ»-ը հակահայ հայեցակարգ է»,- հայտարարում են ծռերը՝ յուրովի սպասարկելով թուրք-ադրբեջանական բլոկի շահերը, միևնույն ժամանակ զարմացնելով թե՛ արցախցիներին, թե՛ ՀՀ ազգաբնակչությանը և թե՛ անկախ Արցախի բարեկամներին, որոնք արդեն 30 տարի է՝ աշխարհի տարբեր բեմերում առաջ են մղում մեր ժողովրդի արցախյան հատվածի՝ անկախ ապրելու իրավունքը:
Այսքանից հետո արդեն խիստ տրամաբանական է թվում, որ «Սասնա ծռերը» ՀՀ-ում և Արցախում զբաղված է պարզ սրիկայությամբ և հանրությանը մոլորեցնելու անշնորհակալ գործով: Օրինակ՝ ի՞նչ գնահատական կարելի է տալ «ՍԾ» ստեփանակերտյան ֆիլիալի ստախոսությանը: Այս խմբակը նենգափողել է «Մեկ ազգ-երկու պետություն» հայեցակարգը՝ այսօր Արցախի անկախությանն այլընտրանք չտեսնողներին համարում է «Երկու ժողովուրդ- երկու պետություն»՝ մինչ այս չլսված ցնդաբանության կողմնակիցներ: Իսկ ի՞նչ կարելի է ասել հայտարարության հեղինակների՝ քստմնելի, ստորության աստիճանի նենգ այն պնդման մասին, թե Արցախի բարեկամների համաժողովը հերթական փորձ էր «Արցախը Երևանի դեմ ռևանշիստների որջի» վերածելու ուղղությամբ: Բա էս տողը գրող քաղաքական խեղկատակին չասե՞ս՝ ա՛յ տղա, Սփյուռքը և Արցախը ՀՀ-ին հակադրելու այդ մարտավարությունն այսօր կիրառում են բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, և դու՝ որպես Էրդողանից և Ալիևից ածանցյալ երևույթ, հիմա թութակում ես նույն բանը՝ չհասկանալով, որ Արցախի բարեկամները նաև Հայաստանի ու Հայ դատի բարեկամներն են, միջազգային բեմերում Էրդողանի ու Ալիևի բերանները փակողները:
Դավաճանության մասին են խոսում «Ծռերը»՝ «դավաճաններին» սպառնալով «Հայկական Նյուրնբերգով»: Սահմռկել կարելի է՝ դավաճանության մասին են խոսում ՀՀ-ն Արցախին հակադրողները, ԱՀ և ՀՀ սահմանադրություններն արհամարհողները, գրեթե 100 տոկոսով հայությամբ բնակեցված ՀՀ-ում և Արցախում «ազգային ազատագրական պայքարի» առաջամարտիկները, հայ ոստիկանին իր ծառայության վայրում գնդակահարողները, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի շահերն առաջ տանողները: Մնում է՝ ճիշտ հետևություններ անել, քանզի, այս ամենով հանդերձ, «ծռերը» նաև ընդունակ են իշխանությունների հետ սերտաճելու և իրենց քայլերի համար պատասխանատվությունից խուսափելու:
Էդիկ Անդրեասյան