կարևոր
3076 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-17 10:11
Քաղաքական

Արցախահայության արտագաղթի կասեցումը հրամայական է

Արցախահայության արտագաղթի կասեցումը հրամայական է

Արցախահայության արտագաղթի կասեցումը ազգային միասնական պատասխանատվություն է պահանջում։ Արցախը համահայկական պայքարի ոգին է, կորիզը, համախմբողը։

Արցախյան ողբերգական օրերից հետո, այսօր կրկին դառն ու ցավալի իրողության առջեւ ենք կանգնած, երբ այդ կորիզը փշրվում է, մեր աչքի առջեւ տարածվում աշխարհի տարբեր հատվածներում։

Շատերը գնում են վիրավորված, խոցված, ցանկությունը մեծ է Հայրենիքում ապրելու, արարելու, բայց պայմանները բարդ են, նրանց խոսքը լսելի չէ, ձայնը խեղդված, անպատասխան, հոգեպես եւ բարոյապես կոտրված, այլընտրանք չի մնում։ Արցախի իշխանությունները՝ որպես ժողովրդի առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, անմիջական մասնակցություն չեն ունենում նրանց խնդիրների լուծմանն ուղղված հարցերում։ Արտագաղթին նպաստող երեւույթները շատ են, թեւաթափ եղած ժողովրդին չեն սպասեցնում։

Մենք կորցնում ենք հավաքական պայքարի կորիզը։ Չպետք է թույլ տալ, որ պայքարող արցախցին անհույս նայի դեպի օտարություն, այնտեղ փնտրի ապագան։ Այսպես մենք դավաճանում ենք մեր պայքարի գաղափարը, մեր նվիրյալներին, ովքեր չխնայեցին ոչինչ՝ Արցախը փրկելու ճանապարհին, վտանգում` վերադարձի իրավունքի մեր արդար պահանջը։

Որքան էլ ծանր լինի պետք է ընդունենք, որ համահայկական զարթոնքի կարիք ունենք։ Օրվա հրամայական է համահայկական օրակարգի մշակումը՝ ազգային կառույցների միասնական պատասխանատվությամբ նպաստելու, գործուն աջակցություն ունենալու այդ կորիզը պահելու, թույլ չտալու նոր ուծացում։

Այս ուղին բարդ է ու խոցելի, բայց իրականանալի՝ երբ լինենք ազգային մտածողությամբ, միասնական, զինված հավատքով եւ պայքարով։

 

«Ապառաժ»-ի խմբագրական

16 հուլիսի, 2024թ․