Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
hraparak.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։
– Ձեր մարզային այցելություններն ի՞նչ համատեքստում պետք է դիտարկել՝ փողոցային պայքար սկսելո՞ւ` իշխանափոխության հարցը մնում է ձեր օրակարգում, թե՞ պարզապես հանդիպումներ եք ունենում, որպեսզի հաշվետու լինեք ձեր ընտրողին, համակիրներին:
– Նախ՝ քանի որ մեր գնահատականները չեն փոխվել իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի նկատմամբ, գնահատականներին համահունչ՝ չի փոխվել նաեւ մեր քաղաքական օրակարգը՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելը։ Իշխանություններ, որոնք Հայաստանի պետականության կորուստներ են բերում, չեն կարողանում սպասարկել մեր ազգային պետական շահը, հակառակը` շարունակում են իրենց ոչ հայանպաստ քաղաքական կուրսը։ Հետեւաբար, մեր մարզային հանդիպումները պետք է դիտարկել նախ որպես քաղաքական միավորի հանդիպումներ մեր ընտրազանգվածի հետ, հանրության լայն շերտերի հետ, ինչու չէ` մեր ակտիվի հետ։ Դրանք մեկը մյուսին չեն հակասում։ Մեր բոլոր հանդիպումներն անցնում են մի կարգախոսի տակ՝ «Ո՛չ Հայաստանի թուրքացմանը», որովհետեւ այս քաղաքական կուրսը տանում է Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման, որովհետեւ ունենք մի իշխանություն, որը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից եւ ապազգային նպատակներ է հետապնդում։
– Իշխան Սաղաթելյանը երեկ խոսել է ուժերի համախմբման մասին եւ ազգային դիմադրության ստեղծումը կենսական անհրաժեշտություն է համարել: Այդ պարագայում որքանո՞վ է արդյունավետ միայն ձեր ակտիվի հետ հանդիպելը, ավելի ճիշտ չի՞ լինի հանդիպել ՀՀ քաղաքացիների հետ՝ բակեբակ, գյուղեգյուղ։
– Այո, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը պետք է ընդունել որպես ազգային արթնացումի եւ ազգային դիմադրության կոչ, որովհետեւ քաջ գիտակցում ենք, որ երկրում քաղաքական փոփոխություններ հնարավոր են միայն համազգային միասնականությամբ, քաղաքական ուժերի համախմբումով եւ հանրության մեջ այդ գիտակցումի արթնացումով, որ մենք գնում ենք պետականության կորստի։ Ինչ վերաբերում է հանդիպումների ֆորմատին, ապա բոլորը բաց են հանրության համար, միայն մեր ընտրազանգվածը չի ներկա, վստահ ենք, որ ընտրություններից հետո էլ շարունակում է նվազել իշխող քաղաքական ուժի հենարանը, որովհետեւ հանրության նորանոր շերտեր հասկանում են, գիտակցում, թե այս քաղաքական ուժը Հայաստանի հետագա գոյության համար ինչ սպառնալիք է։
– Ինքներդ եք շեշտում, որ Հայաստանի գլխին նոր սպառնալիքներ են կախված, ավելի արդյունավետ մարտավարություն չէ՞ր լինի` անցնեիք տնետուն, բակերով, զրուցարաններով, ոչ թե ձեր էլեկտորատի հետ քննարկեիք այդ հարցերը։
– Մենք օգտվելու ենք քաղաքական ողջ գործիքակազմից՝ խորհրդարանական պայքար, փողոցային պայքար, մարզային այցեր, հանդիպումներ, մեր հետագա ծրագրերում նաեւ ունենք Ձեր նշած գյուղեգյուղ հանդիպումների, զրույցների բոլոր հնարավոր միջոցները։
– Ինչպիսի՞ ազդակներ եք ստանում այդ հանդիպումներից, մարդիկ պատրա՞ստ են կրկին փողոց դուրս գալ, հեռացնել այս իշխանություններին, թե՞․․․․
– Իսկապես, պետք է ենթադրել, եւ շատ բնական էր, որ մենք ունենայինք համազգային ընդվզման շատ ավելի մեծ ալիք՝ հաշվի առնելով այն աղետը, անտեր իրականությունը, որում այսօր Հայաստանն է՝ մշուշոտ, անհեռանկար, ուր հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վաղուց դուրս է եկել մեր տարածաշրջան, եւ մենք նույնիսկ զգում ենք նոր պատերազմի շունչը, նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմի, Պակիստանի ակտիվությունը, Իրանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք քաղաքական բովանդակություն ունեն: Տպավորություն ունենք, որ մեր տարածքային ամբողջականության համար շատ ավելի մտահոգ է Իրանի քաղաքական վերնախավը, քան Հայաստանը։ Այս կոնտեքստում բնական կլիներ, որ հանրային դիմադրության ավելի մեծ ալիք ունենայինք, բայց ունենք այն, ինչ ունենք:
– Իսկ ընդդիմությունն անելիք չունի՞ այս առումով։
– Անելիք, անշուշտ, ունենք, բայց ես շարունակելով նշեմ, որ մենք ազդակներ ենք ստանում այն մասին, թե որքան պետք է հանդուրժենք, երբ պետք է հեռացնենք այս իշխանություններին: Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են ակնկալում եւ պահանջում։
– Եվ ի՞նչն է խանգարում, որ կատարեք մարդկանց պահանջը, փողոց վերադառնաք։
– Գործողությունների ողջ ընթացքը դրան է ուղղված։ Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության օրը, գուցե՝ հաջորդ օրը, մենք զանգվածային հրապարակային ծրագիր ունենք իրականացնելու, բայց հիմնական խնդիրը՝ մարզերով անցնել, բարձրաձայնել մեր գլխին կախված սպառնալիքների մասին, արթնացնել նրանց, ովքեր շարունակում են ընդարմացած, ցավին, դարդին անհաղորդ մնալ: Հասարակությանն արթնացնել է պետք, որովհետեւ մեր բոլոր քաղաքական ծրագրերը կմնան անկատար, եթե հանրային հենարան չունենանք, ի վերջո, սա է իրականությունը՝ Նիկոլ Փաշինյանն ունի 570 հազար ընտրող՝ 200 հազարով պակաս, քան նախորդ ընտրություններին, մենք էլ ոչ պակաս ընտրազանգված ունենք, բայց հանրային մեծ զանգված մերժեց ընտրությունները, հիմա այդ զանգվածին պետք է փորձենք համոզել, որ իր ակտիվությունը խիստ կարեւոր է։ Մեր ամբողջ վարքագիծն ուղղված է լինելու ժողովրդի արթնացմանը, դիմադրության շարժում ձեւավորելուն, ՀՀ-ի թուրքացումը կանխելուն, Արցախի հայաթափման քաղաքականությունը կասեցնելուն։
– Արդարացի՞ եք համարում արտախորհրդարանական ընդդիմադիրների՝ ձեզ ուղղված քննադատությունները, որ ակտիվ չեք պայքարում, հարմարվել եք խորհրդարանական կյանքին։
– Բացարձակապես արդարացված չենք համարում, եթե նրանք Հայաստանի կորստի օրակարգ տեսնում են, ապա ոչ մեկը չի կապել իրենց ձեռքերը արտախորհրդարանական պայքարում եւ Հայաստանի փրկության ճակատում, բաց են թե՛ օրակարգերը, թե՛ հրապարակը, թող գնան պայքար կազմակերպեն։ Իսկ դիվանաբույծ քաղաքական վերլուծաբաններին էլ չեմ ուզում անդրադառնալ, քաղաքական դաշտը մոնոպոլացված չէ, թող կարողանան պայքարել, կասեցնել Հայաստանի կործանումը։
Լուսինե Շահվերդյան