կարևոր
1744 դիտում, 3 ամիս առաջ - 2022-10-10 16:43
Քաղաքական

Գերասիմ Վարդանյանը խղճի, սկզբունքի և քաղաքական համոզումների բանտարկյալ է. Լիլիթ Գալստյան

Կա պատգամավորների երաշխավորություն և դրան զուգահեռ ուզում ենք որպեսզի կիրառվի գրավ։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Մի շարք պատգամավորների երաշխավորություն չի անցնում, դա խոսում է այն մասին, որ մեր երկրի, մեր պետության մեջ տեղի է ունենում պետական ինստիտուտների քայքայում, հեղինակազրկում։ Գերասիմ Վարդանյանը լինելով խղճի բանտարկյալ, քաղաքական համոզումների բանտարկյալ, սկզբունքի բանտարկյալ է, և այս քաղաքական հալածանքը, որ գործող իշխանությունը իրականացնում է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, թուլացնում է նրանց, հեղինակազրկում։ Ամեն անգամ բախվում ենք նրա հետ, որ սա մի երկիր է, որտեղ գնալով խորանում է բռնատիրությունը, որտեղ մի կողմ է դրված երկրի սահմանադրությունը և օրենքները, որտեղ կա մեկ մարդու կամք և քմահաճույքներ։Մասնագիտական խղճի կողքին ,օրենքների կողքին կա նաև մարդկային նկարագիրը դատական համակարգում, համակարգը չի կարող գործել լիարժեք, եթե նրա կողքին չկա մարդկային նկարագիրը»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։