Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրամաբանական է, որ Տոնոյանը կամաց-կամաց բացելու է փակագծերը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը` անդրադառնալով Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` մի քանի ԶԼՄ-ների հարցերի պատասխաններին։
Ըստ փորձագետի` պարզ է, որ Տոնոյանը պետք է իշխանություններին հարված հասցներ։ «Իմ կարծիքով` Տոնոյանը սպասեց մի քանի ամիս, ներքին օղակներով լուր ուղարկեց Փաշինյանին, թե՝ բաց թող, չեմ խոսի։ Փաշինյանը բաց չթողեց, Տոնոյանը խոսեց»,- նշեց նա։
Վան Համբարձումյանի խոսքով` հիմա Տոնոյանն է սկսել գրոհել:
Ըստ փորձագետի՝ Պատրոն Դավոն, որը Տոնոյանի ընկերն է, զինված ուժերին մատակարարել է հին, չեխոսլովակյան, պահեստներում մնացած, ժամկետանց ռազմամթերք, որ չի համապատասխանել Հայաստանի հրանոթային սպառազինությանը: Բացի դրանից՝ այդ հրետանային արկերը, որոնք մատակարարել է Պատրոն Դավոն, չեն համապատասխանում ժամանակակից ստանդարտներին։
Վան Համբարձումյանը նշում է, որ ՀՀ զինված ուժերն անգամ 90-ական թթ. օգտագործել են նորագույն արկեր, իսկ Տոնոյանի պարագայում՝ մատակարարվել են հին հրետանային արկեր, հրաձգության ժամանակ հենց կրակել են, փողի ռեսուրսը մաշվել է: Ըստ փորձագետի` Հայաստանի ողջ փողային հրետանին ոչնչացվել է հենց Տոնոյանի օրոք։
«Հայ հրետանավորը Պատրոն Դավոյի և Տոնոյանի մատակարարած արկը լիցքավորում է հրետանու փողի մեջ։ Նշան է բռնում, կրակում, բայց քանի որ այդ արկերը հին են և հաշվված են հին, չեխոսլովակյան հրետանու համար, չեն հասնում իրենց նշանակետերին։ Օրինակ՝ այն կարող է գնալ և ընկնել հայկական զորքերի վրա, ինչպես նաև արկը կարող է փողի մեջ պայթել»,- նշեց նա։
Հարցին՝ Տոնոյանն առանց Փաշինյանի համաձայնությա՞ն է նման քայլերի գնացել, Վան Համբարձումյանը պատասխանեց, որ ինքը` Տոնոյանը, իր խոսքի մեջ ասում է, որ Փաշինյանը տեղյակ է եղել ամեն ինչից։
«Փաշինյանը, ըստ էության, կարող էր այդ ամենից գլուխ չհանել, բայց այստեղ հանճարեղ պետք չէ լինել, որ՝ առանց գերագույն գլխավոր հրամանատարի ստորագրության, պետությունը չէր կարող այդ ծախսերը անել: Հիշեցնենք՝ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։ Առանց Փաշինյանի ստորագրության բյուջեից դուրս չեն հանվում նման ահռելի թիվ կազմող դոլարներ: Փաշինյանն ինչպե՞ս է ստորագրում 30-40 տարվա հնության հրետանային արկերի գնման պայմանագիրը։ Փաստն այն է, որ առանց նրա ստորագրության Տոնոյանը չէր կարող բյուջեից գումար դուրս բերել: Հետևաբար՝ այդ ամենն արվել է Փաշինյանի համաձայնությամբ»,- ասաց փորձագետը։
Փորձագետի խոսքով` Փաշինյանն ասում է, որ ոչ ոք չկասկածի իմ հրամանատարական հատկությունների վրա, միևնույն ժամանակ այդ մարդը եթե չի նայել, թե ինչի տակ է ստորագրել, էլ ինչի՞ մասին է խոսքը։
«Փաշինյանը գնել է Հորդանանից զինտեխնիկա, որը բավականին հին է։ Փաշինյանին զեկուցել են, որ այդ զինտեխնիկան հին է, բայց եթե չի էլ զեկուցվել, զարմանում եմ` մարդ որքա՞ն անպատասխանատու պետք է լինի, որ չի նայում, թե ինչի տակ է ստորագրում»,- ասաց Վ.Համբարձումյանը։
Ըստ փորձագետի` հասարակությանը մատուցվել էր հետևյալը՝ Ն. Փաշինյանը կործանիչ է ձեռք բերել, իսկ ահա նախկինները ձեռք չէին բերել դա: Այսինքն՝ Փաշինյանն այդ կործանիչները ձեռք է բերել իր հեղինակության համար և, ի դեպ, քարոզչական պատերազմում 100% հաղթանակ տարավ։
Փորձագետը հիշեցնում է, որ 2019 թ. Տոնոյանի հրամանով 161 միավոր զրահապատ տեխնիկա ուտիլիզացվեց։ «Տոնոյանը ուտիլիզացրեց 161 միավոր զրահատեխնիկա։ Բոլոր լրատվամիջոցներին ուղարկեց աղբանոց, ցույց տվեց տեխնիկայի կմախքներ, իբր թե Գերմանիայի պայմանագիրն է, որ արգելում է մի շարք երկրներին ունենալ x չափի զրահատեխնիկա։ Այսինքն՝ Հայաստանի անվտանգության համար գերմանացիները հաշվել են, օրինակ, 100 հատ մարտական հետևակի մեքենան բավական է։ Դուք պատկերացնում եք սրանց ուղեղի չափը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ հայ լրագրողներին Հովհաննիսյան Արծրունը ցույց էր տալիս կմախքներ, բայց ուտիլիզացվել է բոլորովին ուրիշ զինտեխնիկա, ընդ որում` պատերազմից առաջ։
Անդրադառնալով նաև այն վարկածին, թե Տոնոյանը սկսել է խոսել Ն. Փաշինյանի հրահանգով, փորձագետն ասաց, որ Փաշինյանին հիմա նոր ցնցումներ պետք չեն։ Տոնոյանի պարզաբանումը նշանակում է քար նետել Փաշինյանի վրա։ Եթե Տոնոյանը խոսեց, այս իշխանությունների վրա է քար գցելու։
Լենա Կարապետյան