կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 14:01
Քաղաքական

Պետք է արհեստավարժ բանակցող կողմ ու հավատ. Քոչարյանը՝ Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին

Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ, իրենց ամբողջ գործունեությունը կառուցված է  համոզելու, առաջարկներ առաջադրելու վրա,  բայց  ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել,  և մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է  էապես ինչ-որ բաներ փոխել,  չեմ կարծում, որ  դա իրատեսական է․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավո՞ր է վերադարձնել  Հադրութն ու Շուշին։

«Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի դերը Մինսկի խմբի շրջանակներում շեշտակի աճել է, բայց ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը  լրիվ  ուրիշ դիրքերում է հայտնվել այս բանակցային գործընթացում, ակնհայտ է նաև, որ,  տարածաշրջանային առումով, Ադրբեջանն ու Թուրքիան  մեծացրել են իրենց ազդեցությունը,  և այս ամենն իրար հակակշռելու է։ Շատ դժվար է հիմա  ասել, թե ինչի կարելի է  հասնել, սա կախված է մի շարք հանգամանքներից և հետագա զարգացումներից՝  և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ  տեսանկյուններից: Ուղղակի  պետք է արհեստավարժ բանակցող կողմ, պետք է հավատ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, և  Հայաստանը պետք է իր եղած հնարավորություններով  մտնի այս պրոցեսի մեջ ու վերցնի  իր վրա պատասխանատվություն։  Հիմա այս հանգամանքներից ոչ մեկն այսօր չկա, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես այժմ է, որևէ հույս լինել չի կարող:  Ամեն դեպքում՝  երաշխավորվա՞ծ է որևէ բան, ո՛չ, բայց այն, ինչ  ունենք այսօր,  երաշխավորված ձախողում է,  նաև՝ ապագայում: Հիմա փորձե՞նք  դա անել,  թե՞  չփորձենք, իհարկե, պետք է փորձել, այլ ոչ թե Արցախի հարցն ամբողջությամբ գցել Ռուսաստանի գրպանը:  Ռուսաստանն այս պատերազմից հետո  շատ ավելի է հաշվի նստելու Ադրբեջանի  մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում, ստիպված է լինելու»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը: