կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 09:36
Արցախ

Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակով դիմել է Պուտինին` խնդրելով վերադարձնել Շուշին, Հադրութը․ «Ազատություն»

Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակով դիմել է Պուտինին` խնդրելով վերադարձնել Շուշին, Հադրութը․ «Ազատություն»

Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ: Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցրել է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի` ժամանակին Ռուսաստան տեղափոխելը: Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը:

«Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հնարավոր արձագանքին, քահանան ասել է. «Կարծիքը հաշվի կառնեն, որովհետև Երուսաղեմն այն բացառիկ կենտրոններից մեկն է, որն իր ազդեցությունն ունեցել ու ունենում է ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների վրա, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն համաձայնությունը, ինչ որ եղել է նոյեմբերի 10-ին: Պետք է հաշվի առնենք նաև այն եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին»: Ռուսաստանը, լինելով քրիստոնյա, նրա կարծիքով` ինչ-որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Պատերազմի ժամանակ Իսրայելի փոքրաթիվ հայկական համայնքն ավելի քան 250 հազար դոլարին համարժեք օգնություն է ցուցաբերել, և շարունակվում են աշխատանքները հանգանակությունների ու տարբեր ծրագրերի միջոցով՝ Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու շրջանակներում: