Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկախությունը ազգի եւ երկրի գլխավոր արժեքն է:
Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ տեղի են ունենում մեծ ու կարևոր իրադարձություններ, որոնք դարեր շարունակ որոշում են նրանց հետագա ճակատագիրն ու զարգացման ուղին։ Հայ ժողովրդի համար նման մեծագույն պատմական իրադարձությունը վերանկախացումն է, որը կտրուկ փոխեց մեր ազգի ճակատագիրը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքում հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմ արտահայտվեց Ազատ և Անկախ պետականություն ունենալու գաղափարին։
Հայերիս համար այս ամսաթիվը ազգային հպարտության, խիզախության եւ փառքի խորհրդանիշ է, մարդկանց միասնության եւ համախմբվածության մարմնավորում: Վերանկախացումն ամրապնդեց հայ ժողովրդի ոգին եւ նոր աստիճանի բարձրացրեց հասարակության մեջ ինքնագիտակցության, հայրենասիրության եւ ազգային հպարտության գործընթացը:
Ինչպես հայտնի է պատմությունից, ցանկացած ազգի համար անկախություն ձեռք բերելը հեշտ չէ: Մեր ժողովուրդը, խորապես գիտակցելով այս ճշմարտությունը, իր սրտում հավերժ պահում է անձնուրացություն և քաջություն ցուցաբերած նախնիների հիշատակը, որոնք իրենց կյանքը չեն խնայել անկախության համար մղվող պայքարում: Տարեցտարի մենք ավելի խորն ենք գիտակցում հայ ժողովրդի կատարած ընտրության պատմական ուժը։ Ընտրություն` ապրել ազատ և վերանկախացած երկրում։ Բոլորիս միավորում և պահպանում է, ավելի ամուր ու վստահ է դարձնում Անկախության մեծ ոգին։ Այն մարմնավորվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու և հայկական յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր նոր կառուցված տան, յուրաքանչյուր քաղաքի և գյուղի մեջ։
Հայ ժողովրդի քաղաքացիական, աշխատանքային, հասարակական խիզախությունը հաստատված է պատմության բազմաթիվ հաղթանակներով և իրագործումներով։ Մեզ համար հայրենասիրության, հայրենիքի հանդեպ սիրո զգացումներն իսկապես անգնահատելի են։ Այդ բարձր որակները, մարդկանց ամուր քաղաքացիական դիրքորոշումը պահպանում են, ամրացնում երկրի միասնությունն ու ինքնիշխանությունը։
Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու անսասան վճռականությունն է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել Հայրենիքը, ինչպես մեզ կտակել են մեր հերոսական նախնիները։ Սեպտեմբերի 21-ը մեր ազգային ինքնության, բազմադարյան մշակույթի և ազատության ձգտման մարմնացումն է։ Ազատության գաղափարը միշտ եղել է գլխավոր հենարանը, որը միավորել է բոլոր հայրենասերներին և հնարավոր է դարձրել մեր երկրի վերանկախացումը։
Երկրի անկախությունն ապահովելու համար, նրա վստահ զարգացման համար շատ գործոններ են կարևոր։ Բայց դրանք արդյունավետ և գործուն են, եթե ժողովուրդը հավատում է իր հայրենիքին, հարգում և աջակցում է նրան, եթե մարդիկ մեր երկիրը համարում են լավագույնը աշխարհում և ձգտում են ապրել ու աշխատել հանուն նրա բարգավաճման։
Հայաստանի պատմության մեջ սեպտեմբերի 21-ն այն ամսաթիվն է, որը նշում է արմատական վերափոխումների սկիզբը: Դրանք ժամանակի ընթացքում պահանջված էին, բայց, ինչպես ցանկացած արմատական բարեփոխում, դարձան շատ դժվար, երբեմն դրամատիկ` պետության և մեր ժողովրդի համար:
Հայաստանն ապացուցեց, որ ի վիճակի է ինքնակատարելագործվել, ձգտել լավագույնին, արմատական առաջընթաց կատարել դեպի նոր քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական հարթություն, և ոչ թե պարզապես հարմարվել փոփոխություններին, այլ հասնել զգալի հաջողությունների, հաղթահարել դժվարությունները քաղաքացիական և ազգային համաձայնության հիման վրա, հուսալիորեն ամրապնդել ինքնիշխանությունը։ Մենք հստակ որոշել էինք մեր ազգային շահերը, հայտարարել էինք դրանց մասին և հաստատակամորեն պաշտպանում էինք դրանք, վստահաբար նայում ապագային, մեր առջև դնում էինք ռազմավարական նպատակներ։
Այսպես էր մինչև 2018 թվականի չարաբաստիկ հեղաշրջումը,երբ երկրիս ղեկավարներ դարձան ապազգային,անինքնասեր և վախկոտ մարդիկ։
Մեր ընդհանուր նպատակը ուժեղ, վստահ, ամուր Հայաստանն է, երկիր, որտեղ հարմարավետ եւ անվտանգ է ապրել, որտեղ
մարդիկ իրենց ազնիվ աշխատանքով եւ տաղանդով կարող են հաջողության հասնել: Այդ նպատակին մենք կարող ենք հասնել միայն միասին ՝ ցուցաբերելով մեր կամքն ու համախմբվածությունը, չընկրկելով դժվարությունների ու փորձությունների առջև։ Մենք անպայման կհասնենք դրան եւ կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը։
Վստահ եմ ՝ այդպես էլ կլինի։
Պատմության դասերը կարեւոր է հիշել, ոչ թե կրկնել սխալները կրկին…
Կեցցե’ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը:
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ