կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 14:11
Առանց Կատեգորիա

Անկախության կորստի շեմին գտնվող երկիրը, «հացը և տեսարանները»

Անկախության կորստի շեմին գտնվող երկիրը, «հացը և տեսարանները»

Հին Հռոմում իշխանությունը  հասարակ ժողովրդին պարբերաբար զվարճացնում էր  կրկեսային տեսարաններով, որպեսզի շեղի նրանց ուշադրությունը կարևոր խնդիրներից։ Այսօր էլ՝ 21–րդ դարում, շատերը «հացը և տեսարանները» նախընտրում են ճշմարտությունից և իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից։ Անկախության կորստի շեմին գտնվող Հայաստանի իշխանությունն էլ որոշել է անկախության 30-ամյակի պատրվակով՝ գունագեղ  տեսարաններով շեղել ժողովրդի ուշադրությունը անվտանգային սպառնալիքներից և սոցիալական խնդիրներից՝ արժանանալով  նախկիններին պատժելու մոլուցքով կերակրվող հանրույթի հիացմունքին ու հարուցելով պարտության ամոթից ուշքի չեկած ազգի մի հատվածի զայրույթը։ Տեսարանները պետք են պատերազմելուց հոգնած ժողովրդին կյանքի սովորական ռիթմին վերադարձնելու, երկրի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում խաղաղության պատրանք ստեղծելու համար։ Հետո ինչ, որ զոհվածի մայրը իրեն կպատռի, թե որդու արյունը դեռ չի չորացել կամ գերեվարվածի քույրը պաստառը ձեռքում կհիշեցնի, որ եղբայրը դեռ Բաքվում է։

«Գունագեղին» մասնակցող հանրույթի համար «կյանքը շարունակվում է» թեզը գերակա է ցանկացած անվտանգային սպառնալիքից, «Մեծ Թուրանի» վտանգների մասին թուրքագետի ահազանգից կամ Որոտանի ճամփին առևանգված հայերի ճակատագրից։ «Գունագեղին»  մասնակցող հանրույթի մի մասն էլ իր ներկայությունը հրապարակում շտապում է արդարացնել անկախությունը տոնելու արդար ձգտումով՝ ֆեյսբուքյան էջը ողողելով հայրենասիրական պաթոսի հերթական չափաբաժնով։ «Գունագեղին» չմասնակցող հանրույթն էլ մասնակցողների դատավճիռն արդեն կայացրել է հենց ֆեյսբուքում՝ պիտակավորելով ու կասկածի տակ դնելով այդ մարդկանց ազգային պատկանելությունը։ Հուսալքված մարդկանց մի խմբի համար էլ այս օրը առիթ է՝ վիճելու, թե ով մսխեց անկախությունը՝ նախկինները, թե ներկաները, Խորհրդային Միությա՞ն, թե՞ անկախության սերունդը, չափելու՝ ու՞մ մեղքի բաժինն է ավելի մեծ՝  2018-ին Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը փակած հեղափոխական երիտասարդի՞նը, թե՞ այն պատկառելի տարիքով տիկնոջը, որը 2021-ի հունիսի 20-ին իր քվեն տվեց Արցախի մեծ մասի և ջահել տղերքի կորստի համար պատասխանատու իշխանությանը՝ ինչ է թե նախկինները չվերադառնան։

Մեղքի զգացումը չափելը այլևս էական չէ. սարսափելին, թերևս, այսքանից հետո մեղքի զգացում չունենալն է, հայրենիքի հանդեպ պարտքի իսպառ բացակայությունն ու երկրի ճակատագրի վրա թքած ունենալու հոգեվիճակը։ Ամենասարսափելին, թերևս, անտարբերությունն է, որն ունակ է Բիբլիական մեր ժողովրդին վերածելու անդեմ գոյի՝ առանց ինքնության ու արժանապատվության, առանց բանականության ու հիշողության։

Իսկ ի՞նչ է լինում այն ազգերի հետ, որոնք կորցնում են բանականությունն ու շարժվում բնազդով։  Օրինակ, Հռոմը կործանվեց, երբ ժողովուրդը վերածվեց բնազդով շարժվող ամբոխի, երբ մարդիկ տեսարանը նախընտրեցին ճշմարտությունից և իրենց քաղաքացիական պարտքի կատարումից։ Փաշինյանի իշխանությունը, որը խաղադրույք է կատարել մարդկանց բնազդների վրա, նույնպես դատապարտված է կործանման։ Հեռու չէ այն օրը, երբ նախկիններին պատժելու տեսարաններից ձանձրացած ամբոխը կտենչա այս իշխանության «մահապատիժը» և իր բոլոր դժբախտությունների համար մեղավոր կնշանակի ներկաներին։ Հարց է, թե այդ ժամանակ կլինենք կիսաանկա՞խ, կիսագաղութացա՞ծ, թե՞ կիսված պետության կարգավիճակում։

Իսկ պետության կործանումը պետք է կանգնեցնել ամեն գնով։ Պետության անկման իներցիոն ընթացքը կանգնեցնելու համար բավարար չեն ազնիվ մղումներն ու նվիրվածությունը։ Թմբիրի մեջ գտնվող ժողովրդին այլևս չի համախմբի ո՛չ թրքացման և ո՛չ էլ գաղութացման վտանգը։ Մեզ այս վիճակից կարող է հանել միայն իրատեսությունն ու անտարբերության նկատմամբ անհանդուրժողականությունը, չհանձնվելու կամքն ու միասնական պետություն ստեղծելու նպատակը։ Ի վերջո, պետք է գիտակցել, որ այլևս չունենք տեսարարաններով զվարճանալու և մեղավորներ նշանակելու ժամանակ, չունենք Կարթագենի կամ Հռոմի վերածվելու երկիր, չունենք դաշնակից և մեր փոխարեն կյանքը զոհել պատրաստվող զինակից... Պիտի գիտակցենք, որ ուրիշ հողակտոր, ուրիշ հայրենիք պարզապես չունենք։

Թագուհի Մելքոնյան