Այսօր, ես ոչ ոքի չեմ շնորհավորելու և շնորհավորանքի ևս չեմ սպասում մի պարզ պատճառով՝ մենք չունենք անկախություն:
Հայրենիքը, պետությունը, անկախ պետությունը սկուտեղի վրա մատուցվեցին թշնամուն: Այն թշնամուն, որը 1994 թվականին Անկախ Հայաստանից ու Հզոր Հայկական Բանակից զինադադար աղերսեց:
Այսօր, անհայրենիք մատուցողները գունագեղ տոնակատարություն են անելու, որպեսզի նշեն իրենց հաղթանակը՝ Անկախության կորստի երեքամյակը:
Անկախության երեսնամյակը պետք է լիներ զինվորական շքերթով, անկախությունը կերտողների, պահողների և անկախության սերնդի մասնակցությամբ: Անհայրենիք խմբակը դարձավ նրանց բոլորի գերեզմանափորը:
Ի՞նչ անկախության տոն, եթե մենք կորցրել ենք մի ողջ անկախության սերունդ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենար Անկախ Հայաստանի զարգացման գործում:
Ի՞նչ անկախության տոն, երբ մենք չունենք Արցախ:
Սակայն սա չի նշանակում, որ անկախությունը կերտողները, պահողները և անկախության սերունդը պարտվել են անհայրենիք խմբակին: Երբե՛ք:
Մեր հերոսների ոտնահետքերով սկսված պատմությունը, մեր սերնդի ոտնահետքերով չի կարող ավարտվել, իսկ պատմությունն ունի ոտնահետքեր: Պատմությունը հաղթողներն են գրում: Հայրենիքը լոկ աշխարհագրական տարածք չէ, այն սուրբ հող է, որը ոչ ոքի չեն զիջում: Մեր այսօրվա հերոսները՝ Արշակյան Գևորգը, Նազարյան Աբգարը, Հովհաննիսյան Ալբերտը, Մեհրաբյան Արենը, Հակոբյան Արթուրը, Ամալյան Վարդանը, Մանուկյան Վաչագանը և բոլոր մեր մյուս հերոսները, առանց մեզ հարցնելու իմաստավորել են մեր կյանքը՝ իրենցը զոհելով հանուն մեզ ու մեր ապագայի:
Հավատում եմ, որ ազգը իր մեջ կվերագտնի ուժ և իմաստնություն նոր հաղթանակներ կերտելու և անկախությունը վերականգնելու համար:
Իրական անկախության հոբելյաններ մենք դեռ կունենանք...
Ռուբինա Պետրոսյան