|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երկիրը կանգնած է ապստամբության շեմին, դժգոհությունը հսկայական է, որովհետեւ ընչազուրկ մարդկանց թիվը մեծ է եւ շարունակում է մեծանալ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
Նա չբացառեց, որ Հայաստանում շատ կարծր զարգացումներ են հնարավոր, եւ այն մարտահրավերները, որոնք մեզ սպասում են ապագայում` պարենային ճգնաժամ, բնական աղետների հետեւանքով առաջացած ճգնաժամ եւ այլն, շատ ավելի խորը ու ծանր են լինելու, քան այն, ինչ անցել ենք` պատերազմ, երկրաշարժ:
«Դա չի նշանակում, որ մենք ավելի ու ավելի մեծ դժբախտությունների առաջ պետք է կանգնենք: Եթե որակներս բարձր լինեն, մենք շատ ավելի հեշտ կանցնենք այդ մարտահրավերները»,- ընդգծեց Մանուչարյանը` գուժելով, որ այն արժեհամակարգը, որով այսօր ղեկավարվում է մարդկությունը, նրան սպառնում է ոչնչացմամբ:
Անդրադառնալով ներքին խնդիրներին` վերլուծաբանը շեշտեց, որ կադրային վերջին նշանակումների եւ փոփոխությունների տրամաբանության մեջ առկա է հենց այդ գործողությունները թույլ չտալու տրամաբանությունը:
«Իրականում այդ նշանակումները շատ ավելի մեծ խորամանկություն են պարունակում, քան մենք պատկերացնում ենք»,- եզրակացրեց նա եւ նշեց, որ Հայաստանը պետք է փոխի իր որակները. այն օլիգարխներին, որոնք իրենց լայն պարանոցներին շատ ծանր ոսկե շղթաներ են կրում, գալու են փոխարինելու, այսպես կոչված, հարվարդյան տղաները, բայց նրանք ավելի վտանգավոր կլինեն, քան օլիգարխները:
Անցնելով այսօրվա ներքաղաքական կյանքին` Մանուչարյանը նշեց, որ համակերպում չկա ոչ մի կողմից` ո'չ իշխանության, ո'չ ընդդիմության, եւ դա լավ է մի բանով, որ վիճակը դինամիկ է պահում: Բայց, ըստ նրա, անկախ նրանից, թե որ ուժը կգա իշխանության, Հայաստանում կյանքը կմնա նույնը:
Նրա փիլիսոփայությամբ` ամբողջ քաղաքական պնակն այսօր երեք բարիքներ է փորձում հայթայթել` իշխանություն, փող եւ փառք: Ըստ Մանուչարյանի` դա այսօր ապրող մարդու տեսակն է: Մենք էլ, մարդկության հետ համատեղ, մասնակցում ենք մոլորակի եւ մարդկության ոչնչացմանը: