կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-11 13:04
Աշխարհ

Կիպրոսի նախագահը հրամայել է հետ ուղարկել դասագրքերը Աթաթուրքի մասին պարբերության պատճառով. Անկարան արձագանքել է

Կիպրոսի նախագահը հրամայել է հետ ուղարկել դասագրքերը Աթաթուրքի մասին պարբերության պատճառով. Անկարան արձագանքել է

Սեպտեմբերի 9-ին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հրամայել է հետ վերցնել անգլերենի դասագրքերը` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին պարբերության պատճառով. հաղորդում է Cyprusbutterfly-ը:

Դասագրքում Աթաթուրքը ներկայացվում է որպես «Թուրքիայի ամենամեծ հերոս»:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մանկուց ցուցաբերել է առաջնորդական հատկություններ, նա սովորել է ռազմական դպրոցում, այնուհետև բանակ է գնացել սպայի կոչումով: Պատերազմի ժամանակ նա ցուցաբերել է համարձակություն և քաջություն: Երբ նա սկսել է ստեղծել ժամանակակից Թուրքիան, նա օրինակ էր շատերի համար և արտացոլել է հասարակ մարդկանց շահերը: Նա իր կյանքը նվիրել է ժողովրդավարության համար պայքարին»,- ասվում է գրքում:

Կիպրոսի դպրոցի ուսուցիչը Facebook-ում տեղադրել է պարբերության լուսանկարը և պահանջել այն հեռացնել դասագրքերից: Հրապարակումն արագ հասել է անձամբ նախագահին: Նա հայտարարել է, որ անձամբ կքննարկի դասագրքի բովանդակությունը կրթության նախարար Պրոդրոմոս Պրոդրոմի հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտպանել է իր հիմնադիր հորը՝ դասագրքերը հետ կանչելու որոշումը համարելով «անախրոնիկ, թշնամական և անընդունելի»:

Կիպրոսի կրթության նախարարությունը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ին՝ հայտարարելով, որ Թուրքիային, որը հայտնի է Կիպրոսի նկատմամբ իր վերաբերմունքով, անթույլատրելի է պահանջներ առաջադրել Աթաթուրքի կամ հանրապետության ձևավորման վերաբերյալ:

«Գրքերի ընտրությունը, որոնք մասնակցելու են կրթական գործընթացին, իրականացնում է Կիպրոսի կրթության նախարարությունը, այլ ոչ թե Թուրքիան»,- ասել են նախարարությունից: