Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 13:03
Աշխարհ

Իրանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Իրանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ ՇՀԿ-ին անդամակցելու ընթացակարգի սկիզբը կհայտարարվի Տաջիկստանում կայանալիք գագաթնաժողովում. գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

ՇՀԿ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Դուշանբեում սեպտեմբերի 16-17-ը: Այս պահին կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

«Շուտով ասոցիացիայի ինը անդամ կլինի: Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովում պետությունների ղեկավարները պետք է հայտարարեն Իրանի՝ իրենց շարքեր ընդունվելու մասին»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ ՇՀԿ-ին անդամակցելու գործընթացը կարող է որոշ ժամանակ տևել:

Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճագարյանն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Մոսկվան պաշտպանում է ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության՝ Թեհրանի հայտը, քանի որ Ռուսաստանն ու Իրանը «մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ունեն սերտ և համընկնող դիրքորոշումներ»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մշտական միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում վեց պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: 2017 թվականի հունիսի 9-ին ՇՀԿ անդամ երկրների ղեկավարները ստորագրեցին կազմակերպությանը Հնդկաստանի և Պակիստանի անդամակցության մասին որոշումը: ՇՀԿ-ում դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: