Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, Արցախ չմեկնելը նաև հստակ վերաբերմունք էր Արցախի անկախությանը: Տարօրինակ է, որ Արցախում էլ որևէ լուրջ և էական միջոցառում կազմակերպված չէր՝ անկախության տոնին նվիրված։ Ըստ էության, սեպտեմբերի 2-ին գլխավոր իրադարձությունը Դաշնակցության գրասենյակի բացումն էր Ստեփանակերտում, որին ներկա էին Արցախի նախկին նախագահները, Արցախի ԱԳ նախարարը, որի ընթացքում նաև կարևոր քաղաքական ուղերձներ հնչեցին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Այսպիսով՝ սեպտեմբերի 2-ին Արցախի տոնում էր անկախության 30 ամյակը: Արցախի անկախության օրն առաջին անգամ նշվեց առանց որևէ տոնակատարության, ՀՀ բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցիչ չէր մեկնել Արցախ:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իշխանությունը հետևողականորեն իր քայլերով, գործողություններով փորձում է ոչ միայն մոռացության տալ, այլ նաև հիմնավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել.
«Փորձում են հիմնավորել, թե Արցախի կորուստը բնական էր, այդպես էլ պետք է լիներ, փորձեցին նաև հիմնավորել, որ այդ տարածքներից շատերը «դժբախտ ու դժգույն էին», թե այլ ճանապարհ չկար, քան Արցախի մեծ մասը հանձնելը, որը մեզ համար անընդունելի է: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մենք կոնկրետ հարցադրումներ արեցինք իշխանությանը, մասնավորապես, պահանջում էինք, որպեսզի հայտարարեն, որ Շուշին և Հադրութը հայկական տարածքներ են և ժամանակավորապես բռնազավթված են թշնամու կողմից, ցավոք, այս պատասխանը մենք ևս չլսեցինք, այս իմաստով ամեն ինչ պարզ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը ևս կտոնի Անկախության հռչակման 30 ամյակը:Ինչպես ենք մենք նշելու Հայաստանի անկախության օրը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ պարտավոր ենք անկախության տոները պատշաճ մակարդակով նշել, քանի որ դրանք ժողովրդի ինքնագիտակցության մեջ պետականության և անկախության արժեքը կարևորելու լավ առիթ են.
«Դժբախտաբար, այսօր մեր պետականությունը վտանգի տակ է, թշնամին երկու ուղղություններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այս իշխանության վարած քաղաքականությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, ավելին՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, գործող իշխանության ձախողման և անկարողության արդյունք է: Մենք կարևոր խնդիր ունենք արժևորելու անկախությանը նվիրված տոները»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ դրանք նաև լավ առիթ են ճիշտ քաղաքական ուղերձներ հղելու առումով:
Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ընդդիմությունը քննարկում է անկախության օրվան նվիրված միջոցառումներ իրականացնել, բայց դեռ վերջնական որոշում սրա վերաբերյալ չունեն:
Ընդդիմության խորհրդարանական լծակները իշխանության ոչ հայանպաստ քայլերը կանխելու առումով այդպես էլ արդյունք չտվեցին:Իշխանությունը շարունակում է միանձնյա օրենքի նախագծեր բերել, որոնք առնչություն չունեն հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը և ընդունել այդ նախագծերը:
Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, այս պարագայում արդյո՞ք ընդդիմությունը դիտարկում է փողոցային պայքարին անցնելու տարբերակը, ինչին ի պատասխան վստահեցրեց, թե փողոցային պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն ընդդիմության օրակարգում.
«Մենք առաջին օրվանից ենք ասել, որ փողոցային պայքարից չենք հրաժարվելու, պետք է նախապատրաստվել, կազմակերպվել, դրա անհրաժեշտությունը տեսնում ենք: Մենք ասել ենք, որ խորհրդարանի մանդատներն ընդամենը լրացուցիչ հնարավորություն և գործիքներ են: Չնայած բոլոր դժվարություններին՝ ես կարծում եմ, որ այս ընթացքում մենք մեր հասանելիքը խորհրդարանում արել ենք,առաջիկայում տարբեր ձևերով և գործիքակազմով կօգտվենք այդ հնարավորություններից, բայց փողոցային պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն: Այն գործընթացում, որով մենք խորհրդարանում քաղաքական մեծամասնության հակահայ քայլերը չկարողանանք կանխել, պետք է մասնակից դարձնենք մեր հասարակությանը և այդ ճանապարհով փորձենք խնդիրը լուծել»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը