Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք աղբյուրներ արդեն ահազանգում են, որ «Ալ Քաիդա»-ի գրոհայիններն Աֆղանստանից տեղափոխվում են Արցախի օկուպացված տարածքներ։ Մենք միշտ կողմ ենք եղել, որ միջազգային կառույցները գան, մշտադիտարկում անեն Արցախում, Արցախի օկուպացված տարածքներում․ Yerkir.am-ին հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Արցախի արտգործնախարարն ահազանգում է՝ վերջին պատերազմից հետո Թուրքիայի ջանքերով Արցախի կռվին մասնակցած վարձկան գրոհայինները Արցախի օկուպացված տարածքներից չեն հեռացել, չի բացառվում՝ այնտեղ արդեն բազաներ ունեն, ինչը լուրջ վտանգ է Արցախի, Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ Թշնամի պետության ղեկավարը կապիտուլյացիայից հետո հայտարարել էր, թե, իբր, Արցախի օկուպացված տարածքներում բնակության է կանչում սիրիացիների, մինչդեռ նրանք, Դավիթ Բաբայանի խոսքով, հավանաբար հենց այդ տեռորիստներն են, որոնք ապրելու են այդ տարածքներում։
«Որոշ տեղեկություններով՝ ահաբեկիչների մեծ մասը մնացել է այնտեղ։ Մենք պետք է չահաբեկվենք դրանից, մենք պետք է շարունակենք ապաքինվել, մեր եղբայրական երկրների հետ կապերն ավելի խորացնել»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Թշնամին այսօր էլ շարունակում է կրակել Արցախի վրա․ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշումների ենթարկել Արցախի բնակչությանը։
«Այսպիսի փոքր պրովոկացիաներով, կրակոցներով փորձում է վհատեցնել արցախցիներին, որ մարդիկ մտածեն՝ վտանգավոր է, իմաստ չկա էստեղ ապրելու։ Ամիսը մի քանի անգամ Ալիեւը ընտանիքի հետ գալիս է Արցախի օկուպացված տարածքներ, հայտարարություններ է անում, որպեսզի մեզ վրա ազդի հոգեբանորեն, ճնշում գործադրի։ Իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք, իմանանք՝ ով ինչ է ուզում, եւ մեր քաղաքականությունը վարենք»,- Yerkir.am-ին ասաց Բաբայանը։
Շուշիում, նրա խոսքով, շարունակվում է մշակութային ցեղասպանությունը։ Բաբայանն ասում է՝ ինչ-որ սարքերով գոնե տեսանելի է Շուշին, բայց հայտնի չէ մյուս հուշարձանների ճակատագիրը, որոնք ավելի հեռու են։ Բերդաքաղաքը թշնամին հավասարեցնում է գետնին, իսկ Ստեփանակերտում գլուխ է բարձրացրել ջրի խնդիրը։ Քաղաքի մի մասը զրկվել է ջրից, մարդիկ շաբաթներով խմելու ջուր չունեն, բերում են դույլերով։
«Ստեփանակերտը, որը 2007 թվականի ծրագրով ուներ 24 ժամ ջրամատակարարում, նախատեսված էր 50-55 հազար բնակչության համար, եւ եթե չկա երաշտ։ Հիմա կտրուկ բարձրացել է բնակչության թիվը տեղահանվածների, փախստականների շնորհիվ։ Նաեւ աննախադեպ երաշտ է։ Սա նաեւ նշանակում է նոր ռազմավարական ծրագրերի իրականացում, ջրամբարների կառուցում»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի ջրի խնդիրը քիչ է առնչվում ջրային ավազանի՝ թշնամուն անցնելու հետ, բայց Արցախի ջրային անվտանգությունն, ասում է, ծայրաստիճան խոցելի է։
Մանրամասն՝ տեսանյութում