կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 11:44
Տարածաշրջան

Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել ԵԽ ղեկավար Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից

Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել ԵԽ ղեկավար Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից

«Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ հրաժարվում է երկրում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու համար Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրից: Այս մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Այսօր՝ 100 օր անց, պարզ է, որ այն կատարել է իր առաքելությունը և սպառվել: Թեև ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին դեռ չի ստորագրել համաձայնագիրը, մենք տեսնում ենք, որ միջազգային գործընկերները անհրաժեշտ չեն համարել, որ արմատական ընդդիմությունը ստորագրի այն, և խստորեն  չեն պահանջել նրանցից»,- ասել է Կոբախիձեն:

Ըստ նրա՝ պայմանագրի հիմնական պահանջները կատարվել են, մասնավորապես՝ բանտից ազատ են արձակվել ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերության համասեփականատեր Գիորգի Ռուրուան և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: Բացի դրանից՝ երկրում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ:

Ինչ վերաբերում է համաձայնագրի պայմաններից մեկին, ըստ որի՝ իշխանությունները վաղաժամ խորհրդարանական ընտրություններ կհրավիրեն, եթե իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում չհավաքի 43 տոկոս, Կոբախիձեն նշել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է դրանք նշանակել նույնիսկ 53-ից պակաս շահելու դեպքում: Դա տեղի կունենա, ասել է նա, եթե «ընդդիմադիր կուսակցությունները ցույց տան, որ քաղաքական համակարգը հարմարեցված է արդյունավետ կոալիցիոն կառավարմանը, և նման կառավարությունը չի վնասի երկրի շահերին»:

Ապրիլի 18-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վրացական ուժերին առաջարկել էր փաստաթուղթ, թե ինչպես հաղթահարել քաղաքական ճգնաժամը՝ խորհրդարանի նստաշրջանների, հանրահավաքների և ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման ֆոնին:

Եվրոպական խորհրդի ղեկավարի փաստաթղթում ենթադրվում էր, որ եթե աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքի 43 տոկոսից պակաս, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվելու 2022 թվականին: Նաև՝ համաներում էր առաջադրվել բոլորի համար, ովքեր ներգրավված էին 2019-ի հունիսյան հանրահավաքում տեղի ունեցած անկարգությունների գործում: Համաձայնագիրը ներառում էր նաև լայնածավալ բարեփոխումների իրականացում ընտրական և դատական ոլորտներում: