կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 15:39
Տարածաշրջան

Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Գախարիայի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Գախարիայի թեկնածությունը

«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը նոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վրաստանի գործող վարչապետ Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Այս մասին երկուշաբթի հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

««Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորումը Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի թեկնածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գախարիան Վրաստանի կառավարությունը ղեկավարում է 2019-ի սեպտեմբերից: Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը դեկտեմբերի 11-ին սկսվելուց հետո վարչապետի գլխավորած կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ դրա բոլոր անդամները դարձել էին պաշտոնակատարներ: Այժմ Գախարիան պետք է խորհրդարանին ներկայացնի ծրագիրն ու ապագա կաբինետի կազմը, որից հետո սկսվելու է հաստատման կարգը, որի համար պատգամավորները երկու շաբաթ ունեն: Եթե դա տեղի չունենա, նախագահը ցրելու է օրենսդիր մարմինը և նշանակելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 48,22%-ը և 150-ից ստանալով 90 մանդատ: Բացի «Վրացական երազանք» -ից, խորհրդարանում է նաև ընդդիմադիր Միացյալ ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» դաշինքը, որի մաս է կազմում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին. դաշինքը հավաքել էր ձայների 27,18%-ը: