կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-28 15:48
Հասարակություն

Գանձակում մասնատվածների դիակները հայտնաբերվել են 1990 թ. ամռանը

Գանձակում մասնատվածների դիակները հայտնաբերվել են 1990 թ. ամռանը

Գանձակ քաղաքը կառուցվել է հայերի կողմից 9-րդ դարում։ Գանձակ քաղաքը գտնվում է պատմական Հայաստանի Գարդման-Ուտիք նահանգում, Կուր գետի Գանձակ վտակի ափին: Գարդմանը հայկական  Կուր-Արաքսյան մշակույթի (մ.թ.ա. IV –II-րդ հազարամյակ) նշանավոր կենտրոններից էր1, որի մասին տեղեկություններ է հաղորդում հնագետ Բ. Ա. Կուֆտինը։  Գարդման-Ուտիք նահանգի հայկականության2  մասին  վկայում է նաև պատմահայր Մովսես Խորենացին3 5-րդ դարում։ Ուտիք նահանգի Շակաշեն գավառում է գտնվում Գանձակ քաղաքը, իսկ Շակաշեն գավառի հայկականության մասին4  մենք տեղեկություններ ենք ստանում Մովսես Կաղանկատվացուց5:

Հարկ է նշել որ Հայաստանի մասին կարևոր տեղեկություններ են մեզ տվել նաև օտարերկրացիները, մասնավորապես՝ հույն և հռոմեացի պատմիչները ՝ Ստրաբոն,  Պոլիբիոս,  Պլինիոս Ավագ, Պլուտարքոս։ Հույն և հռոմեացի պատմիչների  աշխատություններում  և նրանց տված տեղեկությունների հիման վրա կազմված աշխարհի հնագույն  քարտեզներում   Գարդման-Ուտիքը միշտ նշվում է Հայաստանի սահմաններում,  իսկ Կուր գետը համարվում է  Հայաստանի բնական սահման6: Կուր գետը Մեծ Հայքի բնական սահմանն է:  Հարկ է նշել որ  հույն պատմիչները, Ստրաբոնընույնիսկ Կուր գետի ձախ ափին են  վկայում  հայկական գավառների մասին, այսինքն՝ հայկական բնական սահմանից՝ Կուրից հյուսիս նույնպես հայկական գավառներ կային (Կղարջք, Կոմիսենե, Կամբեճան):

No description available.

Գանձակ քաղաքի անունը ծագել է հայերեն «գանձ» բառից, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ հայ պատմիչներն այն երբեմն «Գանձակ հայոց» անունով են կոչել:Հիմնադրվելով IX դարի կեսերին` արդեն դարավերջին եղել է հայոց Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը:

11-12-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը ամբողջությամբ նվաճվեց թյուրքական քոչվոր ցեղերի կողմից, մասնավորապես՝ 107 1թվականից Մանազկերտի ճակտամարտում բյուզանդացիների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո տարածաշրջանում թելադրողը դարձան թուրքերը և իրենց քոչվոր ցեղային մշակույթը սկսեցին տարածել արդեն իսկ հզոր քաղաքակրթություն ունեցած, բայց նվաճված երկրների վրա, որոնցից էր Հայաստանը։ Հայկական քաղաքներից Գանձակը նվաճվեց 1088-ին սելջուկ զորապետ Բուղայի կողմից, և հարկ է նշել, որ Բուղան քաղաքը դարձրեց  իր աթաբեկության կենտրոն: Որպես կանոն՝ Հայկական լեռնաշխարհի հայ բնակչությունը անընդհատ կոտորածների էր ենթարկվում բարբարոս թուրքերի կողմից, և հայկական բնակավայրերը կոտորածներից հետո բնակեցվում էին թուրքական ցեղերով։ Արդեն  1236 թվականին Գանձակը նվաճվեց թաթար–մոնղոլների կողմից։ Մոնղոլները  կործանեցին  ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորեցին բնակիչներին՝ քաղաքն ամբողջությամբ  ամայացնելով։ 

Եվ ահա ադեն  XVII դարում Գանձակը դառնում է պարսկական խանության կենտրոն: Իսկ երբ 1804 թ. Գանձակն անցնում է Ռուսաստանին, խանության փոխարեն ստեղծվում է նահանգային կենտրոն, որն էլ ի պատիվ Ելիզավետա կայսրուհու վերանվանվում է Ելիզավետպոլ։

Իր գոյության 12 դարերի ընթացքում Գանձակը եղել է հայ հոգևոր մշակութային կենտրոններից մեկը: Քաղաքը հայտնի էր նաև  իր երկու եկեղեցիներով՝ Սբ Հովհաննեսը` կառուցված 1633 թ., և Սբ Գրիգոր Լուսավորիչը՝ XIX դարում: XX դարասկզբին քաղաքն ուներ 8 հազար տուն, շուրջ 33 հազար բնակիչ, որոնցից 12 հազարը հայեր էին: Գանձակ գետը քաղաքը երկու մասի է բաժանել՝ հայկական և թուրքական: Հայերն իրենց թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով էին կոչել, օրինակ՝ Եկեղեցական, Շուշեցոց, Նուխիեցոց, Գետաշենցոց։

No description available.

Ցարական Ռուսաստանի շրջանում հատկապես ակնառու է նաև ցարական կառավարության պաշտոնյա, կովկասագետ Յու. Գագեմեյստերի տեղեկությունը. «Նախկին Կասպիական մարզի ամբողջ բնակչությունից իրենց նախաբնակությունը կարող են ապացուցել միայն հայերը և ուդիները»7:

Հարկ է նշել, որ Առաջին աշխարամարտի տարիներին, մասնավորապես՝ 1915 թվականին, Թուրքիան իրականացնում է հայերի ցեղասպանությունը, որին զոհ է դառնում ավելի քան 1500000 հայ։ 1917-ին ցարական Ռուսաստանը անկում է ապրում, և Հարավային Կովկասում ստեղծվում են երեք հանրապետություններ՝  Վրաստանը, որը վայելում էր Թուրքիայի դաշնակից Գերմանիայի աջակցությունը, Ադրբեջանը, որը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, և Հայաստանը, որը դարձավ դաշնակիցը Անտանտի և իր վրա կրեց բոլոր հարվածները Հարավային Կովկասում։

1918 թ. հունիսի սկզբին ներխուժում է թուրքական բանակը։ Նազիմ բեյը երաշխավորում է հայերի անվտանգությունը և կոչ անում չհեռանալ գյուղերից։ Գրավելով Գանձակը և շրջակա հայաբնակ տարածքները՝ հունիսի 13-ին թուրքերը սկսում են  հայ բնակչության կոտորածները։ Այսպիսով՝ հայ բնակչությունը  թուրք-թաթարական զորքերի կողմից ենթարկվեց կոտորածների ու տեղահանության: Կողոպտվեցին և ավերվեցին բոլոր գյուղերը, 50 հազարից ավելի հայերից զոհ գնաց շուրջ 40 հազարը8:  Գանձակի շրջանի հայկական 53 գյուղից 48-ը ոչնչացվեց։

Հայերի ջարդերի հաջորդ փուլը սկսվեց 1988-ից։ 1988 թ. արդեն մի քանի անգամ հայաթափված քաղաքում բնակվում էր  ընդամենը 45.000 հայ։ Պետական մակարդակով մանրազնին նախապատրաստությունից հետո՝ 1988 թ. նոյեմբերի 21-ից Ադրբեջանի բոլոր հայաբնակ շրջաններում, այդ թվում՝ Գանձակում, գործի է դրվում զանգվածային հայաթափման ծրագիրը։ Սկսվում են հայերի էթնիկական զտումները, թալանն ու ջարդերը։ Այդ ընթացքում գրանցվել են բազմաթիվ աղետալի դեպքեր։ Ադրբեջանական ջարդարարները, ներխուժելով Գանձակի տարեցների տուն, պատանդ են վերցնում և դաժանորեն սպանում այնտեղ ապաստանած հայազգի  ծերերի, որոնց մասնատված դիակները հայտնաբերվել են 1990 թ. ամռանը Գանձակի մատույցներում։

Այսպիսով, համադրելով տարբեր ժամանակաշրջանների հայ և օտարերկրացի պատմիչների փաստերը, ապացուցվում է, որ Գանձակը հիմնադրվել է հայերի կողմից և բոլոր ժամանակներում էլ, բոլոր արհավիրքներին զուգահեռ, բնակեցված է եղել հայերով, և միայն ադրբեջանական գործուն հակահայկական քայլերի արդյունքում հայկական Գանձակը 1988-1990 թթ.   կոտորածների է ենթարկվում ու ամբողջությամբ հայաթափվում։ Նույն բախտին են արժանանում Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող բոլոր հայերը։

No description available.

No description available.

  1. Куфтин Б. А., Урартскийу подошвы Арарата и Куро-Араксский энеолит,, 1943, т. 13В/
  2. Մ. Խորենացի. Մատենագրությունք,  Վենետիկ, 1865, էջ 610:
  3. Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ պատմիչ է որին անվանում են պատմահայր,նա կարևոր տեղեկություններ է թողել Հայաստանի ,Հռոմի և Պարսկաստանի հետ կապված։
  4. Մ. Կաղանկատվացի. Պատմություն Աղվանից աշխարհի, Մոսկվա, 1860, էջ 251:
  5. Մովսես կաղանկատվացուին 7-րդ դարի հայ պատմիչ է ով կարևոր տեղեկություններ է տվել իր ժամանակաշրջանի հետ կապված մասնավորապես հայաստանի հյուսիսաային սահմանների մասին։
  6. Ստրաբոն,  /մ.թ.ա. I — մ.թ. I դդ, , XI, գլ. III, 2, 14 /4/, Պտղոմեոս, /II դար,/VI, XI, 3/
  7. Гагемейстер Ю., Хозяйственный очерк Закавказского края: народонаселение (Сборник газеты Кавказ), издаваемой О. Н. Константиновым, первое полугодие 1847 года, Тифлис, 1847, с. 58 (բնագրում` «Из всего населения бывшей Каспийской области одни Армяне и Удины могут доказать первобытность свою»).
  8. Մանրամասն տե՛ս Ստեփանյան Գ., Նուխի եւ Արեշ գավառների հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանությունը 1918-1920 թթ., պատմ.

 

 

 

Աշոտ Ծատրյան

կովկասագետ, քաղաքագետ