կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 15:56
Քաղաքական

Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի բողոքը․ Տեսչական մարմնի տեղակալը կվերականգնվի պաշտոնում

Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի բողոքը․ Տեսչական մարմնի տեղակալը կվերականգնվի պաշտոնում

Վարչական վերաքննիչ դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատական ակտը։ Առաջին ատյանի դատարանը, դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, պարտավորեցրել էր վարչապետ Փաշինյանին՝ վերականգնել Իգոր Սարգսյանին նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այդպիսով՝ դատարանն անվավեր էր ճանաչել Նիկոլ Փաշինյանի՝ Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու որոշումը։

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Թովմասյանի, դատավորներ Կարեն Ավետիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ, հաստատել է, որ առաջին ատյանի դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, և վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող հիմք դառնալ նշված դատական ակտը բողոքարկելու համար։

Հիշեցնենք՝ Իգոր Սարգսյանը, ով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության վերջին (24-րդ) Գերագույն ժողովում ընտրվել է Գերագույն մարմնի անդամ, հայցադիմում էր  ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից իրեն ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը:

Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության հիման վրա վարչական վարույթ էր իրականացվել։ Ավետիսյանը, ինչպես պնդում էր հայցվոր Սարգսյանը, կեղծ տեղեկություններ էր ներկայացրել վարչապետի գրասենյակին իր աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարության վերաբերյալ, ինչի պայմաններում իրեն աշխատանքից ազատելու հարցն էր քննարկման դրվել, այնուհետև հեռացվել  էր: Աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարությունն էլ կապված էր Ամուլսարի հանքավայրում տեսչական ստուգումների հետ, որի վերաբերյալ հանձնարարական էր տրվել Իգոր Սարգսյանին։ Սարգսյանը, սակայն, զեկուցագրերով հիմնավորել է, որ պետք է քննարկումներ կազմակերպել, իրավական և մասնագիտական լուրջ ուսումնասիրություն իրականացնել՝ ճշտելու, թե ի՞նչ հիմքերով են նախարարության ստորաբաժանումները դրական եզրակացություններ տվել ՇՄԱԳ փորձաքննություններին և հողահատկացումներին։ Այդ քննարկումները, սակայն, այդպես էլ չեն կազմակերպվել, և համարվել է, որ Իգոր Սարգսյանն իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել։ 

Դատարան ուղարկված պատասխանում էլ վարչապետի ներկայացուցիչը նշել էր, որ Փաշինյանի որոշումը հայեցողական է եղել: Իգոր Սարգսյանը պնդում էր, որ հայեցողական որոշումը կլիներ նոր ղեկավարի նշանակումից մեկամսյա ժամկետում, իսկ իրեն հեռացնելու ծանուցման մեջ նշվել է իր  ունակությունների անբավարար լինելը, որի առնչությամբ ինքն անհամաձայնություն է հայտնում։ 

2020թ․ հոկտեմբերի 20-ին դատարանը բավարարել էր Իգոր Սարգսյանի հայցը, ինչից հետո վարչապետի ներկայացուցիչն այն բողոքարկել էր Վարչական վերաքննիչ դատարանում։