կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-28 11:33
Իրավական

Վերաքննիչ դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի բողոքը

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս, հանգել էր այն հետևության, որ սույն գործով կալանավորումը թույլատրելի է, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել: Միհրան Պողոսյանի կարծիքով, սակայն առաջին ատյանի դատարանի որոշումը վիճահարույց է:

Ըստ Պողոսյանի` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մի դեպքում փաստել է, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ մյուս դեպքում նշել, որ մեղադրյալի կալանավորման համար նախատեսված հիմքերից մեկն առկա է: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: Ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է և իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: