Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի երկաթուղիներին երկրի արեւմուտքում հուլիսի կեսին տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով հասցված վնասը կազմում է 1,3 մլրդ եվրո։ Այդ գումարը, որը նախնական նշվել էր ավելի վաղ, հաստատել են Deutsche Bahn կոնցեռնի ներկայացուցիչները, տեղեկացնում է DW-ն։
«Մեզ անհավանական աշխատանք է սպասվում։ Միաժամանակ ենթակառուցվածքի նման մասշտաբներով փլուզման հետ մենք դեռեւս երբեք չէինք բախվել»,- ասել է Deutsche Bahn-ի տեխնիկական սպասարկման մենեջմենթով զբաղվող բաժնի ղեկավար Ֆոլքեր Հենչելը։
Նրա խոսքով՝ ամենամեծ վնասը հասցվել է ավելի քան 50 կամուրջների փլուզմամբ։ Բացի այդ, հեղեղումից տուժել են շատ կայարաններ եւ կանգառներ, 10 երկաթուղային անցում, մոտ 40 սլաքային մեխանիզմներ եւ ավելի քան 1000 հաղորդալարային եւ ազդանշանային կայմեր, էներգաբլոկներ, ինչպես նաեւ վերելակներ ու կայանների լուսային սարքեր։
Այնինչ, առանձին օբյեկտների վերականգնման ճշգրիտ արժեքը կհաջողվի որոշել մանրազնին ինժեներական ուսումնասիրությունից հետո։ Շատ բան կախված կլինի այն բանից՝ լրի՞վ, թե՞ մասնակի ստիպված կլինեն նորոգել երկաթուղու վնասված հատվածները, կկառուցվե՞ն արդյոք պաշտպանական ամբարտակներ, ինչպես նաեւ որտեղով կանցնի երկաթուղին՝ նույն տեղո՞վ, որտեղով անցնում էր մինչեւ հեղեղումը, թե՞ այն հեռու կտանեն ափերից, նշել են Deutsche Bahn-ում։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է վճարելու երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ծախսերը, Deutsche Bahn-ի ներկայացուցիչները պատասխանել են, որ կոնցեռնն արդեն բանակցություններ է վարում Գերմանիայի կառավարության հետ, որը նրա բաժնետեր է հանդիսանում։ Պետությունը նախկինում էլ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Deutsche Bahn-ին, երբ խոսքը վերաբերում էր վնասված ենթակառուցվածքի վերանորոգմանը, նշել է Հենչելը։ Deutsche Bahn-ում կարծում են, որ մինչեւ 2021թ. վերջ կհաջողվի վերականգնել նորմալ երկաթուղային հաղորդակցությունը տուժած տարածքի 80 տոկոսում։
Կործանարար հեղեղման հետեւանքով, որը հուլիսի կեսին տեղի ունեցավ Գերմանիայի արեւմուտքում հորդառատ անձրեւներից հետո եւ վնասեց առաջին հերթին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա եւ Ռեյնլանդ Փֆալց դաշնային հողերը, հուլիսի 23-ի առավոտյան տվյալներով զոհվել է առնվազն 175 մարդ։ Ավելի քան 150 մարդ համարվում է անհետ կորած։
Տարերքի հասցրած վնասը տրանսպորտային ոլորտում, Գերմանիայի տրանսպորտի նախարարության նախնական գնահատականներով, կարող է կազմել 2 մլրդ եվրո։