Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ բարձրաստիճան սպայակազմին հավաքելը և Ղարաբաղյան հատվածի մասին հանձնարարություններ տալը քաղաքագետ Գարիկ Քեռյանը կապում է Երասխի սահմանին ադրբեջանցիների սադրած փոխհրաձգության ու Շուշիում ադրբեջանական կրակոցների հետ։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ Ադրբեջանը այլևս ինքնուրույն չէ իր գործողություններում և նա չի կարող որոշում կայացնել և պատերազմ կամ ռազմական գործողություններ սկսել։
«Հատկապես Ղարաբաղում, որտեղ խաղաղապահ գործառույթ են իրականացնում ՌԴ զինված ուժերը։ Ադրբեջանի ռազմական գործողությունները ղարաբաղաադրբեջանական սահմանագծին կնշանակի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում։ Եվ եթե դա էլ նկատի չունենանք, սա կնշանակի ուղղակի ընդհարում ռուսական Զինված ուժերի հետ»,-ասաց քաղաքագետը։
Այս հանձնարարականներով և կրակոցներով, Քեռյանի համոզմամբ, Ադրբեջանը պարզապես ուժեղացնում է ճնշումը, որ արագացնի Սյունիքի վրայով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ միջանցքի հարցը։
«Ադրբեջանը փորձում է նմանատիպ գործողություններով սթափեցնել, զգաստ պահել, ցույց տալ, որ եթե այս հարցը չլուծվի՝ տեղի կունենա ընդհարում, քանի որ հայկական տարրը Ղարաբաղում միշտ առկա է։ Բայց Ադրբեջանի համարձակությունը չի ների միակողմանիորեն խախտել հրադադարը։ Այստեղ արդեն Ադրբեջանի՝ որպես ինքնուրույն սուբյեկտի գործողությունները սահմանափակ են»,-ասաց քաղաքագետը։
Գարիկ Քեռյանը վստահ է, որ Հայաստանի շահերին դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը վերահսկեն այլ երկրի խաղաղապահներ, քան Ռուսաստանինը։
«Շատ հնարավոր է, որ հիմա Ադրբեջանը և Թուրքիան հարցադրում անեն, որ եթե ռուսները վերահսկում են Հայաստանն Արցախին կապող ուղին, թող թուրքերն էլ վերահսկեն դեպի Նախիջևան ճանապարհը․ սա դեմ է Հայաստանի շահերին, Հայաստանի շահը թելադրում է, որ դա վերահսկեն ռուսները, կամ լինի սովորական մաքսային վերահսկողություն, ինչպես օրինակ, մենք նստում ենք մեքենա, գնում ենք Վրաստան, Վրաստանից Ռուսաստան, ենթարկվում ենք մաքսային վերահսկողության»,-ասաց Գարիկ Քեռյանը։
Նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունն է արձանագրում, որ Սյունիքով դեպի Ադրբեջան հաղորդակցության ուղին պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները։ Քաղաքագետը համարում է, որ այս կետից շեղումն անընդունելի է։
Աննա Բալյան