Քաղաքագետ Արծրուն Պեպանյանն անդրադարձել է լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանի բացահայտումներին՝ նշելով.
«Նաիրի Հոխիկյանի ելույթը հուսամ լսել եք: Մարդն անուններով ասում է ինչն ինչպես է եղել: Ինքն այս մասին էլի է ասել:
Նորմալ, անգամ կիսանորմալ երկրում իրավապահ մարմիններն արագորեն գործ կհարուցեին, հետաքննություն կանցկացնեին, քանի որ պետության ճակատագրի հետ առնչվող հարցի հետ է կապված: Գործ չի հարուցվել, չի հարուցվելու, եթե լինի էլ, ապա անաչառ հետաքննություն չի արվի:
ԴՈՒՔ, իհարկե, կտրտնջաք, կբողոքեք, լուտանքներ կթափեք մեր իրավապահ համակարգի գլխին, իսկ ես առաջարկում եմ ինքներս մեզ տանք այս հարցը
- Իսկ ինչու է մեր իրավապահ համակարգն այսպիսին:
Մի քանի հարց տալուց հետո գալու եք այն մտքին, որի մասին ահազանգում եմ արդեն քառորդ դար
- Օտարի լծերի տակ հոգեխեղման ենթարկված, , ներկա աղճատված մենթալիտետն ունեցող մեր ժողովուրդը չի կարող ունենալ անգամ կիսանորմալ պետություն և այն խժռելու է այս մեր պետությունը և ինքն իրեն կործանման տանի, եթե չիրականացնենք մենթալիտետի արմատական փոփոխություն:
Իսկ թե ինչպես է հնարավոր դա անել, ներկայացրել եմ 2007-ին լույս տեսած «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատանքիս մեջ ու անցած 14 տարիներին ահազանգել ու ահազանգել եմ այդ մասին, բայց զրո արձագանք։
Անկեղծ ասած, չգիտեմ էլ՝ ինչ անեմ, որ տեղ հասցնեմ ահազանգս»:
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: