Արդշինբանկի ներկայացուցիչ, տնտեսագետ Հարություն Իսպիրյանը ներկայացրել է Արցախում կայացած ՏՏ խոշոր կոնֆերանսի մասին.
«Արցախում էինք 3 օրով: Մի քիչ մանրամասն ներկայացնեմ հավանաբար ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները.
Մուտք Արցախ.
Անցնում ես 6 խաղաղապահների անցակետ մինչև Ստեփանակերտ: Յուրաքանչյուր կետում անձնագրերի և բեռնախցիկի ստուգում: Բավականին լավ է կազմակերպված գործընթացը, բայց իհարկե հաճելի չէ:
Ի՞նչ է կատարվում Արցախում:
Ստեփանակերտում պատերազմի հետևանքներ չես տեսնի, մարդիկ իրենց առօրեական հարցերով են, խանութներ, սրճարաններ, հարսանիքներ: Բայց դա միայն առաջին հայացքից: Զրույցների միջոցով պարզում ես, որ երկու հանգամանք շատ է տանջում արցախցուն: Կարծես միայնակ մնացած լինեն, և անորոշությունը խեղդում է: Անորոշությունը վաղվա օրվա հանդեպ:
Արդյո՞ք անվտանգ է ճանապարհը և շփման գծի հարակից համայնքներում:
Կարծես ամեն ինչ արված է և արվում է անվտանգության համար, մենք որևէ խնդիր չենք տեսել, զգացել, բայց հայտնվել ենք լրիվ այլ իրականությունում: Արցախում 100 կմ անցանք Ստեփանակերտ-Մարտունի-Ամարաս-Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհով: Թշնամու դիրքերը գտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Բոլոր համայնքներում արցախցին վերադարձել է իր բնակավայր, անցել իր գործերին, բայց անզեն աչքով ամեն օր տեսնում է թշնամու դիրքն ու դրոշները: Շուշիի մասին էլ չասեմ...
Թեք Վիք
Արցախում էր անցկացվում խոշոր ՏՏ կոնֆերանսը, որին մասնակցում էին հայկական գրեթե բոլոր հայտնի ՏՏ ընկերությունները: 1500 մասնակից, որից 400-ը ՀՀ-ից: 3 օր շարունակ մի քանի տասնյակ խոսնակներ զեկույցներ էին ներկայացնում իրենց ոլորտներից, ինչպես նաև մոտիվացնում արցախցի երիտասարդներին, որ տեղում մնալով մտնեն ՏՏ ոլորտ:
Ես նույնպես ներկայացնում էի զեկույց. բանկերի վրա տեխնոլոգիաների ազդեցության, ֆինտեխ ոլորտի զարգացման և այլ բացվող հնարավորությունների վերաբերյալ:
Արդշինբանկը նաև կոնֆերանսի աջակիցներից էր և մասնակից 38 արցախցու տրամադրեց սերտիֆիկատներ օնլայն հարթակում անցնելու ՏՏ ոլորտի ցանկացած դասընթաց 3 ամսվա ընթացքում: Հուսանք դա կլինի իրենց առաջին քայլը դեպի տեխնոլոգիաների աշխարհ:
Թեք Վիքը հաստատապես տրամադրություն փոխեց Արցախում:
Հ.Գ. Խնդրանքս իմ բոլոր ընկերներին. գնացեք Արցախ, ձեր արձակուրդի գոնե 3 օրն անցկացրեք չքնաղ Արցախում»: