Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-07-07 17:19
Հասարակություն

Խոզնավարի դաշտերի մեծ մասն անցել է թշնամուն, գյուղացիները վերացնում են եղջերավորներին

Խոզնավարի դաշտերի մեծ մասն անցել է թշնամուն, գյուղացիները վերացնում են եղջերավորներին

Սյունիքի Խոզնավար գյուղում մարդիկ վերացնում են եղջերավորներին։ Գյուղի հողերի ու արոտավայրերի մեծ մասը մնացել են թշնամուն, խոզնավարցիները անասունների գլխաքանակը շատացնելու իմաստը չեն տեսնում։ «Սեւ լճից մի քիչ ներքեւ մեր վարչական տարածքն է։ Էնտեղ ունենք 100-120 հեկտար տարածք, որ խոտհարք է։ Բայց էսօր դրանց տրամադրության տակ է, էլի։ Չենք կարողանում գնանք, բռնում են, վտանգավորը ո՞րն է, բռնում տանում են։ Էս տարածքներն էլ, որտեղ հնձել ենք, իրենց մոտիկ են եղել։ 60-70 տոկոս խոտ Ադրբեջանին տված տարածքներից էինք քաղում»,-Yerkir.am-ին ասաց Սյունիքի Տեղ գյուղի Խոզնավար բնակավայրի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Գյուղի վարչական տարածքի մեծ մասն անցել է թշնամուն․ Խոզնավարի երեք կողմում նստած է զինված թշնամին, իշխանությունը վտանգի մեջ ապրող գյուղով բացարձակ չի հետաքրքրվում։

«Մեր տարածքից ահավոր, սարսափելի հսկայական մասը մնացել է թշնամուն։ Սեւ լիճը մեր վարչական տարածքը չի, բայց լճից մինչեւ էնտեղ մի 3-4 կիլոմետր եկել են։ Տուկի հատը դաշտում 1200-1300 է, բայց ասում եմ գնամ էդքան փող տամ, խոտ առնեմ, թրիքը հանե՞մ։ Գյուղացու օգուտը մենակ էդ է մնալու»,-Yerkir.am-ին ասաց Վարո Գրիգորյանը։

Գյուղապետը նշեց, որ եղջերավորներին վերացնողներից մեկն էլ ինքն է, որովհետեւ պահելու իմաստ չկա, արոտավայրերն ու բերրի հանդերն անցան թշնամուն․ նախիրն ինչո՞վ կերակրեն․ Գյուղը էլ թշնամու ուղիղ նշանառության տակ է՝ մի քանի քայլի վրա։

«Ամբողջ գյուղը շրջապատված է դրանցով։ Բայց դե եղածը հնձում ենք, էլի, բա ինչ անենք։ Մոտիկ են դրանք, տեղ կա՝ 500, տեղ կա՝ 600 մետր են հեռու։ Կարճ ասած՝ մեր տարածքը երեք կողմից շրջապատված է։ Սեւ լճից որ վարչական տարածք կա դեպի մեզ՝ գյուղ, էնտեղ էլ համարյա չորրորդ կողմն է։ Ճիշտ է՝ 2․5 կմ հեռու են, բայց կապ չունի․ եթե մի հատ էնտեղից մտնեն, գյուղը մնում է իրենցը։ Դե ղեկավարությունն ի՞նչ պիտի ասի․ ինչ կա, ի՞նչ ասեն»,-Yerkir.am-ին ասաց Խոզնավարի վարչական ղեկավարը։