կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 17:00
Հասարակություն

Թշնամին նստած է գյուղի խոտհարքներում եւ օդ է կրակում․ գեղամասարցիները վերացնում են եղջերավորներին

Թշնամին նստած է գյուղի խոտհարքներում եւ օդ է կրակում․ գեղամասարցիները վերացնում են եղջերավորներին

Գեղամասարը զրկվել է խոտհարքներից։ Թշնամին գյուղի բարձունքներում նստած է, գյուղացիներն էլ, ճարը կտրած, վերացնում են եղջերավորներին։

«Տարածքների մեծ մասը Կութում, Նորաբակում մեր վերահսկողությունից դուրս է։ Մարդիկ չեն կարողանում անասունները տանեն։ Անասնակեր խոտի գործն էլ շատ վատ վիճակում է, շատ դաժան։ Խոտի մի հակը 2000 դրամ է դարձել։ Մարդիկ, ստիպված, անասուններն են քչացնում, մի մասը, թեկուզ մինուսով, փորձում է դիմադրել, վնասով կարողանա պահել, բայց անասնապահությունը մարդկանց տանում է մինուսի»,-Yerkir.am-ին ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Երկու ամսից ավելի թշնամին նստած է բնակավայրի բարձունքներում՝ տեղի ապրողներին զրկելով անասնապահությունից ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելուց։ Քանի որ բնակավայրը բարձրադիր է, գյուղացիները յայլաներ չեն բարձրանում, այլ եղջերավորներին պահում են գյուղում, ինչն այսօր անհուսալի եւ վտանգավոր է դարձել։

«Եթե մի կովը 2000 դրամի կեր պիտի ուտի օրական, չի կարող 500 դրամի օգուտ տալ։ Էդ դեպքում էլ կով պահելու իմաստը ո՞րն է։ Էս տարի մեզ մոտ ընդհանրապես գյուղատնտեսություն չկա, ինչ էլ որ կար, էս երաշտը վառեց, ամեն ինչ փչացել է, բոլորը զրկվել են իրենց բերքից»,-ասաց Գեղամասարի ղեկավարը։

Բնակավայրում, գյուղի ղեկավարի խոսքով, լարվածությունը պահպանվում է, թշնամին դեմ դիմաց նստած է։

Շատ տարածքներ գյուղացիները արդեն չեն էլ կարող գնալ։ Մերն է, թշնամունը չի, բայց իրենք էդտեղ նստած են։ Անորոշ, սպասողական վիճակ է։ Լարված վիճակը պահպանվում է։ Նրանք կրակում են, բայց օդ են կրակում։ Բայց էդ կրակոցն էլ խուճապ է առաջացնում։ Հենց դիտավորյալ էլ անում են, որ խուճապ լինի,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։