Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 10-ին կայանալու է ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովը: Ժողովի նախօրյակին «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:
— Առաջիկայում գումարվելու է ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովը: Ինչպիսի՞ ընթացակարգով է այն գումարվում եւ ի՞նչ նշանակություն ունի այն ՀՅԴ կառույցի համար:
— Համադաշնակցական մեր մեծ ընտանիքը շատ լավ է պատկերացնում, թե ինչ է նշանակում Շրջանային ժողով: Ես կփորձեմ մի քիչ փակագծերը բացել եւ հասարակությանը որոշակի տեղեկություններ փոխանցել: Շրջանային ժողովը յուրաքանչյուր երկու տարին մեկ հրավիրվող՝ տվյալ շրջանի կուսակցական կառույցի բարձրագույն ժողովն է, որի ընթացքում լսում են նախորդ Շրջանային ժողովի կողմից ընտրված Կենտրոնական կոմիտեի հաշվետվությունը եւ ճշգրտում առաջիկա անելիքները: Ժողովին մասնակցում են շրջաններից ընտրված ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՅԴ Բյուրոյից ներկայացուցիչ:
Այսպիսով, կայանալիք ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովի ընթացքում կճշգրտվեն ոչ միայն առաջիկա երկու տարիների մեր անելիքները, այլեւ գնահատական կտրվի նախորդ երկու տարիներին կատարած աշխատանքներին:
— Վերջին երկու տարին Արցախի համար լի էր փորձություններով, կորուստներով ու անիրական թվացող դժվարություններով՝ համապետական ընտրություններ, պատերազմ, տնտեսական ու քաղաքական ճգնաժամ: Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ Արցախի կառույցի դերը դրանց հաղթահարման գործում:
— Անշուշտ, դժվար է վերջին երկու տարիները համեմատել նախորդ շրջանների Կենտրոնական կոմիտեների երկամյա գործունեության հետ: Այս շրջանը կարող է որոշակիորեն համեմատվել 1991-1995թթ. ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի հետ, որն ուղեկցվում էր ոչ միայն պետականաշինության գործընթացի հիմքերը դնելով, այլ նաեւ ռազմական գործողություններով: 2019թ. հուլիսին գումարված մեր բարձրագույն ժողովի օրակարգային հիմնական հարցը առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններն էին: Ընտրություններից բացի, ինչպես միշտ, մեր ժողովների հիմնական օրակարգերից մեկը Արցախի հիմնահարցն է:
Մենք բազմիցս կրկնել եւ բարձրաձայնել ենք, որ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը զարգանում են հաղորդակից անոթների նման՝ համագործակցելով, միմյանց փոխլրացնելով եւ համապատասխան անվտանգային համակարգ ձեւավորելով: Մենք տեսնում էինք Հայաստանում առկա ներքաղաքական, նաեւ արտաքին քաղաքական ձախողումներ, որոնք կարող էին անմիջականորեն առնչություն ունենալ Արցախի Հանրապետության ապագայի հետ: Սրանց մասին հեշտ է խոսել հետադարձ հայացքով, բայց այդ ժամանակաշրջանում մենք առիթներ ունեցել ենք ոչ միայն մեր ներքին, այլ նաեւ արտաքին լսարանի համար այս տեսակետները բարձրաձայնել: Պատահական չէ, որ 2019-ին ընդունված որոշումների մեջ հստակ ընդգծվում էին օրեցօր ահագնացող մարտահրավերները Արցախյան հիմնահարցի կարգավորման առումով:
Արցախի ներքին քաղաքական դաշտի վրա լուրջ ազդեցություն էր թողել ՀՀ-ում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունը: Արցախի հիմնահարցը երկրորդական պլան էր մղվել. տպավորություն էր, որ մեր անվտանգային հարցերը կարեւոր չէին, եւ հասարակության մեջ ավելի գերիշխող եւ գերակայող էին դառնում սոցիալական խնդիրները: Հասարակությունը, մասնավորապես՝ տարբեր շրջանակներ ներկայացնող երիտասարդությունը փորձում էր նոր ուղղություն որդեգրել:
— 2020թ. համապետական ընտրությունների նախօրեին Դաշնակցությունը հանդես եկավ ԱՀ նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու առաջարկով: Ինչո՞ւ այդ նախաձեռնությունը չհաջողեց:
2019թ. ակնհայտ էին այն դասավորումները եւ վերադասավորումները, որոնք տեղի էին ունենում մեր քաղաքական դաշտում: Ծնվում էին նոր կուսակցություններ, որի նպատակն էր որոշակի փոփոխություններ մտցնել Արցախի քաղաքական ուղեգծի մեջ: Դաշնակցությունը, ունենալով բազմամյա փորձ, փորձում էր պառակտվող հասարակության մեջ միավորողի դեր ստանձնել: Այդ նպատակով հուլիսին, ՀՅԴ Շրջանային ժողովի ավարտից հետո հայտարարվեց, որ մենք փորձելու ենք նախաձեռնություն ցուցաբերել քաղաքական դաշտը միավորելու եւ նախագահի համաձայնեցված թեկնածու ունենալու համար՝ կանխատեսելով քաղաքական դաշտում պառակտման միտումները, որն թելադրված էր արտաքին ուժերի ազդեցությամբ: Այստեղ նաեւ իրենց տեղն ու դերն ունեին Հայաստանի գործող իշխանությունները:
Այսպիսով, 2019թ. օգոստոսին մենք հանդես եկանք համապատասխան հայտարարությամբ: Քաղաքական խորհրդատվություններ սկսելով տարբեր քաղաքական ուժերի հետ՝ փորձեցինք մեր դիրքորոշումները ներկայացնել դաշտում գործող հիմնական դերակատարների հետ: Ցավոք սրտի, մյուս քաղաքական ուժերի մոտ ապագայի մասին պատկերացումները սահմանափակ էին ու մակերեսային:
Համախմբման առումով մեր ջանքերն այդպես էլ արդյունք չտվեցին: Այդ մասին եւս հանդես եկանք հայտարարությամբ: ՀՅԴ Արցախի Արտահերթ ժողովը կայացրեց որոշում՝ առաջիկա համապետական ընտրություններին Դաշնակցությունը հանդես է գալու ԱՀ նախագահի սեփական թեկնածուով:
— 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք նախագահի թեկնածու էիք: Հետադարձ հայացք ձգելով՝ ընտրվելու պարագայում դուք կկարողանայի՞ք դիմագրել պատերազմին ու մյուս արհավիրքներին:
— Պոստ ֆակտում խոսելը հեշտ է: Դժվար էր պատկերացնել, թե մեզ ինչ է սպասվում: Եթե այսօր հետադարձ հայացքով փորձենք գնահատական տալ եւ խոսել մեր բացթողումների մասին, ապա դա հասարակության համար ընկալելի չի լինի, եւ այն որակվելու է որպես արդարացում: Բայց մեր կառույցին հաղորդակից մարդիկ, նաեւ պետական այրեր ու պետական տարբեր կառույցներ, որոնց մենք փորձում էինք մեր տեսակետները հաղորդել, կարող են վկայել, որ մենք ավելի կազմակերպված եւ ավելի արդյունավետ գործող պետական համակարգի կողմնակից ենք: Մենք ակնկալում էինք, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր իշխանությունը կցուցաբերի իմաստություն եւ խոհեմություն:
Հիշենք այն ժամանակահատվածը, որը նախորդեց 2020թ. գարնանը տեղի ունեցած համապետական ընտրություններին: Իշխանությունը թուլացած էր, հանրության մեջ փոփոխություններ տեսնելու միտումներն ավելի ակնառու էին ու օրախնդիր էր նոր իշխանության ձեւավորումը: Ի՞նչ ձեւով, ինչպե՞ս՝ կարծես թե երկրորդական էր: Մենք ակնկալում էինք, որ ձեւավորված նոր իշխանություններն ավելի խորքային մոտեցումներ կցուցաբերեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ 10-12 տարիներին նորընտիր նախագահը եւ իր թիմը իշխանության մաս էին եւ 2007թ. ի վեր վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուներն ու դերակատարներն էին, մեր բոլոր հաջողությունների եւ անհաջողությունների պատասխանատուները:
Ցավոք սրտի, ականատես եղանք, որ խորքային պատկերացումներ գոյություն չունեն: Հենց այդ օրերին Դաշնակցության եւ իշխանությունների միջեւ համատեղ կառավարություն կազմավորելու, կոալիցիոն գործընկերության ձեւաչափով միմյանց հետ համագործակցելու, ընդհուպ մինչեւ հուշագիր ստորագրելու երկխոսությունը չարդյունավորվեց: Սա այն շրջանն էր, երբ Արցախի հասարակության մեծամասնությունն իր քվեն տվել էր գործող իշխանություններին: Սա այն շրջանն էր, երբ նոր ձեւավորված իշխանությունը քննադատում էր նախորդ տասնամյակի իշխանությանը եւ փորձում բոլոր անհաջողությունների մեղքը եւ ծանրությունը դնել նախորդների վրա: Հասարակությունը նաեւ Դաշնակցությանն էր դիտարկում որպես «նախորդ» ուժ՝ երկրում բոլոր բացթողումների եւ չիրականացված ծրագրերի մեջ տեսնելով Դաշնակցության մեղքի բաժինը: Այո, մենք ունեցել ենք այդ պատասխանատվությունը մեզ տված վստահության չափաբաժնով, մինչեւ իսկ ավելի մեծ պատասխանատվություն ենք կրել ոչ միայն Արցախի ներքին կյանքում, այլ նաեւ արտաքին ճակատում: Ընդհանրության մեջ մենք զգում էինք ձեւավորված նոր իշխանությունների անպատասխանատվության աստիճանը:
— Մինչեւ 2020թ. գարուն՝ ՀՅԴ—ն Արցախում իշխանության մաս էր, 2020թ. համապետական ընտրություններից հետո դարձավ ընդդիմություն: ՀՅԴ կառույցն ինչպե՞ս ընդունեց այդ փոփոխությունը եւ ի՞նչ խնդիրների բախվեց:
— Մեզ համար նորություն չէ իշխանության մաս կազմելը կամ ընդդիմադիր ճակատում լինելը: 1991թ. սկսած՝ վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցությունը եղել է թե° ընդդիմադիր ճակատում, թե° իշխանական ճամբարում: Ընդդիմադիր, թե իշխանություն, Դաշնակցությունը միշտ մնացել է որպես Դաշնակցություն: Եթե որդեգրված քաղաքականությունը նպաստում է մեր ժողովրդի, պետության շահերին, ապա Դաշնակցությունը իշխանության մաս է, իսկ հակառակ պարագայում՝ ընդդիմություն:
Արցախում ձեւավորված ցանկացած իշխանություն ձգտում էր Դաշնակցության հետ համագործակցության եզրեր գտնել: Երբ տեսնում ենք, որ օրվա իշխանությունն ունի լուրջ բացեր եւ մեր սկզբունքային առաջարկները չի ընդունում, Դաշնակցությունը չի կարող այդ սկզբունքներից դուրս լինել եւ դրանց չհամապատասխանելով հայտնվել իշխանական համակարգում: Հենց այս գործելաոճից ելնելով՝ Դաշնակցությունն այժմ ընդդիմադիր ճակատում է: Ինչ կարգավիճակում էլ լինի Դաշնակցությունը, մեզ համար կարեւորը սկզբունքներն են, պետական եւ ազգային շահերի առաջմղումը: Մենք միշտ էլ գործել ենք հանունի սկզբունքով՝ հանուն պետության, հանուն պետականության եւ հանուն մեր ժողովրդի: Մի գաղտնիք հուշեմ. այն իշխանությունը, որին մաս է կազմել Դաշնակցությունը, ունեցել է հաջողություն ու ապահովել է երկրի զարգացումը:
— Ի՞նչ դեր խաղաց ՀՅԴ—ն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ:
— Ընդունված է ասել, որ Դաշնակցությունն էքստրեմալ պայմանների կառույց է: Մենք հայտնվեցինք գերէքստրեմալ վիճակում: Անշուշտ, Դաշնակցությունը չէր կարող այս հանգրվանում իր ամբողջական կառույցի հնարավորությունները չօգտագործել: Առաջին իսկ օրերից «Կամավորական շարժում» ՀԿ անդամներն Արցախում էին, իսկ նրանք ոչ միայն ՀՀ, այլեւ Սփյուռքի մեր կուսակիցներն էին, ովքեր՝ ինչպես 1990-ական թվականներին, ինչպես 2016-ին, իրենց առաքելությանը հավատարիմ՝ իրենց ներկայությամբ ամրապնդել են պաշտպանունակության համակարգը եւ հաջողություններ արձանագրել:
Այստեղ պետք է դիտարկել ոչ միայն պատերազմի դաշտը: Դաշնակցության անելիքները շատ-շատ էին ու են տարբեր ոլորտներում: Քաղաքական դաշտում տարբեր կառույցները, այդ թվում՝ նաեւ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ հանձնախմբերի, աշխարհի չորս կողմում են: Տեղեկատվական-քարոզչական դաշտում Դաշնակցությունը եւս իր համահայկական ցանցային կառույցով կարողացավ իր դերակատարումն ունենալ: Հօգուտ Արցախի աշխատում էին նաեւ ուղեկից կառույցները՝ ՀՕՄ, Համազգային եւ ՀՄԸՄ: Այս ամենով հանդերձ՝ մենք շատ պարզ գիտակցում եւ հասկանում էինք, որ հիմնական քաղաքական- դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական աշխատանքներին զուգընթաց՝ նաեւ մեր անմիջական ներկայությունն Արցախում շատ կարեւոր է: Մենք բազմիցս փորձել ենք Արցախի իշխանությունների, պատասխանատու տարբեր շրջանակների հետ ՀՅԴ Բյուրո, ՀՅԴ Արցախի ԿԿ հանդիպումներում ճշգրտել մեր անելիքները:
2016թ. ապրիլին շատ անմիջական եւ ազդեցիկ եղավ մեր համագործակցությունը: Բավականին մեծ ազդեցություն ունեցան Դաշնակցության քարոզչական լծակները միջազգային բեմահարթակում Ադրբեջանին որպես նախահարձակ ներկայացնելու հարցում: 2020թ. սեպտեմբերին մեր տեղեկատվական-քարոզչական մեխանիզմները լիարժեք չաշխատեցին: Նկատելի էր Դաշնակցության եւ պետական տեղեկատվական համակարգի համագործակցության բացակայությունը: Իհարկե, կարելի է հետադարձ հայացք ձգելով տարբեր գնահատականներ տալ, բայց ուզում եմ անդրադառնալ, որ այս պատերազմում մեր անհաջողությունների հիմնական պատճառը անկազմակերպվածությունն էր եւ պետական կառույցների ոչ լիարժեք գործունեությունը թե ԱՀ-ում, եւ թե ՀՀ-ում:
— Պատերազմից հետո ՀՅԴ—ն ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ պահանջել է ԱՀ նախագահի հրաժարականը: Այս հանգամանքը չի՞ խանգարում արդյոք ՀՅԴ ներուժը հանուն Արցախի հունավորելուն:
— Երբ ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարական, իշխանությունը պետք է հետեւություններ անի: Ցավոք սրտի, որեւէ քննադատության, այդ թվում՝ նախագահի հրաժարականի պահանջի ներկայացումը իշխող համակարգը ընկալում է որպես ՙթշնամանք՚: Իրեն քննադատող քաղաքական ուժերին իշխանությունը պետք է գուրգուրանքով վերաբերվի, իսկ այդ քննադատությունը, տվյալ պարագայում՝ հրաժարականի պահանջն իր մեջ տրամաբանություն է պարունակում: Նոյեմբերի 10-ին խորհրդարանական չորս խմբակցություններ պահանջել են ԱՀ նախագահի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի հրաժարականը՝ այս ամենը դիտարկելով որպես ապագային միտված հնարավորություն: Ցավոք սրտի, տարբեր բանակցություններով, քննարկումներով հանդերձ, հրաժարականի պահանջն իր արդյունքը չի տվել: Առաջին իսկ օրերից, ի տարբերություն ՀՀ-ի, մեր պայքարը փողոցային պայքարի չի վերածվել: Մենք առաջին իսկ օրերից գիտակցել ու գիտակցում ենք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փողոցային պայքարը:
Արցախի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ՝ մենք նաեւ մեր պատկերացումներն ունենք ապագա քայլերի մասին: Այդ հրաժարականի արդյունքում ընտրությունների կայացումը որոշակի դժվարություններ կարող էր առաջացնել կամ ընդհանրապես ընտրություններ չկայանային՝ կապված ներքին եւ արտաքին մի շարք խնդիրների հետ: Մենք գիտենք, թե ինչպիսի բարոյահոգեբանական վիճակում է գտնվում Արցախի ժողովուրդը, գիտենք, որ տարածքային եւ մարդկային մեծ կորուստների հետեւանքով ունենք ընտրական խախտված համակարգ: Մենք գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կարող էին ցուցաբերել արտաքին ուժերը: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշակի հետքայլ ենք արել՝ պայմանով, որ կունենանք կոլեգիալ կառավարման համակարգ: Նախնական փուլում մենք որոշակի համաձայնություններ էինք ձեռք բերել Արցախի գործող նախագահի եւ նրա քաղաքական թիմի հետ: Սակայն այդ պայմանավորվածություններն իրականություն չդարձան գործող նախագահի անհամաչափ քայլերի հետեւանքով: Մենք պարտավորվեցինք հաջորդող ամիսներին մեր տեսակետները սրբագրել:
— Ինչպե°ս կբնորոշեիք Արցախի քաղաքական դաշտը: Հաջողվո՞ւմ է արդյոք համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ:
— Կայացած քաղաքական ուժերի առկայության դեպքում է, որ կարելի է քաղաքական դաշտը կայացած համարել: Երբ քաղաքական դաշտը լցված է լինում տարատեսակ մարդ-կուսակցություններով, անհասկանալի խմբավորումներով, այդտեղ գործելը բավականին բարդ է: Վերջին 2-3 տարիներին Արցախի քաղաքական դաշտը, նորամուտներով հանդերձ, այդպես էլ չբյուրեղացրեց եւ չզարգացավ գործող քաղաքական համակարգը: Այն քաղաքական մշակույթը, որ պետք է կրեր յուրաքանչյուր քաղաքական ուժ, դեռեւս տեսանելի չեն նորաստեղծ քաղաքական ուժերի մոտ: Դրա վառ ապացույցը վերջին համապետական ընտրություններն են: Արցախի հասարակության տարբեր շերտերում առկա տրամադրվածություններն այդպես էլ իրականություն չդարձան: Այսօր մեր քաղաքական դաշտը դեռեւս կայանալու, բյուրեղանալու կարիք ունի: Շատ հեշտությամբ այս կամ այն քաղաքական ուժը իշխանությունների կամ այլ միջամտությունների հետեւանքով 180 աստիճանով կողմնորոշում է փոխում: Դաշտի կայացման համար պետք են համապատասխան նախադրյալներ՝ համապատասխան կուսակցական կառույցներ, քաղաքական ընկալումներ, նպատակ եւ այդ նպատակի իրականացման համար ռազմավարություն ու մարտավարություն:
Դաշնակցության համահայկականությունը հնարավորություն է տալիս տարբեր երկրներում գործող մեր կուսակցական կառույցների միջոցով լավագույն քաղաքական մշակույթը սերտել եւ հնարավորինս ներմուծել Արցախ: Մյուս կողմից, մեր 130-ամյա փորձառությունը, ավանդույթները լրացուցիչ հնարավորություն են տալիս այդ առումով: Բայց այդ ամենը դժվար է պատկերացնել, երբ դաշտում գործող քաղաքական միավորներն ունեն այս կամ այն շահերը, երբ հասարակության քաղաքական ինքնագիտակցությունն այնպիսին է, որ Դաշնակցությունն Արցախում 6-7% ձայն է ունենում: Մենք հավանաբար ունենք մեր մեղքի բաժինը, որ հասարակությանը չենք կարողացել լիարժեքորեն ներկայացնել Դաշնակցությունը, որի հետ 1990-ական, 2000-ական թթ. մեր հասարակությունը մեծ հույսեր էր կապում: Այսօր էլ հույսերը նորից կապվում են Դաշնակցության հետ: Դրա վառ ապացույցն ու վկան են 2020թ. համապետական ընտրությունների մեր քարոզարշավը, դրա վկան են ՀՀ-ում հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, որի հիմնական առանցքը հենց ՀՅԴ-ն էր ու դաշնակցական երիտասարդը: Այնուհանդերձ, մենք փորձում ենք մեր ունեցած հնարավորություններն ու մեր ունեցած քաղաքական ընդհանուր պաշարը տարածել նաեւ մյուս քաղաքական ուժերի վրա:
— Արդյո՞ք արդյունավետ եք համարում Դաշնակցության խորհրդարանական գործունեությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ գումարման ԱԺ—ում ՀՅԴ—ն ուներ 7 մանդատ եւ փոխնախագահի պաշտոն, իսկ հիմա 3 պատգամավորներով է ներկայացված, ովքեր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ են:
— 7-րդ գումարման Ազգային ժողովը համեմատելի չէ նախորդ գումարման Ազգային ժողովների հետ: Ինչպիսին հասարակության ընկալումներն են ու դրա հետեւանքով հասարակության ընտրությունը, այնպիսին էլ խորհրդարանն է: Դաշնակցության խորհրդարանական գործունեությունը չպետք է գնահատել մանդատների թվով: Կարեւորը գործունեության ուղղությունն է: Մեր խմբակցությունն իր հնարավորությունները լիարժեք չի օգտագործում խորհրդարանում, որովհետեւ գործունեության դաշտը եւ խորհրդարանում ստեղծված ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը բավարար չեն քննարկումները քաղաքական դարձնելու համար: Ինչպես իշխող ուժի պատգամավորներից մեկն է ասել՝ մեծամասնությունը քվեարկելու համար է, փոքրամասնությունը՝ խոսելու: Սրանով ամեն ինչ ասված է, եւ եթե հենց այդ մտայնությունն է առկա մեծամասնություն կազմող քաղաքական ուժի մոտ, այլեւս խոսելը եւ քննարկումների դաշտ բացելն անիմաստ է: Երբ հակառակ կողմում կա միայն կոճակ սեղմելու ընկալում, մյուս հարցերը երկրորդական են:
— Արցախյան վերջին պատերազմից հետո տարածքային հսկայական կորուստներն ազդել են ՀՅԴ Արցախի կառույցի վրա: Ի՞նչ վիճակում են բռնագրավված տարածքների կուսակցական ընկերները:
— Ինչպես երկիրը, այնպես էլ մեր կառույցը բավական լուրջ կորուստներ է ունեցել: Պատերազմի հետեւանքով կուսակցական ընկերներ են զոհվել, բազմաթիվ կուսակցականներ հարազատներ ենք կորցրել: Տարածքային կորուստների առումով՝ լուրջ հարվածի տակ է հայտնվել մեր կուսակցական կառույցը: Մենք նախաձեռնություններ ենք ցուցաբերել եւ փորձել զոհված ընկերների, հարազատների ընտանիքներին, նաեւ հաշմանդամների ընտանիքներին, տեղահանված ընտանիքներին մեր հնարավորության սահմաններում ցուցաբերել որոշակի աջակցություն: Բայց այդ ամենն, իհարկե, բավարար չէ:
— Դուք 2007 թվականից անընդմեջ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ եք ընտրվել: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունն այս ընթացքում:
— Դաշնակցությունը ներքին ժողովրդավարություն ունեցող կառույց է: Երբ հետադարձ հայացքով գնահատում ես 2007 թվականից անընդմեջ ընտրվելը, առաջին հայացքից բացասականն է ջրի երես դուրս գալիս: Ես այն անձը չեմ, որ կառչած է աթոռին, ես վերընտրվելու միտումներ չեմ ունեցել: Բայց քաղաքական զարգացումները պարտավորեցնող են եղել: Կարող եմ քաղաքական զարգացումները թվարկել՝ 2015թ. խորհրդարանական ընտրություններ, 2016թ. պատերազմ, 2017թ. Սահմանադրություն, 2020թ. համապետական ընտրությունների նախաշեմ եւ այլն:
14 տարի նույն պատասխանատվություն կրելը շատ ծանր բեռ էր: Այդ առումով, անկախ քաղաքական իրավիճակից եւ ներքին զարգացումներից, առաջիկա Շրջանային ժողովի արդյունքում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի պարտականություններում պետք է տեսնել այլ անձնավորության: Ես հասկանում եւ գիտակցում եմ օրվա պատասխանատու վիճակը, հատկապես հետպատերազմյան ծանր վիճակը, բայց, այնուհանդերձ, յուրաքանչյուր ոք իր պարտականությունները կարող է կատարել նաեւ այլ հանգամանքներում:
Այս ամենից բացի, ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ Դաշնակցությունը ղեկավարվում է հավաքական որոշումներով: Այս տարիների ընթացքում ԿԿ յուրաքանչյուր անդամ իր պատասխանատվության բաժինն է ունեցել: Ուզում եմ իմ երախտիքը հայտնել կուսակցական իմ ընկերներին, ովքեր դժվարին պահերին սատարել են կուսակցական աշխատանքներին՝ իրենց նվիրումով եւ պատասխանատվության իրենց բաժինը ստանձնելով: Վարձքներդ կատար, ընկերներ:
— Հետպատերազմյան շրջանում ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հարցի լուծումը, ո՞րն եք համարում ամենաառաջնային խնդիրն այդ առումով:
— Ադրբեջանական կողմն անընդհատ պնդում է, որ Արցախյան հիմնահարց այլեւս գոյություն չունի: Արցախում շատ լավ գիտակցում են, որ հարցը հանգուցալուծված չէ: Հարցի հագուցալուծումը կապված չէ ո°չ Ադրբեջանի իշխանությունների քմահաճույքի կամ պատերազմի արդյունքների, ո°չ էլ հայկական կողմի պարտության հետ: Արցախյան հիմնահարցին քաջածանոթ անհատները լավ են պատկերացնում Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի գիտակցումը, նրանց կամային հատկանիշները, սերունդներին նախնիներից ժառանգածը փոխանցելու կամքը: Բայց հարցն ունի շատ նուրբ կողմ: Արցախյան հիմնահարցի կարգավորման բանալին գտնվում է Արցախում: Տվյալ պարագայում՝ գուցե այդ բանալին ժամանակավորապես կորցրել ենք, այն մեզանից «գողացել են»: Ցանկություն, կամք, նպատակ ունե՞նք հանգուցալուծելու հարցը, եթե այո՝ կհաջողենք, ոչ՝ ուրեմն մենք ստիպված կլինենք համակեպվել գողացված բանալին այլեւս հետ չվերադարձնելու մտայնութան հետ: Բավականին բարդ շրջան ենք թեւակոխել, երբ քաղաքական, դիվանագիտական ուղիների կողքին նաեւ ռազմական լուծման տարբերակն է մեջտեղ եկել: Մեզ 1990-ականներին էլ պարտադրել են համակերպվել հարցի հագուցալուծման ոչ հայանպաստ տարբերակին, բայց մեր կամքը մեզ հաղթանակ է պարգեւել: Համոզված եմ, որ մենք ունակ կլինենք գիտակցումով եւ խոր ըմբռնումով մոտենալ հարցին եւ այն լուծել ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետականոթյան: Պետք է ներքին ինքնավստահություն, նաեւ՝ միմյանց նկատմամբ վստահություն: Խախտված է մեր առանցքը, համատարած անվստահության մթնոլորտ է, մեղավորների փնտրտուք եւ համազգային դեպրեսիա: Դաշնակցությունը հենց այն ուժն է, որտեղ այդ կրակը վառվելու հնարավորությունը կա, Դաշնակցությունը կարող է դառնալ առանցք:
— Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՅԴ դերը հետպատերազմյան Արցախում:
— Դժվար է Արցախի ապագան պատկերացնել առանց Դաշնակցության: Արցախի ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները շատ մոտ են Դաշնակցության սկզբունքներին ու ավանդույթներին: Պատահական չէ, որ տարիներ ի վեր մենք հռչակել ենք մի կարեւոր կարգախոս՝ Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են: Սա միայն խոսքեր չեն: Այն ժամանակ, երբ Դաշնակցությունն Արցախում լիարժեք դերակատարություն ուներ, հաջողությունները մեզ ուղեկից էին: Մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի կուսակցություն, բայց անվտանգության բաղադրիչների ապահովումն առանց Դաշնակցության լիարժեք մասնակցության՝ դժվար է պատկերացնել: Սա վերաբերվում է թե՛ ժողովրդի հոգեբանական վիճակին, թե° պետական կառավարման համակարգին, թե՛ հանրության սոցիալ-տնտեսական վիճակին: Այն փորձն ու փորձառությունը, որ մենք ունենք որպես համաշխարհային կառույց, կարելի է օգտագործել, լրացնել այն բացերը, որ առկա են պետական համակարգում:
— Արցախի վերականգնման ու զարգացման գործում ի՞նչ ներդրում կարող են ունենալ ՀՅԴ ուղեկից կազմակերպությունները:
— ՀՄԸՄ-ն որպես մարզական-սկաուտական, Համազգայինը որպես մշակութային միություն, մեր պետական օղակների բացը լրացնելու առաքելություն ունեն: Պետականություն չունենալով հանդերձ՝ Սփյուռքում համակարգ է ձեւավորվել, որն ապահովում է Սփյուռքի կենսագործունեությունը: Չմոռանանք նաեւ, որ ՀՕՄ-ը ՄԱԿ-ում գրանցված միակ հայկական բարեգործական կազմակերպությունն է, այդ հնարավորություննները կարող ենք օգտագործել Արցախում: Այսօր ունենք բռնի տեղահանվածներ, փախստականներ, որոնք չունեն փախստականի միջազգային կարգավիճակ: ՀՕՄ-ը կարող է ոչ միայն սոցիալական ծրագրեր իրականացնել, այլ նաեւ նպաստել բռնի տեղահանվածների, պատերազմի հետեւանքով ֆիզիկական արատ ունեցողների իրավունքների պաշտպանությանը:
Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ