կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 16:55
Քաղաքական

Չեմ կարծում` Արցախյան հիմնահարցի կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է. Աշոտյան

Չեմ կարծում` Արցախյան հիմնահարցի կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է. Աշոտյան

ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը չի կարծում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում Արցախյան հիմնահարցի կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է: Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովում, պատասխանելով ներկաներից մեկի` տարածքների հանձնման վերաբերյալ հարցի, Աշոտյանն ինքը հարցրեց, թե արդյո՞ք հիշում ենք` խորհրդարանական ընտրություններում Հայաստանում քանի քաղաքական ուժ էր իր նախընտրական քարոզարշավի ծրագրում ընդգրկել Արցախի հիմնախնդիրը:

«Միայն երեք քաղաքական ուժ էր այս կամ այն ձևով անդրադարձել Արցախյան հիմնահարցին` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Այսինքն` խնդիրը մի իմաստով շատ արդիական է` բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի, նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չորակվեց»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց նաև, որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը: Ըստ Աշոտյանի` այսօրվա բանակցությունները համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների կատարման շուրջ են:

«Այսօր բանակցություններ են բանակցությունների մասին: Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում` իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իսկ դա այն է, ինչը հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք: Այսօր թիվ մեկ խնդիրն է պարտադրել Ադրբեջանին` կատարել իր պարտականությունները: Մեզ համար սա նույն պրոցեսի մասնիկներն են. չի կարելի բանակցել մի կողմի հետ, որը չի կատարում իր պարտականությունը»,-ասաց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է հանրության բուռն արձագանքին Արցախյան հիմնահարցին` Աշոտյանը նշեց, որ բնական է հասարակության ցասումային ռեակցիան, երբ խոսքն Արցախի մասին է: «Ես կտխրեի, որ նման արձագանք չլիներ»,- նշեց պատգամավորը: