կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 13:08
Հասարակություն

Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ. ԿԳՄՍՆ

Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ. ԿԳՄՍՆ

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ:

Ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են:

Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից` 89, Արամավիրի մարզից` 101, Գեղարքունիքից` 116, Կոտայքից` 112, Լոռիից` 126, Շիրակից` 137, Սյունիքից, Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչներ:

Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին:

Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ:

Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել սույն թվականի հուլիսի 6-13-ը։

Պահանջվող փաստաթղթերն են․

դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,

տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),

բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

 Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, Հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 07-Լ հրամանով հաստատված «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգի»:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման օրերը կսահմանվեն մինչև օգոստոսի 20-ը և կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքերում: Առարկայական գիտելիքների ստուգման քննությունները կանցկացվեն սեպտեմբերին։