Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայաստանը դեռեւս պատրաստ չէ ԳԱԱ ինստիտուտների՝ բուհերի հետ միավորմանը, դեռևս չպետք է շտապել, պետք է լավ ուսումնասիրել բոլոր հնարավորությունները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով նոր օրենսդրությամբ Ակադեմիայից գիտահետազոտական ինստիտուտներն առանձնացնելու և, ըստ ցանկության, բուհերին միավորելու կարգավորումների մասին։
«Ակադեմիան այնպիսի բարդ, փխրուն կառույց է, որ արագ գործելն իմաստ չունի։ Պետք է շատ լավ ամեն ինչ ուսումնասիրել՝ բոլոր «կողմ»-երը, բոլոր «դեմ»-երը, նոր հետո փորձել ինչ-որ բարենորոգումներ անել»,-ասաց նա։
Ռուբեն Սաֆրաստյանը բերեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համագործակցության օրինակը․ առանց միավորվելու էլ շատ արդյունավետ գործակցում են՝ ակադեմիայի մասնագետները դասախոսություններ են կարդում բուհում, համատեղ գիտական միջոցառումներ են կազմակերպում, ուսանողները պրակտիկայի են գնում ինստիտուտ։
«Համագործակցությունը նորմալ կա, իմաստ չունի միանգամից միացնել։ Ճիշտն ասած՝ ես դրա իմաստն ընդհանրապես չեմ տեսնում, բայց հետագայում գուցե ինչ-որ դրական կողմեր կերևան։ Ներկա փուլում համագործակցություն կա, շատ լավ, կարող ենք ավելի խորացնել, ավելի կատարելագործել, բայց եթե մենք ունենք ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ի՞նչ վատ բան կա դրանում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Մինչդեռ, ԳԱԱ կազմում, նրա համոզմամբ, գիտահետազոտական ինստիտուտների կոորդինացված աշխատանքն է ապահովվում, որը կատարում է Ակադեմիայի նախագահությունը իր բաժանմունքների միջոցով։
«Հիմա դա քանդելու իմաստը ես չեմ տեսնում, ինչո՞ւ քանդել, ի՞նչ դա կտա ինստիտուտներին․ այստեղ կարելի է ինչ-որ բարենորոգումներ անել բարենորոգումների համար, բայց իմաստը ես չեմ տեսնում։ Ես ինստիտուտի տնօրեն չեմ, ավելի անկախ եմ խոսում․ ինստիտուտներն ունեն հնարավորությւոն համագործակցելու և՛ միմյանց հետ, և՛ համալսարանական ֆակուլտետների հետ, և՛ արտասահմանյան գործընկերների հետ, պայմանագրեր ստորագրելու համատեղ գիտական գործունեության վերաբերյալ, այդ ամբողջ աշխատանքը արվում է։ Հիմա կառավարման համակարգում ինչ-որ բարենորոգումներ եթե իրականացվեն, պետք է շատ լավ մտածել՝ արդյո՞ք դրանք կտան դրական էֆեկտ, թե՞ ընդհակառակը ավելի վատ վիճակի մեջ կդնեն, շտապելու բան չկա»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինստիտուտները օպտիմալացման անվան տակ փակելուն ևս ակադեմիկոսը դեմ է․ կարելի է սեփական ծախսերը հոգալու համար գումար աշխատելու հնարավորություն տալ։
«Ինստիտուտները իրենց աշխատակիցների միջոցով կատարում են տարբեր ծրագրեր, նրանք ստանում են և՛ բազային, և՛ թեմատիկ ֆինանսավորում։ Նաև կարող են ստանալ արտասահմանյան գործընկերներից ֆինանսավորում։ Հնարավորություններ կան, ուղղակի ինստիտուտները տարբեր են լինում՝ որոշ ինստիտուտներ ակտիվ են, որոշ ինստիտուտներ ավելի քիչ ակտիվ են։ Դա նորմալ գործընթաց է՝ Խորհրդային Միությունը չէ, որ միայն պետական ֆինանսավորման վրա հույս դնեն, եթե հնարավորություն կա տարբեր դրամաշնորհների մասնակցել, տարբեր ֆելոուշիփերի, սքոլարշիփերի, ինչո՞ւ չօգտագործել՝ և՛ որպես թիմեր, և՛ գիտանակնները որպես անհատներ, ի վերջո, դրանք բոլորն էլ նպաստում են գիտության զարգացմանը»,-ասաց նա։
Ռուբեն Սաֆրաստյանը համամիտ է, որ գիտության ֆինանսավորումը բազային առումով պետք է ավելանա, նաև արտաբյուջետային տարբեր տեսակի համագործակցության հնարավորությունները պետք է օգտագործվեն, ամեն ինչ պետք է օգտագործվի գիտնականների աշխատավարձը բարձրացնելու համար։
«Որովհետև ցածր է, գիտե՞ք, իսկապես ցածր է, գիտական աշխատանքը երիտասարդների համար կորցրել է գրավչությունը, պետք ընտանիք ստեղծեն, իսկ միայն գիտությամբ զբաղվելու աշատավարձը շատ ցածր է, պետք է բարձրացնել։ ՀՆԱ-ի 0,25 տոոկսն է տրամադրվում գիտությանը, պետք է շատ ավելի մեծ տոկոս տրամադրվի։ Օբյեկտիվ անհարժեշտություն է»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի մտադրությանը՝ վերցնել բուհերի շենքերն ու մայրաքաղաքից դուրս գիտավան կառուցել, Ռուբեն Սաֆրաստյանին ծանոթ գաղափար է այլ երկրների փորձից, բայց համարում է, որ մեր երկիրն այդ վիճակում չէ, վաղ է այդ մասին խոսելը, ավելի լավ է պահպանել այն, ինչ ունենք, փորձել դա կատարելագործել, և հետո արդեն մոտենալ այդ մեծ պրոյեկտների իրականացմանը, մանավանդ որ, դրանք մեծ նախագծեր են, մեծ ներդրումներ են պահանջում, դրսից հավանական ներդրումներ։
ԵՊՀ «Սև շենքը» վերցնելու և վաճառելու գաղափարը Ռուբեն Սաֆրաստյանին դուր չի գալիս։ Հիշում է՝ երբ ինքը շատ փոքր էր, իր պապիկը, որն Արևելագիտության ինստիտուտում էր աշխատում, իրեն հետը տանում էր ինստիտուտ՝ ակադեմիայի այն հին շենքը, որը քանդեցին։
«Եվ և դա լավ չէ, գիտությունն այնպիսի երևույթ է, որ սիրում է ավանդույթներ, դասականություն, գոնե աչքի համար տեսանելի, իհարկե, գիտությունը պետք է զարգանա, գերժամանակակից լինի բոլոր գործիքակազմերով, բայց տեսանելի ավանդույթը կարևոր է, որ լինի դասական, դա է գնահատվում գիտության մեջ և շարունակականությունը։ Եթե «Սև շենքը» հնարավոր լինի պահել Համալսարանի համար, ես միայն դա կողջունեմ»,-ասաց նա։
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի ընտրությունը Ռուբեն Սաֆրաստյանը դրական է գնահատում, ասում է՝ ընտրվել է մրցակցային պայմաններում, ունեցել է երկու ախոյան և հաղթել է։
«Իր անձի հետ կապված՝ ես նրան գիտեի, բայց երբ ընտրում էին՝ ավելի ծանոթացա իր կենսագրությանը․ ինձ մոտ հետևյալ տպավորությունն է ստեղծվել՝ որ նա մի կողմից բավական ակտիվ գիտնական է, ստացել է մի քանի կարևոր մրցանակներ, այդ թվում, եվրոպական մակարդակի, բայց, բացի դրանից, նաև գիտութունը և արտադրությունը համատեղելու ունակություն ունի՝ շատ գիտնականներ դա չունեն, և՛ ճանաչված գիտնական է, և՛ կարողանում է գիտության արդյունքները տանել դեպի արտադրություն, պրակտիկ աշխարհ, իսկ դա ներկա պայմաններում մեր Ակադեմիայի համար կարևոր է։ Ընտրությունը գնահատում եմ դրական, մնում է՝ Աշոտ Սաղյանը լավ աշխատի, և այն վստահությունը, որ հիմա ունի, է՛լ ավելի ամրապնդի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Կկարողանա՞ արդյոք Ակադեմիայի նոր նախագահը հնարավոր օտարումից փրկել ԳԱԱ գլխավոր մասնաշենքը, Ռուբեն Սաֆրաստյանը լիահույս է, որ կկարողանա՝ պետք է ջանք չխնայի դրա համար։
Աննա Բալյան