Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 29-ին կայացել է ԱՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման օրակարգով:
Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Օրինագծի վերաբերյալ պատգամավորները հարցեր են ուղղել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին և ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանին: Վերջինս չի կարողացել լիարժեք պատասխանել պատգամավորների հարցադրումներին:
Մտքերի փոխանակության ժամանակ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ օրինագիծը անորոշություններ է պարունակում և առաջարկել են հետաձգել քվեարկությունը՝ այն բարելավելու համար:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ տեղահանվածների հարցերի լուծումը չպետք է հանգեցնի ամենաթողության: «Բազմաթիվ խնդիրներ են առաջանալու օրենքի կիրարկման ընթացքում: Չպետք է թողնել, որպեսզի լրամշակման կարիք ունեցող օրենքը հետագայում կամ կառավարության որոշմամբ կամ այլ ենթաօրենսդրական ակտերով կարգավորվի: Խնդրահարույց հարցերը պետք է առաջնահերթորեն լուծել»,- ասել է պատգամավորը:
Ընդդիմադիր երեք խմբակցությունների անունից ունեցած ելույթում պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշել է, որ օրինագծի քննարկման էությունը ցույց է տալիս, որ այն լրամշակման կարիք ունի:
«Քննարկումների և հայտնած տեսակետների մեջ երբեմն միտում կար տպավորություն ստեղծելու, որ իշխանությունը կամ կառավարությունը այս նախագիծը բերելով նպատակ ունի մեր տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովել և ընդդիմությունը ինչ-ինչ հարցերում փորձում է ընդդիմանալ: Ամենևին այդպես չէ: Ընդդիմության հորդորն այն է, որպեսզի ավելի առողջ և լիարժեք օրինագիծ լինի: Ինչքան էլ հասկանալի լինի առաջարկվող նախագծի հիմքում դրված գաղափարը, որը միտված է տեղահանված բնակչության բնակարանային պայմանների մասնակի լուծմանը, այնուամենայնիվ ներկայացվող նախագիծը իր մեջ պարունակում է վտանգներ: Ինչքան էլ իրավական ձևակերպումներով սա չի վերաբերում սեփականության իրավունքի խախտմանը, այնուամենայնիվ, նախագիծն այս տեսքով մեր երկրում մարդու իրավունքների՝ տվյալ պարագայում սեփականության իրավունքի ամբողջական իրացնելու սահմանափակում է պարունակում:
Ամբողջ աշխարհում ընդունված է պահպանել զգուշավոր վերաբերմունք սեփականության իրավունքի նկատմամբ և սա այն բնագավառն է, երբ մարդը լուրջ մոտիվացիա է ունենում անձնական հաջող տնտեսական գործունեություն վարելու համար: Գաղտնիք չէ նաև, որ սեփականության իրավունքի հանդեպ պետական ճիշտ վերաբերմունքը շատ կարևոր պայման է ներդրումային միջավայր ապահովելու գործում: Տեղահանված բնակչության սեփականության իրավունքն արդեն իսկ խախտված է և այս հարցի լուծումը կապել բնակչության այլ հատվածի սեփականության իրավունքի սահմանափակման հետ, կարծում եմ, լավագույն լուծման տարբերակը չէ: Հարցի քննարկման ժամանակ բազմիցս նշել ենք, որ այս ձևով օրենքի ընդունումը մարդկանց դրդելու է սեփականության իրավունքի ֆիկտիվ վերագրանցումներ անել և օրենքի թիրախային խմբերի շրջանակներից դուրս գալ:
Մենք առաջարկում ենք, որպեսզի կառավարությունը լրամշակման համար հետ վերցնի նախագիծը և այն ներկայացնի լրացուցիչ քննարկումներից և համաձայնեցումից հետո: Դրան զուգահեռ գտնում ենք, որ պետք է արագ թափով շարունակել բնակարանային շինարարությունը և լրացուցիչ միջոցներ գտնել տեղահանված բնակչության բնակարանային խնդիրների լուծման համար: Օրինագծին այս տեսքով մենք չենք կարող կողմ քվեարկել»,- իր խոսքում ասել է Գ. Ստեփանյանը:
Օրինագծի հեղինակը չի ընդունել այն լրամշակելու տարբերակը, նախագծերը դրվել են քվեարկության և ընդունվել 24 կողմ ձայնով: Ընդդիմադիր երեք խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: