կարևոր
3637 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 17:34
Քաղաքական

Մի ամբողջ ակադեմիայի ճակատագրի հետ խաղալու և նրա ապագան հարցականի տակ դնելու ՔՊ-ական քաղաքականությունը․ Լիլիթ Գալստյանի հայտարարությունը

Գիտությունների Ազգային Ակադեմիան վերակազմակերպելու և որոշ գիտական ինստիտուտներ բուհեր-ին միացնելու մասին վերջերս հնչող մտքերն ու քննարկումները խիստ տագնապեցնող են: Կարելի էր Հայաստանում գիտության կազմակերպման մոդելի շուրջ քննարկմանը բնականոն վերաբերվել, եթե  ինչպես ասում են՝ տառապանքը փորձ չունենար և շարունակ չբախվեինք առանց  համակողմանի քննարկման, մասնագիտական և հանրային կարծիքն արհամարհող ճակատագրական որոշումների կայացման: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայսատան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Անհերքելի է, որ Հայաստանում թե՜ գիտության, թե՜ կրթության ոլորտներում բովանդակային  և որակական փոփոխությունների,  հատկապես պետական քաղաքականության մեջ առաջնահերթություններ սահմանելու անհրաժեշտություն կա:

Սակայն ՀՀ կրթության մինչև 2030թ. ռազմավարության մեջ ամրագրված ընդամենը մեկ՝ «ըստ ուղղությունների պետական բուհերի խոշորացում և գիտական ինստիտուտների հետ միավորում» նպատակադրումը դեռ մի ամբողջ Ակադեմիայի ճակատագրի հետ խաղալու և նրա ապագան հարցականի տակ դնելու հիմք չէ: Ի վերջո բոլորովին վերջերս բախվեցինք Բրյուսով-Գյուղ և ֆիզկուլտ ինստիտները միավորելու խիստ խոցելի, բացահայտ ապօրինի օպերացիային:

Ակնհայտ է՝ ՀՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադրումով է Հայաստանում անեևակայելիորեն զարգացել գիտական միտքը, Հայաստանը դարձել ճանաչելի:  Անգամ Ակադեմիայի շենքն իր ճարտարապետությամբ և դիրքով խոսում է օրվա  իշխանությունների քաղաքական արժեքների համակարգում գիտության կարևորության մասին»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, երբ չկան ձեռքբերումների և հնարավոր ռիսկերի հաշվարկները, պետությունը չի հստակեցրել իր նպատակներն ու ռազմավարությունները,  ակադեմիան վերակազմավորելու մասին ԿԳՄՍ պաշտոնյաների կողմից շրջանառվող մտքերը վտանգավոր են և  տասնամյակներով ստեղծված կառույցն՝ իր գիտական ահռելի ժառանգությամբ և ներուժով կարող է պարզապես փոշիանալ:

«Ի վերջո, աշխարհաքաղաքական տվյալ միջավայրում  Հայաստանը պիտի սահմանի, թե գիտությունն ինչպես է բավարարում երկրի կարիքներն և առաջնահերթությունները, արդյունավորում մարդկային կապիտալի զարգացումը:

Այս հարցերի ողջ շրջանակը չի ներառում նաև ԵՄ ուսումնասիրությունը: Ի վերջո ինչու չընտրել էվոլյուցիոն զարգացման ճանապարհը, նաև չհիշել, այդ զեկուցման հիմնավոր ահազանգը, թե ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում Ակադեմիկան համակարգի չակերտավոր բարեփոխումն ինչ անդառնալի հետևանքներ ունեցավ»,- ասաց նա:

Քաղաքական գործիչը համոզմունք ունի, որ Բուհ-երն ուժեղացնելու խոցելի հիմքով հատկապես ՀՀ ԳԱԱ Լեզվի, պատմության, գրականության և հումանիտար մի շարք ինստիտուտների միավորումը Բուհերին, ոչ միայն չի բխում երկրի շահերից, այլև ծրագրավորված հարված է մեր ինքնութենական արժեքներին․

«Այո, սրանք պատահական ոլորտներ չեն, այս՝ հայագիտական և հումանիտար գիտությունների դաշտում են ձևավորվում և սնվում ազգային արժանապատվությունը, մտածողությունն ու արժեհամակարգը: ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել ԳԱԱ բոլոր ինստիտուտների որոշումներին՝ որոնք իրենց սկզբունքային անհամաձայնությունն են  հայտնել ՀՀ ԳԱԱ-ն վերակազմակերպելու ՀՀ ԿԳՄՍ չհիմնավորված նպատակադրման դեմ»,- ասաց նա: