կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-23 17:57
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մի ժամվա մեջ քանդվեց ամեն ինչ․ նեւրոզների կլինիկայում բունտ է, հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանին ազատել են տնօրենի պաշտոնից

Պետական գույքի կառավարման կոմիտեն աշխատանքից ազատել է Քասախի նեւրոզների կլինիկայի տնօրեն, հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանին եւ կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ռենտգենոլոգ Գրիգոր Աստվածատրյանին։

Yerkir.am-ն այսօր ահազանգ ստացավ Քասախի նեւրոզների կլինիկայում բուժվող քաղաքացիներից, որ ապօրինաբար, առանց պատճառի աշխատանքից ազատում են կլինիկայի տնօրեն, ճանաչված եւ հարգված հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանին։ Կլինիկայում բուժում ստացող պացիենտներն ասում են՝ Հակոբյանին աշխատանքից ազատել են քաղաքական դրդապատճառներով։

Ի դեպ, կլինիկան գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։

Պացիենտնեը պատմեցին, որ ընտրություններից մեկ օր առաջ հիվանդանոց են այցելել քրեականի մի խումբ աշխատակիցներ։ «Ամսի 19-ին քրեականից վեց հոգի եկավ, հարցնում էին՝ դիմե՞լ եք, որ ընտրություններն այստեղ լինեն։ Ասացինք՝ չէ, մենք գիտենք, որ պիտի լինի։ Ընտրությունների օրը եկավ, քվեատուփը բերեցին, մենք, կարգը պահելով, ընտրություն արեցինք։ Էսօր՝ մի ժամ առաջ, իմացանք, որ տնօրենին հեռացնում են։ Ամսի 19-ին եկել են այդ հարցն են տվել, 20-ին ընտրություն ենք կատարել, մի ժամ առաջ էլ իմացանք, որ մեր բժշկին են ազատում աշխատանքից»,- պատմում է պացիենտներից մեկը։

Վստահեցնում են՝ Ցոլակ Հակոբյանը ոչ մի անգամ չի ասել՝ ում ընտրել։

Ցոլակ Հակոբյանին ազատելուց անմիջապես հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ռենտգենոլոգ Գրիգոր Աստվածատրյանին։ Պացիենտները, լսելով, որ նեւրոզների կլինիկայի նորանշանակ տնօրենը ռենտգենոլոգ է, հարցրին՝ իսկ ինքը հոգեբանության հետ որեւէ կապ ունի՞։ Աստվածատրյանն էլ ի պատասխան ասաց՝ իսկ դա ի՞նչ կապ ունի։ Նա նշեց, որ իրեն Պետական գույքի կառավարման կոմիտեից են հրավիրել կլինիկայում աշխատելու, ինքը բուժում չի իրականացնելու, բժիշկներն են բուժելու։ «Ես ինքս չեմ բուժում, բուժում են բժիշկները։ Բայց դուք կարաք անհոգ լինեք»,- պացիենտներին ասաց Աստվածատրյանը։ Ցոլակ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչու են իրեն հեռացրել աշխատանքից։ «Պետգույքի կառավարման կոմիտեն իրավունք ունի փոփոխություններ մտցնելու, ուրիշ բացատրություն չկա, ես ոչինչ չգիտեմ։ Բաժնետոմսերը նրանց ձեռքում են»,- նշեց նա։

Կլինիկայում բուժում ստացող քաղաքացիները մտավախություն ունեն, որ շենքը շուտով կմասնավորեցնեն, բուժումն էլ կդարձնեն վճարովի։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան