Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող ցանկացած գործով ցանկացած քննություն ու բացահայտում լինելու է նրա օգտին. լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:
Նա հաստատեց, որ Քոչարյանը ստացել է վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու` ՀՔԾ ծանուցագիրը։
Նշենք, որ այս պահին Քոչարյանը գործով ներգրավված է որպես վկա: Իսկ ահա նրա պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը մեղադրյալ է։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Հարցին` մտավախություն չունե՞ն, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են ներգրավել որպես կասկածյալ և մեղադրյալ, Սողոմոնյանը պատասխանեց. «Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ որոշումներով, ո՛չ ՍԴ որոշումներով։ Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը, նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով, տապալել է։ Սա ծաղր է օրենքի նկատմամբ»։
Նա հավելեց, թե չի հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբան:
Ինչ վերաբերում է բանակը քաղաքական գործընթացներում օգտագործելու վերաբերյալ խոսակցություններին, Սողոմոնյանն ընդգծեց, որ Սահմանադրությունն ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է տեսնել, Սահմանադրության մեջ տեսնում է այն, ինչն ուզում է տեսնել։ Նա հորդորեց ուշադիր կարդալ 2005 թվականի Սահմանադրությունը, մասնավորապես՝ զինված ուժերին վերաբերող հատվածը, նախագահի լիազորությունները, համադրել փաստահավաք խմբի փաստերի հետ։ «Կտեսնեք, որ ակնհայտ փաստեր ուղղակի անտեսված են։ Այսինքն՝ պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է։ Իսկ այդպիսի նպատակներն ակնհայտ են, դրանց գոյությունը քննարկումից դուրս է։ Չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ»,- ասաց Սողոմոնյանը։