կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 11:47
Հասարակություն

ԵՄ դրամաշնորհ՝ ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարության իրականացման համար. ԿԳՄՍՆ

ԵՄ դրամաշնորհ՝ ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարության իրականացման համար. ԿԳՄՍՆ

ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» («EU4Culture») ծրագիրը հայտարարում է մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Դրամաշնորհին կարող են դիմել Հայաստանի 15000 կամ ավելի բնակչություն ունեցող և մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքները: Նախնական փուլում կընտրվեն հինգ քաղաքներ՝ ամբողջական հայտի մշակման համար ստանալով մինչև 1000 եվրոյի դրամաշնորհ: Յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեք քաղաքներ կստանան 30.000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Վերջնական փուլում յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300.000 եվրո դրամաշնորհ` ռազմավարության իրականացման համար:

Ինչպե՞ս դիմել

Դիմորդներին առաջարկվում է գրանցվել և ներկայացնել Գյոթե ինստիտուտի հայտերի պաշտոնական պլատֆորմում (GAP):

Ընթացիկ փուլում պետք է ներկայացվեն միայն հայեցակարգային առաջարկներ: Հայտը կարող է լրացվել ինչպես անգլերեն, այնպես էլ մասնակից երկրների պետական լեզուներով:

Հայեցակարգերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 30-ն է:

Հայտադիմումների փուլերը և ֆինանսավորումը

Առաջարկների կանչ (հայեցակարգի առաջարկ)

Մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքները հրավիրվում են ներկայացնելու իրենց ընդհանուր հայեցակարգը:

Առաջարկների մրցույթ (ամբողջական հայտ)

Հայեցակարգային առաջարկ ուղարկած քաղաքներից կընտրվեն առավելագույնը հինգ քաղաք (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել ամբողջական հայտը: Ընտրված դիմորդ-քաղաքները կստանան առավելագույնը 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտը պատրաստելու համար:

Մշակութային զարգացման ռազմավարության պատրաստում

Ամբողջական հայտը ներկայացրած դիմորդ քաղաքներից կընտրվեն առավելագույնը երեք քաղաք (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել և ներկայացնել իրենց մշակութային զարգացման ռազմավարությունը: Ընտրված քաղաքներն առավելագույնը 30,000 եվրոյի չափով կստանան դրամաշնորհ` մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար:

Իրականացման փուլ

 Յուրաքանչյուր երկրից ընտրված մեկ քաղաքի կշնորհվի դրամաշնորհ առավելագույնը 300,000 եվրոյի չափով` իր մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար:

Գործողության վերջնական նպատակն է՝ մասնակցային մոտեցման և պետություն- մասնավոր հատված երկխոսության վրա հիմնված մշակութային զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման միջոցով բարձրացնել մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ միաժամանակ պահպանելով և զարգացնելով բազմամշակութայնության և բազմաէթնիկականության սկզբունքները:

Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի հզորացմանը:

Հայտամրցույթի բոլոր մանրամասները հասանելի են հղմամբ: